HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Արարատի մարզի ուղևորափոխադրողներն անօրինական բարձրացրել են ուղեվարձը

Արարատի մարզի միջհամայնքային ուղղություները սպասարկող ուղևորափոխադրողները բարձրացրել են ուղեվարձը։ Սոցցանցերի տարբեր խմբերում, անձնական հաշիվներում մարդիկ թեման բարձրաձայնել են, ինչից հետո Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն արձագանքել է քաղաքացիների բողոքներին։

Ըստ Տեսչական մարմնի տարածած հաղորդագրության՝ ուղեվարձը թանկացել է անօրինական կերպով, ուղևորափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները ստացել են գրավոր նախազգուշացումներ, և տրվել է 5- օրյա ժամկետ՝ խախտումները շտկելու և օրենքով սահմանված փոխադրավարձով սպասարկում իրականացնելու համար։ Սակագները բարձրացրած ընկերություններն են՝ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն, Վեդու «ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն և «Լիգա» ՍՊԸ-ն։

«Սահմանված ժամկետը լրանալուց հետո (մինչև հունվարի 15-ը, հեղ.) վերը նշված ընկերությունների կողմից խախտումը չշտկելու դեպքում Տեսչական մարմնի կողմից կկիրառվեն կոշտ պատասխանատվության միջոցներ՝ ընդհուպ մինչև երթուղու սպասարկման իրավունքից զրկում»,- նշված էր Տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ։

Տեսչական մարմնից մեզ տեղեկացրին նաև, որ վաղը՝ հունվարի 13-ին, նախատեսում են հանդիպել Արարատի մարզի միջհամայնքային և ներհամայնքային ուղղությունները սպասարկող 9 ընկերությունների ներկայացուցիչների հետ, որտեղ նաև կքննարկվի ուղեվարձի բարձրացման հարցը։

Արփինե Խաչատրյանը Երևան-Քաղցրաշեն երթուղու ուղևոր է։ Երթուղին սպասարկում է «Լիգա» ՍՊԸ-ը, Արփինեին երթուղայինի վարորդն ասել է, որ 300 դրամի փոխարեն պետք է վճարի 350 դրամ, քանի որ ուղեվարձը թանկացել է։ Երբ Արփինեն կապվել է ընկերության ներկայացուցիչների հետ, նրան ասել են, որ նախկինում ընկերությունը ուղևորափոխադրում իրականացնելու հնարավորություն ստացել է 350 դրամով, բայց կատարել է 300-ով, իսկ հիմա, քանի որ պակասել է ուղևորահոսքը, և թանկացել է վառելիքը, որոշել են փոխադրումներ կատարել ըստ մրցույթում շահած գնի։ Վերջինս ֆեյսբուքյան տարբեր խմբերում հրապարակումներ է անում՝ փորձելով հարցին լուծում տալ։ 

Անօրինական կերպով ուղեվարձը բարձրացրած ընկերություններից պարզաբանում ստանալու նպատակով «Հետքը» կապ է հաստատել վերջիններիս հետ։ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին։ Նշեց, որ զանգահարենք նրան վաղը՝ Տեսչական մարմնի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո։ Ընկերությունը Արմավիրի մարզում սպասարկում է Երևան-Արմավիր ուղղությունը, Արարատի մարզում Երևան-Արտաշատ/451, Երևան-Արարատ/453, Վեդի-Երևան/459 ուղղությունները միկրոավտոբուսներով, իսկ Երևան-Խոր Վիրապ-Նոյակերտ/467 ուղղությունը՝ ավտոբուսով։ Վերը նշված բոլոր ուղղությունների համար ուղեվարձը թանկացել է 50 դրամով։  

«Լիգա» ՍՊԸ-ի շահագործման բաժնի պետ Խաչիկ Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ուղեվարձի թանկացման պատճառը մեքենայի վառելիքի և պահեստամասերի թանկացումն է։ Վերջինիս խոսքով՝ դեռ 2000-ականներին ընկերությունը մրցույթում ուղևորափոխադրումներ իրականացնելու հնարավորություն ստացել է 300 դրամով, բայց մարդասիրական նպատակներից ելնելով՝ տարիներ շարունակ ուղևորափոխադրումներն արել է ավելի պակաս՝ 250 դրամով։

Ընկերությունը փոխադրումներ է իրականացնում Երևան-Մասիս, Երևան-Նորաշեն, Երևան-Քաղցրաշեն, Երևան-Արարատ, Երևան-Արտաշատ ուղղություններով։ Չի բարձրացել միայն Երևան-Նորաշենի ուղեվարձը։ «Լիգա» ՍՊԸ-ի վարորդ Արմեն Մաթևոսյանը մեզ հետ զրույցում նույնպես նշեց, որ թանկացման պատճառը վառելիքի գնի բարձրացումն է, նրա խոսքով՝ նվազել է նաև ուղևորահոսքը։

Վեդու «ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Անահիտ Մանուկյանը հերքեց այն լուրը, որ Վեդի-Երևան ուղղությունը սպասարկող ավտոբուսի ուղեվարձը թանկացել է՝ չնայած Տեսչական մարմնի ցուցակում նաև ներառված էր Վեդու «ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն։ 

Այցելել ենք Երևանի «Սասունցի Դավիթ» կայարան, որտեղից էլ ընկերություններն իրականացնում են փոխադրումներ, «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող Երևան-Արտաշատ միկրոավտոբուսի ուղևորները նշեցին, որ դժգոհ են գների փոփոխությունից։ Բարդ է առավել ևս ուսանողների և Երևանում աշխատողների համար, որոնք ամեն օր ստիպված են օգտվել հասարակական տրանսպորտից։ Ոմանք չցանկացան ներկայանալ և խոսել, որովհետև վախենում են շրջապատի պիտակավորումներից և սոցցանցերում հայտնվելուց։

«Վեդի-Երևան» (Վեդու «ԲՈՒԱՏ» ՍՊԸ) ուղղության ավտոբուսի վարորդը, որը չցանկացավ ներկայանալ, սկզբում նշեց, որ գնի բարձրացում չի եղել, հետո ասաց, որ եղել է, բայց 1 օրով։ Ուղևորներն էլ հաստատեցին վարորդի խոսքը։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ուղևորափոխադրումն իրականացվում է 350 դրամով։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter