HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Տուգանքի 50 տոկոսը սահմանված ժամկետում կամովին վճարելու դեպքում այն կհամարվի պատշաճ կատարված․ նախագիծ

Հայաստանի արդարադատության նախարարությունը նախագիծ է մշակել, որով առաջարկվում է վարչական տուգանքի առնվազն 50 տոկոսը օրենքով սահմանված ժամկետում կամովին վճարելու դեպքում, տուգանքի վճարման պարտավորությունը համարվել պատշաճ կատարված։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» հետևյալ օրենքի նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։

Նկարագրելով առկա իրավիճակը` Արդարադատության նախարարությունը հայտնում է` Ճանապարհային երթևեկության ոլորտում կատարված վարչական իրավախախտումների և արտակարգ դրության ռեժիմի ու կարանտին հայտարարելու որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտման հիմքով նշանակված տուգանքների կատարման ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ տուգանքների ճնշող մեծամասնությունը պարտապանների կողմից կամավոր կերպով չի կատարվում։ Այս իրավիճակը, ըստ նախարարության, ծանրաբեռնում է ոստիկանության և Վարչական դատարանի աշխատանքը։

Բացի այդ, վերոգրյալ վարչական ակտերը կամովին չկատարելու հետևանքով դրամական այդ պահանջները ներկայացվում են հարկադիր կատարման, ինչն էականորեն բարձրանում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծանրաբեռնվածությունը։

Արդարադատության նախարարությունը նաև մի քանի վիճակագրական տվյալներ է ներկայացրել, մասնավորապես ասվում է, որ 2019-2020թթ․ ընթացքում Ճանապարհային ոստիկանության վարչական ակտերի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ներկայում ընթացքի մեջ է 71 030 կատարողական վարույթ, իսկ արտակարգ դրության ռեժիմի և կարանտին հայտարարելու որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտման հիմքով կայացված վարչական ակտերի հիման վրա 2020թ․ դեկտեմբերի 22-ի դրությամբ՝ հարուցվել է 24 857 կատարողական վարույթ։

Այս նախագծով Արդարադատության նախարարությունը ցանկանում է խրախուսել նշանակված տուգանքի վճարման պարտավորության կամովին կատարումը։ Ըստ այդմ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված իրավախախտումների համար նշանակված տուգանքի գումարի առնվազն 50 տոկոսը տուգանք նշանակելու մասին որոշումը ստանալուն հաջորդող օրվանից օրենքով սահմանված ժամկետում կամովին վճարելու դեպքում իրավախախտում կատարած անձանց նկատմամբ նշանակված տուգանքի վճարման պարտավորությունը համարել պատշաճ կատարված։

Առաջարկվում է նաև օրենքի գործողությունը նշանակված տուգանքի առնվազն 50 տոկոսը սահմանված ժամկետում վճարելու դեպքում տարածել նաև մինչ օրենքի ընդունումը կայացված վարչական ակտերի վրա։

Արդարադատության նախարարությունը հայտնում է նաև, որ պարտապանի կողմից վարչական ակտը ստանալու պահից 20-օրյա ժամկետում տուգանքի չափը 50 տոկոսով նվազեցնելու վերաբերյալ կարգավորում է նախատեսված նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության օրենսգրքում։

Օրենքի ընդունումը, ըստ նախարարության, հնարավորություն կտա մեղմացնելու 2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության, ռազմական դրության և սահմանված կարանտինային ռեժիմի բացասական հետևանքները։

Հավելենք, որ այս նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման։ Այն դեռևս պետք է արժանանա Կառավարության հավանությանն, ապա ուղարկվի Ազգային ժողով։

Մեկնաբանություններ (1)

Աշոտ
Շատ ճիշտ որոշում է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter