HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արման Թաթոյանի խոսքով՝ գերիների վերադարձի պահանջը գործում է՝ անկախ եռակողմ հայտարարության մեջ ամրագրված լինել-չլինելու հանգամանքից

Անթույլատրելի է հետպատերազմական փուլերում մարդասիրական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի քաղաքականացումը։ Դա արդեն իսկ կոպիտ խախտում է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Վերջինս հիշեցրեց, որ դեկտեմբերի 28-ին ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին նամակ է հասցեագրել, որը տարածվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում։ Նամակում նոյեմբերի 9-ից հետո գերեվարված 62 հայ զինծառայողները ներկայացվում են որպես ահաբեկիչներ։ Նամակում նշվում է, որ Ադրբեջանը հակաահաբեկչական գործողություն է իրականացվել: Նշենք, որ այս պահին 62 հայ զինծառայողները Ադրբեջանում քննվող քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն, նրանք կալանավորված են։ Նամակում ընդհուպ Հայաստանի կողմից նոյեմբերի 9-ի հայտարարությունը խախտելու հարց է բարձրացված:

«Ես քաղաքական հարցերի չեմ արձագանքում և չէի արձագանքի, եթե խնդիրն այս աստիճան աղավաղված չլիներ և չվերաբերվեր մարդու իրավունքների հարցերին»,- ասաց Արման Թաթոյանն ու պնդեց, որ Ադրբեջանը գերիների հարցը քաղաքականացնում է։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պնդմամբ՝ միջազգային պահանջների համաձայն՝ ռազմագերիները կամ գերի ընկած քաղաքացիական անձինք ռազմական գործողությունների դադարից հետո պարտադիր պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն իրենց երկրներ, նրանց նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելն արգելվում է, նրանց ձերբակալելը, կալանավորելը դիտարկվում է որպես պատիժ և նույնպես արգելվում է, իսկ գերիների վերադարձի գործընթացն արհեստականորեն ձգձգելը պատերազմական հանցագործություն է։

Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ հետի համաձայն՝ պետք է տեղի ունենա ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում։

Թաթոյանը թեև բացասական է գնահատում հանգամանքը, որ այս կետում կոնկրետ ժամկետներ նշված չեն, բայց միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ այս կետով ձեռք բերված պայմանավորվածությունը միջազգային պահանջ է։

«Այսինքն՝ եթե մի պահ պատկերացնենք՝ այս պահանջը չլիներ փաստաթղթում, ինչ է, իրենք չպե՞տք է գերիներին վերադարձնեին, իհարկե նման բան անելու իրավունք չունեին, դա աբսուրդ է։ Այսինքն՝ գերիների վերադարձի պահանջը գործում է՝ անկախ նրանից՝ փաստաթղթում ամրագրված է, թե ոչ»,- ասաց Արման Թաթոյանը՝ ընդգծելով, որ գերիների վերադարձի հարցը առնչություն չունի տարածքների վերաբերյալ խնդիների հետ։

Թաթոյանը նաև անդրադարձավ այն հարցին, որ Ադրբեջանը համարում է, թե եռակողմ հայտարարությունը տարածվում է միայն մինչև նոյեմբերի 9-ը եղած իրավիճակների վրա։ Հայաստանի ՄԻՊ-ը, սակայն, պնդում է, որ դա անթույլատրելի է, և եռակողմ հայտարարությունը պետք է կիրառելի լինի այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը պատերազմական իրավիճակի հետևանքով գերեվարված անձինք ունեն։

Թաթոյանը հայտնեց նաև, որ իրենք տվյալներ ունեն այն մասին, որ գերության մեջ գտնվող հայ այն քաղաքացիների նմատմամբ, որոնց տարիքը համապատասխանում է Արցախյան առաջին պատերազմին մասնակցած լինելու տարիքային շեմին, Ադրբեջանում քրեական գործեր են հարուցվում, որի վերաբերյալ կներկայացվի զեկույց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter