HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Քրեական գործ է հարուցվել ստորգետնյա ջրերով լի տարածքում բարձրահարկի կառուցման վերաբերյալ

Էրեբունի վարչական շրջանում ստորգետնյա ջրերով լի տարածքում ապօրինի կերպով բարձրահարկ շենք կառուցելու վերաբերյալ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին մեր հարցմանն ի պատասխան հայտնեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Հետք»-ը 2020թ. դեկտեմբերի 8-ին հոդված էր հրապարակել խնդրահարույց կառուցապատման վերաբերյալ։ «Ինժ գարանտ» ՍՊԸ-ն Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 35-րդ փողոց 127/1 հասցեում բարձրահարկ շենք կառուցելու թույլտվություն էր ստացել այն դեպքում, երբ նույն տարածքում խորհրդային տարիներին կառուցված շենքը ապամոնտաժվել էր վթարային լինելու պատճառով։ Շենքը հետագա օգտագործման համար անպիտան էր դարձել, քանի որ ստորգետնյա ջրերը քայքայել էին շենքի հիմքը։ Ռիսկ կա, որ նույն ճակատագրին է արժանանալու կառուցվելիք շենքը։

Նոր Արեշ 35-րդ փողոց 127/1 հասցեում ապօրինի բազմահարկ բնակելի շենք կառուցելու վերաբերյալ «Լույս» համատիրության նախագահ Ալբերտ Գևորգյանի և բնակիչների կողմից գլխավոր դատախազին հասցեագրված 20.11.20թ. դիմումը ստուգելու նպատակով ուղարկվել է Քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով 20.12.20թ․ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

Մինչ քրեական գործի հարուցումը «Հետք»-ում հրապարկվել էր «Ստորգետնյա ջրերով լի տարածքում 9 հարկանի շենք է կառուցվում» վերնագրով հոդվածը, որը դատախազությունն ուղարկել է վարույթն իրականացնող մարմին՝ քրեական գործին կցելու նպատակով։

Լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter