HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Սերգո Տոնոյան․ «Կոնդի մրցույթը Ավինյանի ու իր գրասենյակի բիզնես ծրագիրն է»

Քաղաքաշինության կոմիտեն այսօր հանդես եկավ Երևանի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի զարգացման, վերակենդանացման, զբոսաշրջային ենթակառուցվածքների նախագծման բաց միջազգային ճարտարապետա-քաղաքաշինական հայեցակարգի մրցույթ կազմակերպելու առաջարկով։ Կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակված նախագծի փաթեթի վերաբերյալ առաջարկների համար սեղմ ժամկետ է սահմանվել՝ մինչև փետրվարի 1-ը։

Մրցույթի արդյունքում ձևավորված հայեցակարգի իրագործման նպատակով քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է ստեղծել մասնագիտական աշխատանքային խումբ։ Խմբում պետք է ներգրավվեն ինչպես ճարտարագետներ, քաղաքաշինարարաներ և հնագետներ, այնպես էլ իրավաբաններ, լրագրողներ և այլ մասնագետներ։ 

Քաղաքաշինության կոմիտեի մասնագիտական  խորհուրդն էլ կարևոր է համարում, որ այս պահին դադարեցվեն Կոնդում կառուցապատման բոլոր գործարքները, նախագծերի մշակումը, շինթույլտվությունների տրամադրումը։ Հրատապ է համարվում Կոնդի տարածքում խորքային պեղումներ իրականացնելու հարցը։ Առաջին փուլում պետք է մշակվի միջավայրի վերականգնման մոդելը, երկրորդ փուլում՝ ճարտարապետական լուծումները։

Թեմայի վերաբերյալ «Հետք»–ը զրուցել է «Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե» նախաձեռնության անդամ, ճարտարապետ, պատմաբան Սերգո Տոնոյանի հետ։ 

Պարոն Տոնոյան, Քաղաքաշինության կոմիտեն այսօր հանդես եկավ Կոնդի հայեցակարգի մրցույթ անցկացնելու առաջարկությամբ։ Հասցրե՞լ եք այն քննարկել «Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե» նախաձեռնությունում։

Անցյալ տարի այդ քննարկման մեջ էինք, բայց հայտնի պատճառներով մի քիչ հետ էինք վարժվել, բայց այսօր արեցին այդ հայտարարությունը։

Հապճեպություն տեսնո՞ւմ եք այսօր նման նախաձեռնությամբ հանդես գալու մեջ։

Այն, որ իրենք այս մրցույթին պատրաստվում էին, մեզ հայտնի էր։ Այդտեղ նորություն չկա, բայց ինչո՞ւ այս պահին, ի՞նչ փուլի են հասել։ Այդ հարցերը պետք է իրենցից ճշտել։ Իմ կարծիքն է, որ էլի նույն, հին պատմությունն է՝ ներդրումներ բերելու պատրվակով փորձում են այդ նախագիծն առաջ տանել։ Ամենայն հավանականությամբ, ունեն ինչ–որ ներդրողներ, որոնք մեզ՝ հանրությանը, հայտնի չեն։ Խորը կասկածներ ունեմ, որ դա անձամբ Ավինյանի (փոխվարչապետ Տիգրան Ավինյան) ու իր գրասենյակի բիզնես ծրագրերն են։ Այդ փող բերելու պատրվակով հերթական թաղամասն են ուզում վարի տալ։

Ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ, օրինակ, Ֆիրդուսի թաղամասի ներդրողների վերաբերյալ թափանցիկության խնդիրների պայմաններում նոր օջախ են բացում Երևանում։ 

Վատ, ամենավատ մեկնաբանությունը, խայտառակություն է։ Իրենք Ֆիրդուսիում ծայրից ծայր խայտառակ եղան։ Ընդ որում, ոչ թե Ֆիրդուսիում ներդրողներն անհայտ էին, այլ ընդհակառակը՝ հայտնի ներդրողներ էին։

«Գլենդել Հի՞լզը» նկատի ունեք։

Այո–այո։ Դատական պրոցեսներ, խնդիրներ, սեփականության հարցեր։ Դա «հորով–մորով» արեցին, հիմա էլ անցնում են Կոնդին։ Այսքանից հետո իրենք նույնիսկ բարոյական իրավունք չունեն այսպիսի լուրջ բաներին մոտենալու, բայց համառում են։ Ես գիտեմ՝ պատրվակը հետևյալն է լինելու։ Ասելու են՝ հետպատերազմյան իրավիճակ, տնտեսական ճգնաժամ, խոչընդոտում եք, հազիվ ներդրող կա և այլն և այլն։

Այս պայմաններում «Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե»-ն ինչպե՞ս է արձագանքում իրավիճակին։

Այսօր է հայտարարությունը եղել, քննարկումներ գնում են նախաձեռնությունում։ Առայժմ այս պահին մշակած կարծիք դեռ չունենք, բայց կունենանք, կարծում եմ՝ մոտակա օրերին։

Որպես նախաձեռնության անդամ մտածո՞ւմ եք ինչ-որ կերպ հակազդել այս ծրագրին։

Այստեղ նուրբ պահ կա հակազդեցության, ակցիաների։ Սա իմ կարծիքն է՝ առկա ներպետական և ներքաղաքական ճգնաժամում ինչպե՞ս դա իրականացնել, որ զուգահեռներ և հակասություններ չառաջանան։ Նախորդ տարի այս օրերին սկսվեց Հանրապետության հրապարակի տխրահռչակ գաղափարը՝ այն փորելու, հետո անցան Ֆիրդուսին։ Շատ շատ ենք մենք քննադատել այն մոտեցումը, որ իրենք չունեն քաղաքի ընդհանուր զարգացման ծրագիր, քաղաքային պլանավորման տեսլական չունեն և առանձին–առանձին հավածերում ինչ-որ բաներ են ուզում անեն, որոնք որ մասնագիտորեն շատ խնդրահարույց են։

Կոնդն ամենացավոտ կետն է Երևանի։ Շատ ընդգրկուն է իր նախապատմությունը և թռուցիկ, մատների արանքով, այն էլ՝ այս ձախողված իշխանությունը, նաև քաղաքային իշխանությունը քաղաքային պլանավորման տեսնակյունից ամբողջությամբ ձախողել են, իրավունք չունեն հապճեպ բաներ անել։ Եթե պարզ խոսենք, Կոնդը երկար տարիների մտածելու, մշակելու, նախագծեր անելու տեղ է։ Այստեղ, հավանաբար, էլի արագ–արագ ինչ–որ բան կանեն։ Հիմա իրենք ասում են՝ մրցույթ։ Ես նախորդ տարի եմ մրցույթի փաթեթը կարդացել, որն առանձին իր հերթին խայտառակություն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter