HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արսեն Թորոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար՝ ազատվելով առողջապահության նախարարի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսուհետ կշարունակի պաշտոնավարումը որպես վարչապետի աշխատակազմի ղեկավար։ Նախարարի պաշտոնից նրա ազատման հրամանագիրը նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է այսօր՝ հունվարի 18-ին։ 

Առողջապահության նախարարի պաշտոնը Թորոսյանի փոխարեն կզբաղեցնի նրա առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը: Հիշեցնենք, որ մինչ այս վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր Էդուարդ Աղաջանյանը։

Նոր նշանակման առիթով Արսեն Թորոսյանը գրառում է կատարել, որում շնորհակալություն է հայտնել նախարարության աշխատակազմին։ «Օգտագործելով առիթը, ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել առողջապահության նախարարության և դրա ենթակա հիմնարկների բոլոր աշխատակիցներին` անձնական և մասնագիտական նվիրումի համար: Առանց ձեզ հնարավոր չէր լինի իրականացնել վերջին գրեթե 3 տարիների փոփոխությունները առողջապահության ոլորտում, որոնք վստահաբար լայն թափով շարունակվելու են: Ձեր շնորհիվ վերջին տարվա ընթացքում առողջապահական համակարգը արդյունավետ պայքար մղեց համաճարակի դեմ` որակյալ և ժամանակին բուժօգնություն ցույց տալով մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների, ինչպես նաև օպերատիվ կերպով կազմակերպեց ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողների բուժօգնությունը: Խնդրում եմ ձեզ շարունակել աշխատել նույն նվիրումով և ջանասիրությամբ։

Նաև շնորհակալություն եմ ուզում հայտնել առողջապահական համակարգի ավելի քան 40.000 աշխատակիցներին, ովքեր օրուգիշեր կատարում են իրենց մասնագիտական պարտքը՝ հատկապես մեր երկրի և առողջապահական համակարգի համար նման բարդ ժամանակաշրջանում։ Վստահ եմ` նաև ձեր շնորհով մեր երկիրը կհաղթահարի ներկա և ապագա բոլոր մարտահրավերները:

Նորանշանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հաջողություն եմ մաղթում և հայտնում իմ պատրաստակամությունը աջակցել նրան՝ ուժերիս ներածի չափով»,- ասված է Թորոսյանի գրառման մեջ։

Տես նաև՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter