HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսկվա ժամանելուց հետո ձերբակալվել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին

Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում ձերբակալվել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը նոր էր վերադարձել Գերմանիայից։ Այդ մասին հայտնում է BBC-ն։ Գերմանիայում Նավալնին բուժվում էր 2020 թվականի օգոստոսի թունավորումից հետո։ 

Ի սկզբանե ոստիկանները հրաժարվել են հայտնել Նավալնուն, թե վերջինս ձերբակալվում է։ Նրանք նաև արգելել են Նավալնու փաստաբանին մոտենալ ընդդիմադիր գործչին, որը ժամանել էր նրա հետ միևնույն թռիչքով։ Ավելի ուշ,  ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայությունը հաստատել է Նավալնու ձերբակալությունը։

Ավելի վաղ, ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայությունը Նավալնու նկատմամբ Ռուսաստանի տարածքում հետախուզում էր հայտարարել։ Ռուսական գերատեսչությունում կարծում են, որ ընդդիմադիր քաղաքական գործիչը խախտել է «Իվ Ռոշե» գործով պայմանական ազատազրկման կանոնները՝ ռուսական իրավապահ մարմիններ չներկայանալով նույնիսկ այն ժամանակ, երբ դուրս էր գրվել գերմանական կլինիկայից։ Ռուսական գերատեսչությունը պահանջում է չեղարկել Նավալնու պայմանական ազատազրկումը, և այն փոխարինել 3,5 տարվա իրական ազատազրկմամբ՝ ուղղիչ աշխատանքային գաղութում։ Դատական նիստը, որտեղ կքննվի ռուսական գերատեսչության պահանջը, նշանակված է հունվարի 29-ին։

Բացի այդ, 2020 թվականի դեկտեմբերի վերջին Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ խարդախության մեղադրանքով քրեական գործ է հարուցել Նավալնու նկատմամբ։ Քննչական կոմիտեի վարկածով՝ քաղաքական գործիչն իր հայեցողությամբ է ծախսել այն գումարները, որոնք քաղաքացիները նվիրաբերել են Նավալնու հետ կապ ունեցող հիմնադրամներին՝ կոնկրետ նպատակներով։ Վերջինս ժխտում է այդ փաստը։ Ընդ որում, այս գործով քննչական մարմինը դեռևս չի ընտրել խափանման միջոց։ 

Նավալնու Ռուսաստան վերադառնալը մեծ հետաքրքրություն է առաջացրել վերջինիս աջակիցների, ընդդիմախոսների և ռուսական ու միջազգային մամուլի շրջանում։ Տասնյակ լրագրողներ միևնույն թռիչքի տոմսեր են գնել։ Ի սկզբանե նախատեսված էր, որ Նավալնու ինքնաթիռը վայրէջք է կատարելու Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում։ Ավելի ուշ, ինքնաթիռը փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել Շերեմտևոյում։ Որպես թռիչքի ժամանման փոփոխության պաշտոնական պատճառ նշվել է Վնուկովո օդանավակայանում ինքնաթիռների ընդունման ժամանակավոր փակումը, որը պայմանավորված է թռիչքուղու հետ կապված խնդիրներով։

Հիշեցնենք, որ 2020 թվականի օգոստոսի 20-ին Տոմսկ-Մոսկվա ինքնաթիռում վատացել էր ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսանդր Նավալնու առողջական վիճակը։

Օմսկում օդանավի արտակարգ վայրէջք կատարելուց հետո՝ Նավալնին հոսպիտալացվել էր։ Այնտեղ նա միացվել էր թոքերի արհեստական շնչառության ապարատին։ Օգոստոսի 22-ի առավոտյան Ալեքսեյ Նավալնին տեղափոխվել էր Բեռլին։ Ավելի ուշ, գերմանացի բժիշկները հայտարարել էին, որ Նավալնին թունավորվել է Նովիչոկ տիպի թույնով։

Լուսանկարը՝ Кирилл Кудрявцев / AFP / Scanpix / LETA

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter