HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ-ն դեմ քվեարկեց երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ԼՀԿ-ի երկու նախագիծը քառօրյայի օրակարգ ներառելուն

Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո մեկնարկեց ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանը: Նիստի սկզբում ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը ներկայացրեց քառօրյայի օրակարգը, ապա՝ այն հարցերը, որոնք օրակարգ չեն ներառվել գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը չստանալու պատճառով:

Երկու նման նախագիծ հեղինակել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որոնք վերաբերում են պատերազմին և հետպատերազմյան իրավիճակին, դրանք են` «Ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ» և «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» նախագծերը: Առաջինը ներկայացրեց Տարոն Սիմոնյանը, ում խոսքով` Ազգային ժողովը, լինելով խորհրդարանական պետության առաջնային մանդատով օժտված միակ մարմինը, չի կարող մեկուսացած մնալ իրավաքաղաքական և ռազմաքաղաքական գործընթացներից:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանն առաջարկեց նախագծին դեմ քվեարկել` ասելով, որ այն չի ստացել գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այն մերժվեց 40 կողմ, 73 դեմ ձայներով: Մյուս նախագիծը ներկայացրեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Վերջինս հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո իրենք հայտարարել են, որ բանակցողը պետք է փոխվի, պարտության սիմվոլ վարչապետը պետք է հեռանա: Մարուքյանի խոսքով` հունվարի 11-ին եռակողմ հանդիպումից հետո իրենց պնդումը դարձավ իրողություն, ինչպես նաև հավելեց, որ քաղաքական ճգնաժամը հաղթահարված չէ, իշխող ուժն էլ դասեր չի քաղել եղածից:

Մարուքյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց «Իմ Քայլը» խմբակցության հետ բանակցելու համար: Ընդմիջումից հետո նախագիծը դրվեց քվեարկության և մերժվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter