HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Որ փուլում դատախազությունը սկսեց գործ կարել, այդ փուլում պետության ավարտն է»,- Հրայր Թովմասյանը հիշեց Հենրիկ Խաչատրյանի խոսքերը

«Իմ ընկերները գիտեն ու էլի առիթ եմ ունեցել ասելու, որ երկու անձ է ինձ՝ որպես իրավաբան կերտել՝ Հենրիկ Խաչատրյանը և Վլադիմիր Նազարյանը։ Երկուսն էլ կյանքի տարբեր ժամանակահատվածներում ղեկավարել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, և իմ վերաբերմունքը, հարգանքը, պատկառանքը դեպի դատախազություն միգուցե և ձևավորվել է նաև նրանց շնորհիվ, որովհետև ես դատախազներին պատկերացրել եմ իրենց տեսքով, իրենց ձևով, մտածողությամբ, արժեհամակարգով և, որ ամենակարևորն է՝ գիտելիքներով»,- իր գործով դատական նիստի ընթացքում դատախազ Արսեն Մարգարյանին բացարկի միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս խոսքն այսպես սկսեց Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը։ Հետո նա հիշեց Հենրիկ Խաչատրյանի հետ իր զրույցներից մեկը։

«Այն դատախազը, որը սխալ մեղադրանք կառաջադրի ու  արդար մարդուն կպատժի, մի ժամ աշխատելու իրավունք չունի։ Բայց միգուցե կարելի է ներել այն դատախազին, որը մեղավորին չի կարողանա պատշաճ մեղադրանք առաջադրել։ Բայց որ փուլում դատախազությունը սկսեց գործ կարել, այդ փուլում պետության ավարտն է»,-Խաչատրյանի խոսքերը մեջբերեց Թովմասյանն ու ասաց, որ այն ժամանակ այդ խոսքերը խորությամբ չի ընկալել, մտածել է, որ Խաչատրյանը չափազանցնում է դատախազության դերը, և միայն 20- 25 տարի անց՝ սեփական մաշկի վրա է զգում այդ խոսքերի իրական նշանակությունը։

«Իմ ամենամեծ դատավորն իմ խիղճն է, ես իմ խղճի դեմ ոչինչ չեմ արել, երբեք հանցագործություն չեմ արել, և երբ տեսնում եմ այս ամենը, ցավոք սրտի, պետք է ասեմ, որ երջանկահիշատակ Հենրիկ Խաչատրյանի խոսքերն իրականություն են դառնում, և սա, ցավոք սրտի, կարող է տանել պետության վերջին»,- ասաց Թովմասյանն ու նշեց, որ անկախ նրանից, թե այս պահին ով է դատարանում մեղադրանք պաշտպանում, իր խոսքերը վերաբերում են առհասարակ այսօրվա դատախազությանը կամ դրա ներկայացուցիչների մեծ մասին։

Թովմասյանը նշեց, որ իր և Նորայր Փանոսյանի գործի նախաքննության վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքարկած որևէ դատական ակտ չկա, որը չի բեկանվել, սակայն այս ամենը կապ չունի, դատախազությունը շարունակել է գործի քննությունը։

Թովմասյանը հիշեց, որ երբ ասել է, որ Սահմանադրական դատարանում նիստի է լինելու, դատախազը նիստի վերաբերյալ ապացույց է պահանջել։

«Այսինքն՝  Ձեր մտքով անցնում է, որ Սահմանադրական դատարանի դատավորը Ձեզ պետք է խաբի՞, դատարանին խաբի, ասի՝ էնտեղ նիստ է, դրա համար չե՞մ կարող մասնակցել, հա՞ տղերք, սա՞ է մեր վստահությունը։ Իմ պահվածքով, աշխատանքով այսպիսի՞ն եմ եղել, որ դուք Ձեզ կարող եք իրավունք վերապահել չհավատալ»,- ասաց Թովմասյանը։ Նա համոզմունք հայտնեց, որ այս գործի վերջը բոլորին է հայտնի, որ մի օր ինչ- որ դատախազ է գալու ու հրաժարվի իր մեղադրանքից։

Թովմասյանի և վերջինիս սանիկ Նորայր Փանոսյանի գործով դատական նիստին այսօր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանն ավարտեց դատախազ Արսեն Մարգարյանին ներկայացված բացարկի միջնորդությունը։ Ըստ պաշպանական կողմի՝ Հրայր Թովմասյանի գործով դատախազ Արսեն Մարգարյանը գործի նախաքննության ընթացքում իրավասու չի եղել դատախազական հսկողություն իրականացնել, այժմ էլ իրավասու չէ մեղադրանքը պաշտպանել։

Հրայր Թովմասյանն, ինչպես հայտնի է, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Գործը վերաբերում է Թովմասյանի՝ արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում նոտարական գրասենյակների սեփականաշնորհման գործընթացներում ենթադրյալ ապօրինություններին։ Նրան մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝ այն ժամանակ, երբ դեռևս Սահմանադրական դատարանի նախագահն էր։

Պաշտպան Միհրան Պողոսյանը, հղում կատարելով օրենքին, պնդում է, որ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը և տվյալ գործով մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազը, այսինքն՝ տվյալ դեպքում միակ պաշոնատար անձը, ով կարող էր մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնել, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն է, և նա չէր կարող իր այս գործառույթը հանձնարարել իրականացնել որևէ այլ դատախազի։ Դավթյանը, սակայն, այդ գործառույթն իրականացնել լիազորել  է նաև այլ դատախազների, որոնց թվում՝ Արսեն Մարգարյանին։

Ըստ Միհրան Պողոսյանի՝ քրեական գործում բացի Հրայր Թովմասյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման կայացումը որևէ այլ դատավարական փաստաթուղթ առկա չէ, ինչով կհիմնավորվի, որ գործով կոնկրետ գլխավոր դատախազը կատարել է հսկողություն իրականացնելու իր պարտականությունը, որ վերջինիս համար, որպես իր պարտականություններից խուսափելու միջոց է հանդիսացել Արսեն Մարգարյանը, ով անօրինական կարգով ընդգրկվել է գործով դատախազական հսկողություն իրականացնող խմբում և քար լռությամբ թույլ տվել նախաքննական մարմնի կողմից անօրինականությունների իրականացմանը։ Ըստ պաշտպանի՝ քրեական գործի նախաքննությունն իրականացվել է քրեադատավարական և այլ օրենքների բազմաթիվ ակնհայտ, էական և կոպիտ խախտումներով, և մեղադրող դատախազի կողմից պաշտպանության կողմում հանդես եկող անձանց նկատմամբ կանխակալ վերաբերմունքի պատճառը, Հրայր Թովմասյանին ինչ-որ բանում մեղադրելու միտումը պայմանավորված է եղել նրա՝ Սահմանադրական դատարանի նախագահ լինելով և այն հանգամանքով, որ երկրի բարձրագույն իշխանության կողմից խնդիր է դրված եղել ամեն կերպ ձերբազատվել Թովմասյանից՝ որպես ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի։

 Պաշտպանն ընդգծեց, որ  քրեական գործում որևէ փաստական տվյալ առկա չէ Թովմասյանի՝ ՍԴ նախագահ լինելու մասին։

Քրեական գործի նախաքննության ընթացքում Հրայր Թովմասյանի բնակարանում առաջին ատյանի դատարանի թույլտվության հիման վրա խուզարկություն է իրականացվել։ 2020 թվականի մարտի 13-ին վերաքննիչ դատարանը բեկանել է խուզարկության թույլտվության վերաբերյալ որոշումը։ Պողոսյանը նշեց,որ չնայած վերաքննիչ դատարանի որոշմանը՝  խուզարկությամբ ձեռք բերված փաստական տվյալները դեռևս գտնվում են քրեական գործում, և դատախազը որևէ գործողություն չի կատարել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կատարելու ուղղությամբ։

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքը սահմանում է, որ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի և դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը՝ բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն, և սա սահմանադրական դատարանի դատավորի անձեռնմխելիության, Սահմանադրական դատարանի անկախության և բնականոն գործունեության կարևոր երաշխիք է։ Եվ չնայած այս հանգամանքին՝ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի թողարկման ընթացքում եթեր է հեռարձակվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ գեղարվեստական ոճով պատրաստված ռեպորտաժ, որը, պաշտպանի խոսքով, հանրությանը ոչ հավաստի տվյալների մատուցման և անմեղության կանխավարկածի ցինիկ խախտման ցայտուն օրինակ է։

«Ռեպորտաժի ընթացքում հեռուստամեկնաբաններն օգտագործել  են այնպիսի ձևակերպումներ, որոնք ուղղակիորեն ենթադրում են, որ քննիչի վարույթում գտնվող քրեական գործով եղած, եթե այդպես կարելի է անվանել՝ «ապացույցները» Հանրային հեռուստաընկերությանը տրամադրվել է Հատուկ քննչական ծառայության կողմից»,-վստահ է Միհրան Պողոսյանը։

Բացի այդ, ըստ պաշտպանի՝ հինգ ամիս տեղյակ լինելով, որ Հրայր Թովմասյանին գործով մեղադրական եզրակացությունը չի հանձնվել, այն հանձնելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկել։

Թովմասյանի և Փանոսյանի վերաբերյալ գործն անջատվել է այլ քրեական գործից։ Պաշտպանության կողմը, ծանոթանալով գործի նյութերին, պարզել է, որ ոչ բոլոր նյութերն են տրամադրել մեղադրյալներին և պաշտպաններին։ Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ մեկ կամ մի քանի հանցագործությունների կատարմանը մասնակից անձանց նկատմամբ գործն անջատվում է քննիչի, դատախազի կամ դատարանի որոշմամբ, եթե դա անհրաժեշտ է գործի հանգամանքներից ելնելով և չի կարող անդրադառնալ գործի վարույթի լրիվության և օբյեկտիվության վրա: Պաշտպանության կողմի համար անհասկանալի է, թե ի՞նչ իրավական նորմով է առաջնորդվել և ղեկավարվել նախաքննության մարմինը, որ անջատման պահի դրությամբ ոչ բոլոր փաստաթղթերն է տեղափոխել անջատվող մասի մեջ, լինելով քրեական հետապնդման մարմին՝ ի՞նչ չափանիշով է ղեկավարվել քրեական գործի նյութերը մեղադրյալներին վերաբերելիների և ոչ վերաբերելիների  բաժանելիս։

Գործով բոլոր պաշտպաները միացան միջնորդությանը։ Նրանցից Հովսեփ Սարգսյանը, ով ներկայացնում է Նորայր Փանոսյանի շահերը, Հրայր Թովմասյանի հետ տեղի ունեցող գործընթացը կապեց Արցախը Ադրբեջանին հանձնելու հետ ու նշեց, որ բազմաթիվ պետական ինստիտուտներ են քանդվել՝ դրան հասնելու համար։

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը պաշտպանին հորդորեց քաղաքական հայտարարություններ չանել, ինչից հետո պաշտպան Միհրան Պողոսյանն առարկեց դատավորի գործողություների դեմ։ Պողոսյանը նշեց, որ իրենք պնդում են, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, և դրա մասին հայտարարություններ չանելու դատարանի հորդորը կողմերի համար անհավասար պայմաններ է ստեղծում։

Պաշտպաններից Հովհաննես Քոչարյանը նշեց, որ այժմ դատարանի դիմաց դրված է հիմնավոր կասկածի բացակայությամբ մի գործ։ Նշենք, որ Նորայր Փանոսյանի և Հրայր Թովմասյանի մեղադրանքները փոխկապակցված են, և դատարանները Փանոսյանին կալանքից ազատելու որոշումներում արձանագրել են, որ առկա չէ հիմնավոր կասկած, որ Փանոսյանը կատարել է իրեն վերագրվող արարքը, որից հետո գործում չի դրվել ամբաստանյալների մեղադրանքը հիմավորող որևէ ապացույց։

Մեղադրող դատախազ Արսեն Մարգարյանը միջնորդությունն ակնհայտ անհիմն գնահատեց։

Անդրադառնալով Միհրան Պողոսյանի խոսքի այն մասին, թե Թովմասյանին ինչ-որ բանում մեղադրելը պայմանավորված է եղել նրա՝ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնելոու հանգամանքով, դատախազ Մարգարյանը նշեց, որ Թովմասյանն ինչ-որ բանում չի մեղադրվում, այլ կոնկրետ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, իսկ այդ մեղադրանքը հիմնավորող բավարար ապացույցները ներառված են մեղադրական եզրակացությունում։

«Ցանկանում եմ կրկին շեշտել, որ գործ ունենք բացառապես քրեադատավարական գործընթացի հետ»,- պնդեց Արսեն Մարգարյանը։

Ինչ վերաբերում է բացարկի հիմքում դրված այն պնդմանը, թե քրեական գործի նյութերում չկա Թովմասյանի՝ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցրած լինելու մասին որևէ փաստաթուղթ, մեղադրողը նշեց, որ այդպիսի փաստաթղթի՝ քրեական գործի նյութերին կցելու որևէ անհրաժեշտություն չի եղել և չկա, քանի որ Թովմասյանին առաջադրված մեղադրանքը որևէ կերպ չի առնչվում նրա՝ ՍԴ դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակաշրջանի հետ։ Նշենք, որ այս հանգամանքը քննարկման առարկա է դարձել այն համատեքսում, որ պաշտպանական կողմի պնդմամբ՝ Հրայր Թովմասյանի՝ որպես դատավորի անձեռնմխելությունը պետք է հաղթահարվեր, մինչդեռ դատախազությունը համոզված է, որ նման անհրաժեշտություն չի եղել։

Դատախազի խոսքով՝ որպես մեղադրյալ ներգրավելու ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանին մեղսագրվում են ենթադրյալ հանցանքներ, որոնք կատարվել են նրա՝ ՀՀ արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում, այսինքն՝ 2010-2014 թվականներին, ու թեև Թովմասյանի՝ Սահմանադրական դատարանի անդամ նշանակվելու պահին գործել է 2005 թվականի Սահմանադրությունը, 2010-2014 թվականներին ենթադրաբար կատարված և վերջինիս մեղսագրվող հանցագործությունների փաստի առթիվ քրեական գործ հարուցվել է 2019 թվականի օգոստոսին, այսինքն՝ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության պայմաններում, որը Սահմանադրական դատարանի դատավորի համար միայն  գործառութային անձեռնմխելիություն է սահմանում։

Անդրադառնալով պաշտպանական կողմի այն պնդմանը, թե գործի մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողություն կարող էր իրականացնել միայն գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ Արսեն Մարգարյանը նշեց, որ «Դատախազության մասին» օրենքով, ունենալով լիազորություն կոնկրետ վարույթով դատախազության լիազորությունների իրականացումը մի քանի դատախազների հանձնարարելու և դատախազական խմբի ղեկավար նշանակելու՝ Արթուր Դավթյանի կողմից  ստեղծվել է դատախազական խումբ, իսկ դրա ղեկավարի պարտականությունները նա վերցրել է իր վրա, այսինքն՝ Դավթյանը շարունակել է նշված քրեական գործով դատախազական հսկողության իրականացումը:

Մարգարյանն ասաց, որ նախաքննության ընթացքում քրեական դատավարության մասնակիցների կողմից վարույթն իրականացնող քննիչի որոշումների և գործողությունների դեմ բերված բողոքները քննարկվել և դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ կայացրել է բացառապես գլխավոր դատախազը, նա է կայացրել նաև նախաքննության ժամկետները երկարացնելու մասին քննիչի միջնորդությունները քննարկելու վերաբերյալ որոշումները։ Արթուր Դավթյանը նաև որոշում է կայացրել հաստատել գործով մեղադրական եզրակացությունն ու այն ուղարկել դատարան։

Ինքը՝ Մարգարյանը, Դավթյանի հանձնարարությամբ, նաև՝ որպես դատախազական խմբի ղեկավար,  մասնակցել է պաշտպանների կողմից մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում դատարան ներկայացված բողոքների, ինչպես նաև խափանման միջոցի կապակցությամբ վերաքննիչ քրեական դատարանի նիստերին, որոնց ընթացքում դատարաններն իր մասնակցությունը դիտել են իրավաչափ:

Ըստ Արսեն Մարգարյանի՝ գլխավոր դատախազը, պահպանելով դատարանում մեղադրանքի պաշտպանության իր լիազորությունը, իրավունք ունի նաև այդ գործառույթը լիազորել այլ դատախազի, ինչն արել է։

Ինչ վերաբերում է Թովմասյանի բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն տալու որոշումը բեկանելուց հետո խուզարկությամբ ձեռք բերված փաստական տվյալների՝ քրեական գործում լինելու հանգամանքին՝ Մարգարյանը նշեց, որ բեկանման մասին որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ բուն քրեական գործն արդեն մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարված եղել, ուստի հսկողություն իրականացնող դատախազը որևէ միջոց չի կարող ձեռնակել նշված ուղղությամբ:

«Պաշտպանության կողմի վերոգրյալ անհիմն վերլուծություններն արդեն իսկ վկայում են ներկայացված միջնորդության առարկայազուրկ լինելը»,- ասում է Արսեն Մարգարյանը։

Անդրադառնալով Թովմասյանի վերաբերյալ վարույթի գաղտնության մասին հարցին՝ դատախազը նշեց, որ Թովմասյանը որպես մեղադրյալ ներգրավվելուց անմիջապես հետո ինքն է ՍԴ վարչական շենքի դիմաց ԶԼՄ ներկայացուցիչներին հարցազրույց տվել և բացահայտել ու հանրայնացրել իր նկատմամբ կատարված քննչական և այլ դատավարական գործողությունները, և Թովմասյանի հարցազրույցից հետո բազմաթիվ լրատվամիջոցներից ՀՀ գլխավոր դատախազություն ստացված պարզաբանումներ տրամադրելու խնդրանքներին արձագանքելու, ինչպես նաև հաշվի առնելով առանձին քրեական գործերով նախաքննության ընթացքի վերաբերյալ հանրության իրազեկվածության իրավունքի ապահովման, թափանցիկության սկզբունքները՝ գլխավոր դատախազությունը պաշտոնական կայքում տեղադրել է հրապարակում՝ պարզաբանումներ տալով մինչ այդ արդեն իսկ Թովմասյանի կողմից հայտնած հանգամանքների և նրա կողմից հարցազրույցում բարձրացված մի շարք հանգամանքների վերաբերյալ՝ տալով ընդհանուր բնույթի տեղեկատվություն նրան առաջադրված մեղադրանքի կապակցությամբ, որում նաև նշվել է անմեղության կանխավարկածը սահմանող դրույթն այդ մասին։

Ինչ վերաբերում է մեղադրական եզրակացության պատճենը 5 ամիս անց Հրայր Թովմասյանին հանձնելուն և այն մեկնաբանությանը, որ դրանով պաշտպանական կողմը զրկվել է պաշտպանությանը նախապատրաստվելուց՝ Մարգարյանը նշեց, որ թեև այս հարցը նախկինում պարզաբանել են, այնուամենայնիվ, հարկ է համարում նշել, որ  մեղադրական եզրակացությունը հաստատվելուց հետո այն նույն օրն ուղարկվել է Հրայր Թովմասյանին։ Բացի այդ՝ համապատասխան միջնորդության հիման վրա դրա մեկ օրինակը տրամադրված է եղել նաև պաշտպան Պողոսյանին, ինչով հիմնավորվում է, որ պաշտպանության կողմը զրկված չի եղել պաշտպանությանը նախապատրաստվելուց:

Միհրան Պողոսյանը, պնդելով իր միջնորդությունը, հույս հայտնեց, որ կգա մի օր, երբ դատախազ Մարգարյանը  կգիտակցի, որ այս միջնորդությամբ իրենք ոչ թե նրան հեռացնում են վարույթից, այլ փրկում։

Դատարանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, որոշեց մերժել դատախազին ներկայացված բացարկի միջնորդությունը։ Այսինքն՝ Մարգարյանը կշարունակի պաշտպանել գործով մեղադրանքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter