
Սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնների արտահանումը ժամանակավորապես կարգելվի
Սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնների արտահանումը կարգելվի վեց ամիս ժամկետով։ Որոշումն ընդունվեց Կառավարության հունվարի 14-ի նիստոււմ: Չնայած նրան, որ նախագիծն ընդգրկված էր զեկուցվող հարցերի փաթեթում, սակայն հարցի քննարկումը չկայացավ:
ժամանակավոր արգելքը կտարածվի սև մետաղից սալիկների, օգտագործված թուջե ռադիատորների դասվող սև մետաղի թափոնների և ջարդոնի, սև մետաղից պատրաստված խողովակների և դրանց կցամասերի, սև մետաղական կոնստրուկցիաների, գունավոր մետաղի թափոնների ջարդոնի վրա:
Սև և գունավոր մետաղների ջարդոնն ու թափոնները Հայաստանի համար հանդիսանում են ռազմավարական նշանակություն ունեցող հումք` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում չկա սև և գունավոր մետաղների արտադրություն և ջարդոնի ու թափոնի երկրորդային վերամշակմամբ կարելի է լրացնել այդ ապրանքների պակասը:
Ներկայում Հայաստանում գործում են շուրջ 30 մետաղագործական և մետաղամշակման ընկերություններ, որոնց արտադրանքն ամբողջությամբ կամ մասնակի հիմնված է տեղական մետաղական ջարդոնի և թափոնի օգտագործման վրա: Օրինակ` Չարենցավանի «Ձուլակենտրոն», «Ասկե-գրուպ», Երևանի «Ջրկոնստրուկցիա», «Նիկոլ Դուման», «Էդմետ», «Ին-Վի լայն», ինչպես նաև էլեկտրական լարեր արտադրող մի շարք ընկերություններ օգտվում են տեղական սև և գունավոր մետաղների ջարդոնից և թափոնից: Ներմուծված մետաղով աշխատելու դեպքում նշված ընկերությունների արտադրանքի ինքնարժեքը կբարձրանա մի քանի անգամ` դարձնելով ոչ մրցունակ վերջիններիս արտադրանքը:
Տեղական երկրորդային հումքի բացակայության պարագայում` վերջիններս ստիպված կլինեն ամբողջությամբ կամ մասնակի դադարեցնել իրենց արտադրական գործունեությունը:
2017 թվականին նախագծում նշված սև մետաղից արտահանվել է շուրջ 8000 տոննա, պղնձի թափոն և ջարդոն` 2472 տոննա, ալյումինի թափոն և ջարդոն` 2000 տոննա:
2018 թվականին արտահանվել է ավելի քան 12 հզր տոննա սև և գունավոր մետաղ:
Ընդունված նախագիծը հնարավորություն կտա ԵԱՏՄ օրենսդրության շրջանակներում` սահմանափակումներ կիրառել այնպիսի ապրանքների արտահանման նկատմամբ, ինչը վերամշակելով տեղում կնպաստի երկրի պաշտպանության և անվտանգության ապահովմանը:
Գլխավոր լուսանկարը՝ inbusiness.kz-ի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել