HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մաչանենց թատրոնում այսօր կկայանա առաջին եզդիական ներկայացումը

Շաբաթ ուշ երեկոյան եզդի դերասանները հավաքվել էին ֆերիկցի Մաջիթ Շամոյանի տանը։ Հունվարի 17-ի ներկայացման փորձն էին անում։ Նրանց դեմքերին հոգնություն չկար։

Այսօր Էջմիածնի Մաչանենց թատրոնում առաջին եզդիական թատրոնի առաջին ներկայացումն է լինելու։ Այն կոչվում է «Կյանք ու սեր»։ Ներկայացման նյութը Արցախյան պատերազմին եզդիների մասնակցությունն է։ Այն նվիրված է զոհերի հիշատակին։ Ռեժիսորը Մաչանենց թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեւորգ (Ընծա) Բաբախանյանն է, սցենարի հեղինակը՝ Գրետա Ալեքսանյանը։

2020 թ. փետրվարին մասնագիտությամբ իրավաբան Գրետան ստեղծել է «Եզդիների կողքին» կրթամշակությաին նախաձեռնությունը։ Դրա շրջանակներում հաճախ այցելել է եզդիաբնակ բնակավայրեր։ Այցելությունների ժամանակ խնդիրներն ավելի շոշափելի էին դարձել։ Եվ եզդիական թատրոնի ստեղծման գաղափար էր առաջացել։

«Այսօր Հայաստանում վիճակագրական տվյալներով 60 հազար եզդի կա։ Դա զգալի թիվ է։ Եթե իրենք չունենային մշակութային գոնե մեկ օջախ, ինչպիսին թատրոնն է, ազնիվ չէ։ Եվ նշանակություն չունի՝ ես եմ ստեղծել այդ նախաձեռնությունը, թե ոչ»,- ասում է «Եզդիների կողքին» նախաձեռնության հեղինակն՝ հավելելով, որ գաղափարը խմորվելով հասավ իրագործման։ Արդյունքում ստեղծվեց Հայաստանի մնջախաղի թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավար, եզդի վարպետ Արսեն Փոլադովի անվան եզդիական թատրոնը։ Այն դեռեւս անորոշ ժամանակով կգործի Մաչանենց թատրոնի շենքում, մինչեւ առանձին շենք կունենա։ Դա էլ, ըստ Գ. Ալեքսանյանի, ցանկալի վերջնարդյունքն է, նպատակը, որի իրականացման համար պետք է աշխատեն։

Գրետան ասում է՝ դերասանների ընտրության մասին հարցն իր ամենասիրելի կետերից մեկն է։ «Մի ընթացք կար, երբ քայլերն ինձ ուղղակի եզդիաբնակ Ֆերիկ էին տանում։ Երբ արդեն կար ներկայացման գաղափարը, որոշեցի, որ մի ամբողջ օր պետք է մնամ Ֆերիկում, դռները թակեմ եւ ընտրեմ դերասաններին։ Այսինքն՝ մենք ընտրեինք, այլ ոչ թե քասթինգով»,- նշում է սցենարի հեղինակը։ Ֆերիկում Գրետան հանդիպել է Արցախյան պատերազմի մասնակից Ամար Մամոյանի դստերը։ Վերջինս էլ նրան ուղեկցել է տուն, ծանոթացրել հորը։ Ամարը համաձայնել է մասնակցել ներկայացմանը։ Ռազմաճակատում տեսածի ու զգացածի վերապրումը կարտահայտի ներկայացման մեջ։ Ամարի պես այսօրվա ներկայացման դերասաններից ոչ ոք չունի դերասանական կրթություն ու փորձ։

Անահիտ Շառոեւը, հավանաբար, չէր էլ պատկերացնի, որ մի օր եզդիական առաջին թատրոնի անդրանիկ ներկայացման մեջ կխաղա։ Փոխարենն ամուսինը տարիներ առաջ հայկական շրջիկ թատրոնում 12 ներկայացման է մասնակցել։ Ասում է՝ «սեւը գլխիս է, աղջիկս նոր է մահացել, բայց երբ ազգային մշակույթը ներկայացնելու առաջարկ եղավ, չմերժեցի»։

«Ես շատ էի սպասում այսօրվան, որպեսզի մենք էլ ունենայինք մեր ազգային մշակույթը, որովհետեւ մենք կանք, գոյություն ունենք, բայց մշակույթ, երեւացող բան չունենք։ Ցավն այն է, որ մեզ մոտ կարծրատիպերը շատ են։ Աղջիկներին չեն թողնում դպրոցն ավարտեն, հինգերորդ դասարանից հանում են։ Բայց ես շնորհակալ եմ իմ ծնողներին, որ 10-ն ավարտել եմ, եւ ավարտել եմ բացարձակ գերազանցիկ»,- ասում է 68-ամյա կինը։ Նրա խոսքով՝ հիմա Ֆերիկում «ընդդիմություն կա», որը չի թողնում աղջիկներին դպրոցից շուտ հանել, թողնում են նաեւ, որ նրանք բարձրագույն կրթություն ստանան։

«Կյանք ու սեր» ներկայացման մեջ Անահիտն ու թոռը՝ Զորոն, մոր ու որդու կերպարներ են մարմնավորելու։ Զորո Շառոեւը ներկայացման գլխավոր հերոսն է, ում մայրը ռազմաճակատ է ճանապարհում։

Զորոն ասում է՝ դրվագներից մեկում իր հերոսը՝ Մրազ Հասանյանը, մորն ասում է, որ պետք է գնա պատերազմ։ Մայրն սկզբում ընդդիմանում է, բայց հետո համակերպվում է, օրհնում որդուն ու ճանապարհում։ Ռազմաճակատում Մրազը լցվում է հիշողություններով։ «Վիրավոր կգաս, թե չէ, հերոսը գիտի, որ իրեն սպասում են։ Երբ սիրած աղջիկ ունես, քեզ սպասող ունես»,- ասում է նա։

Զորոյի խոսքով՝ չնայած առաջնախաղը դեռ չի եղել, թե՛ եզդիների, թե՛ հայերի դրական արձագանքը շատ է։ Դա իրենց քաջալերում է։

«Սա մեծ գործ է։ Մեր հերոսների անվամբ ենք խաղում։ Մենք երկու ազգերով ցեղասպանություն շատ ենք տեսել։ Մենք բախտակից ազգեր ենք։ Պիտի ցույց տանք, որ իրար թիկունքի ենք»,- ասում է Անահիտ Շառոեւը։

Առաջնախաղին Անահիտի թոռներն ու ծոռները չեն գա. դահլիճը փոքր է, եւ շատ հանդիսատես է լինելու: Բայց հաջորդ օրվա ներկայացմանը նրանք անպայման գնալու են՝ տատիկին բեմում տեսնելու, ծաղափահարելու եւ գուցե անթաքույց նրանով հպարտանալու համար։

Մեկնաբանություններ (1)

Vitali Sadkhyan
Հարգելի Գրետա Շնորհակալություն այս նախագծում կատարած մեծ աշխատանքի համար: Առանց քեզ դա երբեք չէր իրագործվի: Շնորհակալություն թիմը վարելու համար, միշտ լավ տրամադրություն պահպանելու և դրական մթնոլորտ ստեղծելու համար: Դա իսկապես մեծ գնահատանքի է արժանի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter