HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ջհանգիրյանը պնդում է՝ իրեն ԲԴԽ անդամի թափուր պաշտոնում առաջադրվելու առաջարկ է արել խմբակցությունը և ոչ թե վարչապետը

Նախկին զինվորական դատախազ, «Հայ ազգային կոնգրեսի» նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ընդունել է «Իմ քայլը» խմբակցության առաջարկը՝ առաջադրվելու Բարձրագույն դատական խորհրդի անդամի (ԲԴԽ) թափուր պաշտոնում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ջհանգիրյանը՝ քաղաքական մեծամասնության պատգամավորների հետ դռնփակ հանդիպումից հետո:

«Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ իրավաբան-գիտնականը չունի որևէ այլ ճանապարհ ԲԴԽ կազմում հայտնվելու, բացի խմբակցությունների կողմից առաջադրվելուց, և քանի որ թվապես ավելի փոքր խմբակցությունների կողմից առաջադրումը ընտրվելու երաշխիք չէ, անհրաժեշտ է 3/5 ձայների կողմ քվեարկություն, բնականաբար ես համաձայնել եմ թվապես շատ՝ մեծամասնության խմբակցության կողմից»,- ասաց Ջհանգիրյանը:

Նա ընդգծեց՝ չնայած մեծամասնության կողմից է առաջադրվում, սակայն գործադիր իշխանության մաս չի լինելու, քաղաքական պաշտոն չի ստանձնելու, անցնում է մասնագիտական աշխատանքի:

Իրավաբանների մի մասը պնդում է, որ 65 տարին լրացած անձը չի կարող ընտրվել ԲԴԽ անդամ, Ջհանգիրյանն անդրադարձավ այս քննարկումներին՝ հակադարձելով, որ ՍԴ նախկին նախագահը (Գագիկ Հարությունյանը) 70 տարին լրանալուց հետո նշանակվել է ԲԴԽ նախագահ: Ըստ Ջհանգիրյանի՝ նման պնդումներ անողները Դատական օրենսգիրքը մեկնաբանում են մի հոդված կարդալով, ոչ թե ամբողջությամբ: Վերջինիս խոսքով՝ օրենսգրքում դատավորների տարիքային սահմանափակում կա, սակայն իրավաբան-գիտականների՝ ոչ:

Ինչ վերաբերում է նրան, որ ժամանակին հակասություններ են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Ջհանգիրյանը չցանկացավ անդրադառնալ՝ ասելով, որ չի ուզում խոսել անցած-գնացած էպիզոդների մասին: Նա ընդգծեց, որ իրեն առաջադրվելու առաջարկ է արել խմբակցությունը և ոչ թե վարչապետը, և ինքը տվել է իր համաձայնությունը: Ջհանգիրյանը չցանկացավ խոսել նաև պատերազմի և Փաշինյանի ստորագրած փաստաթղթի մասին՝ ասելով, որ պետք է քաղաքական չեզոքություն ցուցաբերի:

Նախկին զինդատախազը շեշտեց՝ ԲԴԽ-ում մեծ մասն իր ուսանողներն ու գործընկերներն են, վատ մթնոլորտ այնտեղ չի տեսնում: Իսկ հարցին, թե ինչ գնահատական կարող է տալ դատական համակարգին, Ջհանգիրյանն ասաց.

«Ես չեմ հասկանում, երբ զինված հեղաշրջման կոչի մեղադրանքով անձին տանում են խափանման միջոցը կալանք կիրառելու, և դատարանաը բաց է թողնում կամ հսկայական զինվորական ռազմական արսենալը հայտնաբերում են մեկի մոտ, ուզում են ձերբակալեն, դատարանը մերժում է, ես նման բաներ չեմ հասկանում»:

Գագիկ Ջնագիրյանը հայտնեց, որ վաղը՝ հունվարի 14-ին, հանդիպելու է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ:

Հիշեցնենք, որ առաջադրումից հետո հարցը քննակվում է ԱԺ նիստում, ապա՝ անցկացվում փակ գաղտնի քվեարկություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter