HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ-ն քննարկեց մետաղական հանքարդյունաբերող ընկերությունների գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը

Խորհրդարանը քննարկեց «Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը ուսումնասիրող» ԱԺ քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույցը:

Զեկույցը ներկայացրեց քննիչ հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը, ում խոսքով` ակտիվ շահագործման փուլում գտնվող մետաղական հանքավայրերից ոչ մեկը շահութահարկ չի վճարում, այսինքն՝ շահույթով չի աշխատում, ինչը Բագրատյանը ոչ արժանահավատ համարեց: Բագրատյանի խոսքով` քննիչ հանձնաժողովն իր գործունեության շրջանակներում փորձել է վեր հանել մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը:

Սակայն հանձնաժողովն իր գործունեության ընթացքում որոշակի խնդիրներ է ունեցել պատշաճ և ժամանակին տեղեկատվության ստացման առնչությամբ, որի պատճառով բավականին դանդաղել է հանձնաժողովի գործունեությունը: Ըստ հանձնաժողովի նախագահի` հիմնական խնդիրներից մեկը, որին բախվել է քննիչ հանձնաժողովը, կատարված հարցումներին ոչ ամբողջական պատասխանելն է կամ պատասխաններից խուսափելը, որը հիմնականում հանքարդյունաբերող ընկերությունները հիմնավորել են առևտրային գաղտնիքով:

Հանձնաժողովն արձանագրել է, որ տեղական, ազգային կամ միջազգային նշանակության մշակութային հուշարձանների և դրանց բնական միջավայրի ապամոնտաժային ոչնչացումը, դրանց գտնվելու վայրի զննումը կամ այլ գործունեությունը կարող է խախտել Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային կոնվենցիաներով ամրագրված ՀՀ հանձնառությունները:

Բագրատյանի խոսքով` առաջարկում են նախաձեռնել օրենսդրական փոփոխություն, որը թույլ կտա մասնավոր կապիտալի ներգրավումը և նոր ներդրումային միջավայրի ձևավորման հնարավորություն մետաղական հանքարդյունաբերության ոլորտում։ Ինչպես նաև մշակել կարգավորման մեխանիզմ հանքարդյունաբերողների ընթացիկ պարտավորությունների պարտադիր ամենամսյա հրապարակման համար։

Հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ելույթում նշեց, որ հանձնաժողովի գործունեության նպատակն է եղել պարզել մետաղական հանքարդյունաբերող ընկերությունների ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, որը, սակայն չեն իրականացրել, քանի որ պարզելու համար ռեսուրսներ չունեին:

Թունյանի խոսքով, երբ հանձնաժողովը ստեղծվում էր, բարձրաձայնել է այն խնդրի մասին, թե արդյոք կան պրոֆեսիոնալ հաշվապահներ, որոնք հեղինակավոր աուդիտորական ընկերությունների կատարած հաշվետվությունները կարող են ուսումնասիրել, սակայն հանձնաժողովի գործունեության ընթացքում նման մասնագետների չի տեսել: Տեսել է միայն բնապահպան ակտիվիստների, որոնք ընդգծված մեկ թեմայի շուրջ են խոսել:

Թունյանն ընդգծեց` կցանկանար հանդիպել հանքարդյունաբերական ընկերությունների տնօրեններին և հարցնել, թե ինչպես է վնասով աշխատող ընկերությունը մի քանի միլիարդ դրամի գումար ուղղում բարեգործական նպատակով, սակայն այդ հնարավորությունը չեն ունեցել:

Ըստ Թունյանի` հանձնաժողովը ստեղծվել էր մեկ հանքարդյունաբերական ընկերության ներդրումային ցուցանիշները կասկածի տակ առնելու համար:

«Մենք ձախողել ենք մեր գործունեությունը, դրանում ես էլ իմ մեղքի բաժինը տեսնում եմ, ինքս բավարար չեմ աշխատել»,- ասաց նա` ընդգծելով, որ սա պետք է դաս լինի, որպեսզի ինքնանպատակ հանձնաժողովներ չստեղծվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter