HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արման Թաթոյան․ «Շուռնուխում Ստյոպա Մովսիսյանի տունն ու անասնագոմը բաժանվել են երկու մասի»

Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ գյուղը ճանապարհով բաժանվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև, ինչի հետևանքով գյուղի բնակիչ Ստյոպա Մովսիսյանի տունն ու անասնագոմը ևս բաժանվել են երկու մասի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոսյանը։ Առավել խնդրահարույց է այն հանգամանքը, որ Մովսիսյանի տան բակում տեղակայված է Հայաստանի սահմանապահ զորքերի վերակարգը։ ՄԻՊ-ը հարց է բարձրացնում, թե այս դեպքում Մովսիսյանն ինչպե՞ս է օգտվելու իր իրավունքներից։

Սահմանների որոշման գործընթացի շրջանակներում ՄԻՊ աշխատակազմի իրականացրած մոնիտորինգը բազմաթիվ խնդրահարույց դեպքեր է արձանագրել, և սա դեպքերից մեկն է։ Արման Թաթոյանն ասում է, որ այս իրավիճակի պատճառը սահմանների որոշման գործընթացում մեխանիկական մոտեցումների կիրառումն է։

«Սահմանների որոշման գործընթացը չի կարող ընթանալ մեխանիկական մոտեցումներով»,- ասաց Արման Թաթոյանը և նշեց, որ այս գործընթացում տարբեր տեսակի քարտեզներ են կիրառվում, դրանց մեջ որպես գլխավոր կիրառվողներ՝ նշվում են GPS կամ Google քարտեզի համակարգը։ Google-ն, ինչպես հայտնի է, մասնավոր կազմակերպություն է։ Թաթոյանն ասում է, որ իրենք ուսումնասիրություններ են կատարել, և պարզվել, որ այլ մասնավոր կազմակերպությունների քարտեզներում, օրինակ՝ Apple-ով, Yandex քարտեզով, Շուռնուխ գյուղը ամբողջությամբ հայկական է երևում։

ՄԻՊ-ը նաև այլ խնդիրներ է ներկայանում։

Հայաստանի ճանապարհների տարբեր հատվածներ ադրբեջանական վերահսկողության ներքո են, և այնտեղ ադրբեջանական դրոշներ են։ Օրինակ՝ Գորիսից Որոտան, Շուռնուխ ու Կապան և այլ բնակավայրեր տանող 68 կմ-անոց ճանապարհի 21 կմ-ն գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո, և ադրբեջանցի զինվորները այդ ցուցանակների տեղադրումը, դրանց հետ կապված գործընթացներն իրականացնում են բացահայտ սադրանքով։ Տեղի բնակիչների պատմածով՝ նրանք զենքի բացահայտ ցուցադրությամբ կարող են հայտնվել ճանապարհների վրա, կանգնել ու դիտարկում իրականացնել։ Թաթոյանն ընդգծում է, որ այդ ճանապարհները Հայաստանի խաղաղ բնակավայրերն իրար կապող ճանապարհներ են, և այդ իրավիճակը ևս, ըստ Հայաստանի ՄԻՊ-ի, սահմանների բաժանման գործընթացում մեխանիկական մոտեցումների կիրառման հետևանք է։

Օրինակ՝ Գորիսից Որոտան տանող ճանապարհահատվածի ցուցանակի վրա քարտեզն այնպես է ցուցադրած, որտեղ ՀՀ տարածքի առանձին մասեր ներկայացվում են որպես ադրբեջանական։ Բացի այդ՝  Շուռնուխ գյուղի ճանապարհի այն հատվածում, որը հայկական է, Հայաստանի բնակիչների տներ են, այնտեղ երեխաներ են խաղում, և եթե հայկական կողմում խաղաղ բնակիչներ են, ապա ադրբեջանական կողմում Ադրբեջանի զինված ուժերն են։

«Երբ ես այնտեղ էի, համընկավ, մենք նաև դիտարկում իրականացրինք․ ադրբեջանական մեքենան եկավ այս գյուղ, ուղեկցությամբ իհարկե, ու սկսեց ինչ-որ գործողություն կատարել։ Դրանից մի քանի մետր հեռավորության վրա երեխաներ էին խաղում»,- հիշեց Արման Թաթոյանն ու նշեց, որ խնդրահարույց իրավիճակներ կան նաև այլ հատվածներում։

ՄԻՊ-ի աշխատակազմը Կապանի օդակայանում և թռիչքուղիների տարածքներում իրականացրել է ուսումնասիրություններ, և ըստ Թաթոյանի՝ այդ ուսումնասիրությունները, համայնքի բնակիչների, համայնքային մարմինների հետ իրենց աշխատանքները, քննարկումները հաստատում են, որ այստեղ զգալի վտանգներ, ուղիղ սպառնալիքներ են առաջացել ոչ միայն Կապանի օդակայանի, այլ նաև անմիջապես օդանավակայանի հարևանությամբ M2 միջպետական ճանապարհի համար, որը Կապանը կապում է Երևանի հետ։

Սպառնալիքի տակ են հայտնվել նաև Կապանի խաղաղ բնակավայրերը։

«Դրանից բացի՝ մենք այստեղ խնդիր ունենք նույն այդ ճանապարհի մեր խաղաղ բնակավայրերն իրար կապող հատվածում, երբ Կապանից գնում ենք Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ և Ծավ գյուղերը, ընդ որում՝ այդ ճանապարհը այնքան կարևոր է, որ, ըստ էության, երակի նման կենսական նշանակությամբ կապում է մեր գյուղերը Կապանին: Այդ ճանապարհով երբ բարձրանում ենք, մի քանի տեղ դարձյալ ադրբեջանական դրոշներ են: Ըստ էության՝ դրանք ադրբեջանական տարածք են համարվում, որովհետև դրոշներ են տեղակայված, և իրենց զինված մարդիկ են այնտեղ․ ինձ համար դա է չափանիշը»,- բացատրեց Արման Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը նաև նշեց, որ այցեր են իրականացրել Տեղ խոշորացված համայնքի գյուղեր՝ Խոզնավար, Խնածախ, ինչպես նաև Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրը, Կապանից՝ Ագարակ և այլն, և մեխանիկական մոտեցումների պատճառով հայտնվել են ուղիղ սպառնալիքների ներքո, վտանգված են խաղաղ բնակչության կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, ինչպես նաև այլ իրավունքները։ Այցեր կատարվել են նաև Գեղարքունիքի մարզ, և այստեղ ևս նմանատիպ խնդիր է արձանագրվել։

Բացի ֆիզիկական, հոգեկան անձեռնմխելիության խնդիրներից՝ սահմանների բաժանումը մի շարք այլ խնդիրներ է առաջացնում, կան բազմաթիվ չկարգավորված հարցեր։

Օրինակ՝ ՄԻՊ-ը հարց է բարձրանում, թե ի՞նչ է լինելու, ի՞նչ օրենսդրություն է կիրառվելու եթե, այսպես ասած, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում որևէ հանցագործություն տեղի ունենա կամ պարզապես որևէ մեքենա խափանվի, ի՞նչ է լինելու, եթե ճանապարհի այդ հատվածներում բախվեն, օրինակ, հայկական և ադրբեջանական մեքենաներ։

«Եթե համարում ենք, որ դրանք Ադրբեջանի տարածք են, պիտի Ադրբեջանի քննչական մարմինները գան և Հայաստանի քաղաքացիների նկատմամբ քննչական գործողություններ և այլ վարույթներ իրականացնե՞ն»,- հարց բարձրացրեց Արման Թաթոյանը՝ նշելով, որ այս դեպքերը կարող են տեղի ունենալ ամեն պահի, և չկարգավորված հարցերը պետք է հրապատ լուծումներ ստանան։

Թաթոյանը նշեց, որ Հայաստանի այն քաղաքացիները, որոնք սահմանային բաժանումների հետևանքով ստիպված են եղել լքել իրենց տներն ու նրանց  բնակարանի հարցը  չի լուծվել, նրանք, որոնք ունեն անվտանգության խնդիր, իրավունք ունեն դիմելու դատական, այդ թվում՝ միջազգային պաշտպանության։

Տեղի ունեցած գործընթացների հետևանքով խաղաղ բնակիչները ոչ միայն զրկվել են սեփականությունից, սեփական ապրուստը հոգալու, այլ նաև տնտեսական գործունեության հնարավորությունից։ Արման Թաթոյանը նշեց, որ այժմ ադրբեջանական համարվող տարածքում մնացել են հողամասեր, հողատարածքներ և սեփական տներ, որոնց սեփականության վկայականները տրվել են Խորհրդային Հայաստանի մարմինների կամ Հայաստանի անկախ մարմինների կողմից տարբեր ժամանակահատվածներում։

ՄԻՊ-ն օրինակներ բերեց, թե որ համայնքից որքան հողատարածք է անցել Ադրբեջանի վերահսկողության տակ։

Օրինակ՝ Տեղ խոշորացված համայնքում բնակիչները զրկվել են 2000 հեկտարից ավելի մասնավոր սեփականություն հանդիսացող հողատարածքներ օգտագործելու հնարավորությունից։ Որոտան գյուղի դեպքում բնակիչները մոտավոր հաշվարկով զրկվել են 326 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներն օգտագործելու հնարավորությունից:

Ագարակ գյուղում բնակիչները զրկվել են մոտավոր հաշվարկով 60 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներ օգտագործելու հնարավորությունից, Եղվարդում՝ 110 հեկտար վարելահողից, 50 հեկտար արոտավայրից, Ճակատենում՝ 50 հեկտար վարելահողից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter