HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Հանրային մուլտիպլեքսի սլոթերի բաշխումը քննադատության է արժանացել

Հեռուստահաճախությունների լիցենզավորման (հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման) մրցույթների արդյունքները դժգոհություն եւ տարակուսանք են առաջացրել ոչ միայն մրցույթից դուրս մնացած հեռուստաընկերությունների սեփականատերերի, այլեւ լրագրողական կազմակերպությունների եւ մեդիա փորձագետների շրջանում։

Հայաստանի երկրորդ՝ Հ2 հեռուստաալիքը, որը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի վարկանիշային քվեարկության արդյունքում դուրս է մնացել հանրապետական սփռման մրցույթից եւ հունվարի 21-ից ալեհավաքի միջոցով անհասանելի կլինի հեռուստադիտողի համար, Հանձնաժողովի հունվարի 15-ի որոշումը համարել է ոչ իրավաչափ և խտրական։ Հեռուստաընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ բոլոր օրինական միջոցներով պայքարելու է վերգետնյա եթերային հեռարձակումը վերականգնելու համար:

Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանից հրապարակային պարզաբանումներ է պահանջել նաեւ Արմավիրում տասնամյակներ գործող «ԱԼՏ հեռուստախմբագրություն»-ը, որը հավաքած միավորներով զիջել է նորահայտ, փորձագետների խոսքով՝ թղթի վրա գործող «Արանեա» ՍՊԸ-ին։

Հանրապետական սփռման մրցույթից դուրս մնաց նաեւ «Ա1+» հեռուստաընկերությունը, որի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը մրցույթի մասին կարծիք հայտնելիս ասել է, որ «ամեն ինչ, կարծես, արվեց աչքաչափով»։ Նա դեռ չգիտի՝ կդիմի՞ մայրաքաղաքային սփռման նոր մրցույթին, որտեղ մեկ ազատ սլոթ է մնացել։ Որոշումը պայմանավորված կլինի հաշվարկներով՝ արդյոք մայրաքաղաքաղային լսարանը բավարար է կոմերցիոն տեսանկյունից շահավետություն ապահովելու համար։

Հունվարի 18-ին Հանրային լրագրողների ակումբի կազմակերպած «Ի՞նչ սկզբունքով ընտրվեցին Հայաստանում սփռվող հեռուստաալիքների հաճախականությունների մրցույթի հաղթողները» թեմայով քննարկմանը մրցույթի անցկացման կարգը եւ արդյունքները քննադատեցին նաեւ լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Հեռուստադաշտում գրեթե ոչինչ չփոխվեց

Ընդհանուր գնահատականն այն է, որ մրցույթի արդյունքները չեն արտացոլում Հանձնաժողովի այն ցանկություն-մտադրությունը, որը հունվարի 15-ի նիստում բարձրաձայնեց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, թե ամեն ինչ պիտի անեն, որ ընտրվեն այնպիսի ընկերություններ, որոնք հասկանում են՝ ինչ է հանրային շահը, այլ ոչ թե ընկած են կուսակցական շահի հետեւից։

«Ես խիստ հիասթափված եմ մրցույթի արդյունքներից։ Երբ ընդունվում էր «Տեսալսողական մեդիայի մասին» նոր օրենքը, ասվում էր, որ այն պետք է մաքրի եթերը։ Այս մրցույթի արդյունքներով հայաստանյան եթերը չի մաքրվելու։ Ես խիստ կասկածում եմ, որ մայրաքաղաքային, ինչու չէ՝ նաեւ հանրապետական սփռման լիցենզիա ստացած հեռուստաընկերությունները գնահատում են կամ հասկանում են հանրային շահը։ Ինչպե՞ս իրենք պետք է հաղթահարեն իրենց տենդը՝ քաղաքական շահեր սպասարկելու»,-ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի ընդունումից հետո ընկած ժամանակահատվածը գնահատելով՝ նա արձանագրեց, որ հայկական հեռուստաեթերն ավելի վատն է դարձել՝ ատելության խոսքի եւ զրպարտության, մանիպուլյացիաների, կողմնակալության դրսեւորումներն ավելի են սաստկացել։ Առկա իրավիճակի համար, նրա կարծիքով, մեղավոր է ՀՌՀ։ «Նույնիսկ վատ օրենքի հնարավորությունները չեն օգտագործվում, որպեսզի գերակա լինի հանրային շահը, եթերը զերծ լինի վիրավորանքից, ատելությունից»,- ասաց պրն Մելիքյանը։

Թեեւ մրցույթն ուղիղ հեռարձակվում էր եւ մասնակիցների միավորները հայտարարվում էին հրապարակային, լրագրողական կազմակերպությունների ղեկավարները դա բավարար չեն համարում Հանձնաժողովի աշխատանքի թափանցիկության տեսանկյունից։

«Ժամանակակից պայմաններում այդ գործընթացն ավելի թափանցիկ պետք է լիներ։ Կարեւոր է իմանալ հանձնաժողովի ամեն մի անդամի գնահատականը ամեն մի հեռուստաընկերության դեպքում։ Անհասկանալի է, թե ինչպես  Արմավիրի մարզում տասնամյակներ շարունակ գործող, լսարան ունեցող, քիչ թե շատ կայացած, 2010-ին անարդարացիորեն լիցենզիա չստացած հ/ը այս անգամ նույնպես չի ստանում, եւ գերադասվում է անհայտ ընկերություն, որը, չգիտես ինչ պատճառներով, ստանում է ավելի բարձր միավոր»,- տարակուսանք է հայտնում Աշոտ Մելիքյանը։ Այս տիպի մրցույթները, նրա եւ գործընկերների կարծիքով, շատ մեծ սուբյեկտիվիզմի տեղիք են տալիս։ «Դա է պատճառը, որ մենք թե’ անցյալում, թե’ հիմա պնդում ենք, որ մրցույթներն անախրոնիզմ են, ժամանակակից տեխնոլոգիական զարգացման պարագայում՝ ավելորդություն, եւ դրա անհրաժեշտությունն այլեւս չկար, պետք էր սահմանափակվել միայն հեղինակազորմամբ»,- եզրակացնում է ԽԱՊԿ նախագահը։

«Ես բացարձակ չեմ հասկանում հանրային մուլտիպլեքսում նոր հեռուստաընկերություններին տեղ տալը։ Լոռիում վատ իրավիճակ է ստեղծվել, բայց ամենաանընդունելին Արմավիրում ստեղծված վիճակն է, երբ ավելի ցածր է գնահատվել գործող հեռուստաընկերությունը»,- ասում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը։

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն առայժմ ձեռնպահ է մնում մրցույթի արդյունքների վերաբերյալ գնահատականից, սակայն կարեւորում է մրցույթի աուդիտ անցկացնելը՝ տեսնելու, թե ինչով է պայմանավորված յուրաքանչյուր գնահատական եւ որքանով պրոֆեսիոնալ եւ պատասխանատու աշխատեց կարգավորող մարմինը։ ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի միակ դրական փոփոխությունն այն է, որ հանրային մուլտիպլեքսում ներառվելիք հեռարձակողների համար պարտադիր է էթիկայի կանոնագրի առկայությունը եւ մեխանիզմներ, որոնցով ապահովվում է դրանց պրոֆեսիոնալ կատարումը։ Եվ շատ հետաքրքիր կլինի տեսնել, թե այդ բաղադրիչն ինչպես է գնահատվել։ Բայց տված գնահատականներից չենք կարող հասկանալ, թե կոնկրետ այդ բաղադրիչին ինչ գնահատական է տրվել, այն քողարկվել է ավելի մեծ չափորոշչի մեջ, որտեղ սուբյեկտիվ գնահատականների շատ ավելի մեծ հնարավորություններ են տրվել, քան իմ նշած բաղադրիչի մեջ։ Իմ նշած բաղադրիչով շատ լավ կարելի է հասկանալ, թե որքանով է լրատվամիջոցը շահագրգռված գործել որակյալ լրագրության շրջանակներում»,- ասում է Բորիս Նավասարդյանը։

Իշխանությունը չունի բավարար լծակներ՝ իր ուզածն իրականացնելու ԶԼՄ դաշտում

Մրցույթի որոշ մասնակիցներ ու փորձագետները ՀՌՀ որոշման մեջ նաեւ քաղաքական տարր են տեսնում։

ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանն այս մրցույթը համեմատում է լիցենզավորման առաջին մրցույթների հետ՝ նմանեցնելով քաղաքական իրավիճակները, քանի որ դրանք անցնում են երկրում քաղաքական փոփոխություններից՝ իշխանափոխությունից եւ սուր զարգացումներից հետո։

«Եթե 2002-ին մենք ունեինք քաղաքական իրավիճակ, որի վրա ազդում էր 1999-ի հոկտեմբեր 27-ին խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչական ակտը, որը մեծ հետք թողեց Հայաստանի քաղաքական պայքարի վրա, այս անգամ ունեինք համավարակ եւ պատերազմ։ Որոշումները նման մրցույթների ժամանակ ընդունվում էին առաջին անգամ նոր իշխանությունների գործունեության ընթացքում։ 2002-ին անցանկալիները դուրս մղվեցին, իսկ մնացածներն էլ փոխեցին իրենց շեշտադրումները եւ հարմարվեցին նոր իշխանություններին։ Շատերը սպասում էին, որ նման իրադարձություններ կլինեն այս անգամ, սակայն մենք տեսանք, որ իշխանություններին քննադատաբար վերաբերվող գրեթե բոլոր հեռուստաընկերությունները մնացին եթերում, եւ չեմ կարծում, որ փոխելու են իրենց աշխատանքի ոճը եւ ուղղվածությունը։ Այսինքն՝ տեսանք իրավիճակ, երբ երկրի քաղաքական փոփոխությունները չեն ազդում հեռարձակվող լրատվամիջոցների ցանկի վրա, դա հետաքրքիր երեւույթ է եւ, հավանաբար, պետք է ուսումնասիրվի»,- ասում է պրն Նավասարդյանը։

Նրա կարծիքով՝ գործող իշխանությունը չունի բավարար լծակներ իր ուզածն իրականացնելու ԶԼՄ դաշտում եւ արձանագրում է, որ փորձեր չեղան կամ շատ համեստ փորձեր եղան, ավելի շատ՝ նոր հեռուստաընկերություններ դաշտ մտցնելու, քան անցանկալիներին եթերազրկելու ձեւով։

Աշոտ Մելիքյանը տպավորություն ունի, որ հանձնաժողովն աշխատել է լիցենզիա տրամադրել բոլոր այն ընկերություններին, որոնք այս կամ այն կերպ ասոցացվում են քաղաքական ուժերի հետ՝ այդպիսով պահպանելով հավասարակշռությունը։ «Ստեղծված իրավիճակը կարծես ձեռնտու է իշխանություններին։ Հեռարձակման ոլորտում ոչինչ չի փոխվել, եւ, մեծ իմաստով, պահպանվում է ստատուս քվոն»,- ասում է նա։

«Ա1+» հ/ը հիմնադիր, գործադիր տնօրեն Մեսրոպ Մովսեսյանի համոզմամբ՝ աչքաչափով որոշելը հանգեցրել է նրան, որ դաշտը դարձել է պրոպագանդայի աղբյուր։ «Ուշադիր վերլուծելու դեպքում կհասկանանք՝ որ կայանը որ կուսակցությունից է ֆինանսավորվում։ Սա միանշանակ քաղաքական նպատակով տեղի ունեցած մրցույթ էր, ինչպես միշտ, ձեւերն են փոխվել։ Մրցույթին դիմածների ամբողջ ցանկին նայելով՝ «Ա1+»-ը խանգարող էլեմենտ էր»,- ասել է նա։

ՀՌՀ կազմը պրոֆեսիոնալ հմտությունների առումով «խոցելի» է 

Լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչները առաջադրում են նաեւ ՀՌՀ կազմի հարցը։ «Այն, որ ՀՌՀ-ն պահպանում է իր հին կազմը, որը քողարկված ձեւով կուսակցական քվոտաներով է ձեւավորված, պրոֆեսիոնալ հմտությունների եւ պատասխանատվության առումով խնդիրներ է առաջացնում, բայց քանի որ դրա ձեւավորման կարգն օրենքով է սահմանված, շատ դժվար է պահանջել դա փոխել, բայց դրա շուրջ պետք է մտածել՝ ՀՌՀ վստահությունը մեծացնելու համար։ Չէի ասի, որ ոչինչ չի ձեռնարկել այս ՀՌՀ-ն, բայց բավարար չի։ Դաշտի կարգավորումն ավելի բարձր պրոֆեսիոնալ եւ իրավական մակարդակի վրա պետք է դրվի»,- ասում է ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը։

«ՀՌՀ-ն այս տարիների ընթացքում զարգացել է ամեն դեպքում, բայց կուզենայի, որ Հանձնաժողովը լիներ թափանցիկ, ոչ միայն մրցույթների թափանցիկություն, այլ հանձնաժողովի ամբողջ գործունեության, հավասարություն եւ անաչառություն բոլոր հեռարձակողների նկատմամբ, այն պետք է լինի իրոք կարգավորող, ոչ թե պատժող մարմին»,- օնլայն քննարկման ժամանակ կարծիք է հայտնել Նունե Սարգսյանը։

Երեք փորձագետներն էլ համակարծիք են, որ Հայաստանի հեռուստադաշտում առաջընթաց չկա։ «Անկախ նրանից, որ տեղի է ունեցել բավական լուրջ տեխնոլոգիական առաջընթաց ապահովող գործընթաց, մենք մնացինք քսան տարի առաջվա վիճակում։ Այսինքն՝ վերգետնյա հեռարձակման համար պահպանվում է պետական մուլտիպլեքսի մենաշնորհը։ Օրենքի մակարդակով այդ զավեշտը պահպանվեց, եւ դրա հետ կապված երկրորդ զավեշտն այն է, որ մարզերում հնարավորություն չկա այլ եղանակով հեռարձակում իրականացնելու, եւ ամեն մարզում հանրային մուլտիպլեքսից մեկ ընկերություն է օգտվելու։ Մենք չկարողացանք զարգացման որեւէ հնարավորություն տալ հեռարձակման ոլորտին»,- ասում է պրն Նավասարդյանը։

Նա պետությանն առաջարկում է մրցույթից դուրս մնացած հեռուստաընկերությունների համար գործելու հնարավորություն ստեղծել։ «Այդ ուղղությամբ ջանքերը պետք է շարունակվեն եւ’ օրենսդրական, եւ’ պրակտիկ մակարդակով։ Եթեր չստացած ալիքների թիվն այնքան քիչ է, որ պետության համար պարզապես ամոթ է նրանց համար հնարավորություն չստեղծելը։ Մանավանդ՝ նրանց մեջ գերակշռում են հենց տեղեկություն տվողները, ոչ թե միայն զվարճանք»։

Լուսանկարը՝ «Ա1+»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter