
Որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է Քարին Տակի մեկ բնակչի աճյուն
Հունվարի 13-ի որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է Արցախի Քարին Տակ գյուղի բնակիչ Ալվարդ Թովմասյանի դին։ Այս մասին «Հետքին» հայտնեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ 58-ամյա կնոջ մարմինը գտել են տան բակում, հարազատները ճանաչել են նրան հագուստից։ Մարմինը անճանաչելի էր։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Պատերազմից հետո մարտական գործողությունների վայրերում շարունակվում են որոնողական աշխատանքները։ Երեկ՝ հունվարի 13-ին, որոնողական աշխատանքներ են իրականացվել Թալիշի, Հադրութի, Քարինտակի և Մատաղիսի ուղղություններով։ Տվյալ տարածքներում զինծառայողների մարմիններ չեն հայտնաբերվել։ Մինչ օրս մարտական գործողությունների վայրերում հայտնաբերված զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվը 1230 է:
Այսօր՝ հունվարի 14-ին, ադրբեջանական կողմի առաջարկով որոնողական աշխատանքներ չեն իրականացվի։ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխանցմամբ՝ հետաձգումը կապ չունի երեկվա ադրբեջանական կողմի դրսևորած ագրեսիայի հետ, որի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Վարդան Վաչագանի Կիրակոսյանը։
Լուսանկարում՝ Ալվարդ Թովմասյանը, 29 հոկտեմբերի, 2020թ.
Մեկնաբանել