HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նախկին դատավորները շարունակում են դատական հայցերով հասնել կենսաթոշակի հաշվարկի վերանայման

Դատական ատյաններում նախկին դատավորները շարունակում են վիճարկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կենսաթոշակ նշանակելու գումարի չափը և պահանջել վերահաշվարկներ: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարինե Հակոբյանն այն դատավորներից մեկն է, ում հաջողվել է դատական կարգով ավելացնել նշանակված կենսաթոշակի չափը:

Դատարան ներկայացրած հայցադիմումով Կարինե Հակոբյանը հայտնել է, որ 1982-1985թթ. աշխատել է որպես Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժի արբիտր: 1985-1998 թվականներին աշխատել է որպես ՀՀ գերագույն դատարանի անդամ, իսկ 2001 թվականից մինչև 2018 թվականի հունիսի 15-ն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր և պաշտոնական լիազորություններնավարտել է կենսաթոշակի անցնելու հիմքով:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղեկանքի համաձայն՝ իր ամսական եկամուտը 2013թ. հուլիս ամսից մինչև 2014թ. հունիս ամիսը ներառյալ կազմել է 1 մլն 419 դրամ: Իսկ 2017թ. հունիս ամսից մինչև 2018թ. հունիս ամիսը ներառյալ ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 529 հազար դրամ:

Կարինե Հակոբյանի լիազորությունները համարվել են դադարած 15.06.2018թ.՝ 65 տարին լրանալու հիմքով: Արդեն նախկին դատավորը կենսաթոշակ նշանակելու և վճարելու խնդրանքով դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, նշանակվել է կենսաթոշակ՝ ամսական 567.506 դրամ:
Նույն տարվա դեկտեմբերի 25-ին դիմել է նախարարին՝ խնդրելով կենսաթոշակի վերահաշվարկ կատարել:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետի գրությամբ դիմումը մերժվել է հետեւյալ պատճառաբանությամբ՝ «կենսաթոշակի չափը ենթակա չէ վերահաշվարկման, քանի որ հաշվարկված է օրենքով նախատեսված կարգով»:

01.07.2014թ. ուժի մեջ մտած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով են կարգավորվել պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքներին առնչվող հարաբերությունները: Ըստ այդմ՝ կենսաթոշակի իրավունք ունի դատավորի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձը, որի լիազորությունները դադարեցվել են նաև տարիքով պայմանավորված: Միաժամանակ օրենքով սահմանվել է պետական պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակը հաշվարկելու ընդհանուր կարգը, որպիսի կարգից նույն օրենքի անցումային դրույթներով սահմանվել են բացառություններ:

Սահմանվել է, որ օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկվում է մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար ստացած աշխատավարձի գումարի և 0,9 տասնորդական գործակցի արտադրյալի 55%-ի չափով: Սակայն նման կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը նույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող կենսաթոշակի չափից ցածր լինելու դեպքում կենսաթոշակը ենթակա է նշանակման ընդհանուր կարգով: Մյուս կողմից՝ այս կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014թ. հուլիսի1-ը գործող օրենսդրությամբսահմանված պաշտոնային դրույքաչափի92%-ը։

Վերը նշված բանաձևով հաշվարկելու դեպքում ստացվում է, որ նախկին դատավորի կենսաթոշակի չափը պետք է լինի ոչ թե ամսական 567.506, այլ՝ 669.336 դրամ:

Վարչական դատարանը հիմնավոր է համարել Կարինե Հակոբյանի փաստարկները և հայցը բավարարել է: Սակայն, Ֆինանսների նախարարությունն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ծառայությունը վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ դարձյալ պնդելով, որ հայցվորի կենսաթոշակը հաշվարկվել է գործող օրենսդրությանը համապատասխան և ենթակա չէ վերահաշվարկի:

Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է պետական մարմինների բողոքը և ուժի մեջ է թողել վերաքննիչ դատարանի վճիռը, որով բավարարվել էր նախկին դատավորի հայցը: Ֆինանսների նախարարությունն այս անգամ ներկայացրել էր վճռաբեկ բողոք, որը, սակայն 2020թ. դեկտեմբերի 18-ին վարույթ չի ընդունվել:

«Հետք»-ը գրել էր, որ Սահմանադրական դատարանը 2019թ․-ին հակասահմանադրական է ճանաչել օրենքի՝ դատավորներին վերաբերող դրույթները, և մինչ օրս չկա դատավորին կենսաթոշակ նշանակելու վերաբերյալ գործող իրավական նորմ:

2018-2020թթ. ընթացքում կենսաթոշակի վերահաշվարկ կատարել պարտավորեցնելու պահանջով վարչական դատարան է դիմել 24 դատավոր: Իսկ 7 դատավոր դատարանի միջոցով է փորձում պաշտպանել թոշակ ստանալու իր իրավունքը: Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի հիման վրա Սոցիալական ծառայության կողմից դատավորներին վճարվել է շուրջ 29 մլն 897 հազար դրամ կենսաթոշակի լրավճար գումար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter