HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կայացել է Պուտին-Էրդողան հեռախոսազրույց. քննարկվել է հունվարի 11-ի եռակողմ հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 13-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Կողմերը քննարկել են հունվարի 11-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման արդյունքները։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին, որի ընթացքում քննարկվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրագործման ընթացքը»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հիմնական արդյունքներից մեկը եղել է «հարաբերությունների կարգավորման տրամադրվածությունը, խաղաղ կյանքի հաստատման գործում փոխգործակցության պատրաստակամությանը, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը»։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանի ջանքերին՝ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում, կողմ արտահայտվել Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգման շարունակականությանը, այդ թվում տարածաշրջանի տնտեսական զարգացման և փոխշահավետ նախագծերի իրականացման համատեքստում։ Բացի այդ, կողմերը քննարկել են նաև Աղդամում կառուցվող հրադադարի պահպանման ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնի աշխատանքների ընթացքը և հակամարտության գոտում ծավալված ռազմական գործողությունների որոշ ասպեկտներ։

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում կայացել էին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ բանակցությունները, որն ունեցել է տնտեսական օրակարգ։ Եռակողմ հանդիպման ավարտից հետո՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր աշխատանքային խմբի ստեղծման մասին, որը զբաղվելու էր «տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ»։ Աշխատանքային խումբը ղեկավարելու էին երեք երկրների փոխվարչապետները։ Աշխատանքային խմբում Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այն առաջիկայում է պետք է ներկայացնի Արցախի զարգացման պլանը։

Լուսանկարը՝ Alexei Druzhinin/Pool Photo via AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter