
Լավրովը ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը Հադրութի շրջանում գերեվարված 62 հայ զինծառայողների վերաբերյալ
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի զինվորականներն այս պահին ճշտում են արցախյան 2020թ․ պատերազմի ընթացքում գերեվարված անձանց ցուցակները գերիների փոխանակում կատարելու համար։ Այս մասին հունվարի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ առաջին հերթին անհրաժեշտ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այն անձանց հստակ ցուցակները կազմեն, որոնք կորել են և որոնց ցանկանում են գերությունից ազատել, և ըստ Լավրովի՝ այս հարցում ամենաշատ խնդիրներն ունեցել է Հայաստանը։
«Ադրբեջանը այդպիսի ցուցակներ տվել է, դրանք աննշան էին, և բոլորը ոչ միանգամից, սակայն վերադարձվել են, որոնց անունները նշված են եղել ցուցակներում։ Անհետ կորածների, գերիների և պահվող անձանց վերաբերյալ այլ իրավիճակներում Ադրբեջանի կողմից խնդիրներ չեն առաջացել»,- ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։
Լավրովը նշել է, որ հայկական կողմը ցուցակները միանգամից և ամբողջությամբ չի տրամադրել, և արդյունքում այն անձանց փոխանակումն է կատարվել, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել մինչև նոյեմբերի 9-ը տեղի ունեցած իրադարձություններին։
«Հիմա գլխավոր հարցը դեկտեմբերի սկզբին Հադրութի շրջանում տեղի ունեցածն է, երբ նոյեմբերի վերջին հայ զինծառայողները ուղարկվել էին այնտեղ։ Նրանք գերի են ընկել մեկ շաբաթ անց, դեկտեմբերի սկզբից 10 օր անց, եղել են 62 հոգի»,- ասել է Սերգեյ Լավրովը։
Բացի դրանից, ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, թե ադրբեջանական կողմը այս փուլում հայտարարել է՝ քանի որ զինծառայողները այդ շրջան են տեղափոխվել հրադադարի մասին հայտարարության ստորագրումից հետո, ապա անհրաժեշտ է այդ հարցը այլ հարթությունում դիտարկել, և ոչ թե նոյեմբերի 9-ին կնքված հայտարարության շրջանակներում։
«Ամեն դեպքում մենք անհրաժեշտ ենք համարում, որ այդ հարցը դիտարկվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի շրջանակներում։ Ես խոսել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ՝ փորձելով ճշտել այն անձանց ցուցակները, որոնք այս պահին չկան, սակայն պարզվել է, որ նրանց թիվը 62-ից ավելի է։ Հիմա մեր զինվորականները կապի մեջ են հայ և ադրբեջանցի զինվորականների հետ»,- եզրափակել է Լավրովը։
Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել