HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստորգետնյա ջրերով լի տարածքում 9 հարկանի շենք է կառուցվում

«Էրեբունի» բժշկական կենտրոնի դիմաց գտնվող նախկին հանրակացարանային շենքի բնակիչներ Նուշիկ Մուշեղյանն ու Սաթենիկ Խաչատրյանը խանութից տուն ճանապարհին մի պահ կանգ էին առել իրենց բակի փոքրիկ խաղահրապարակում՝ շունչ քաշելու։ Մեզ տեսնելուն պես երկուսն էլ միահամուռ սկսեցին դժգոհել խաղահրապարակին կից ընթացող շինարարությունից։ Դժգոհությունների պատճառը երկուսն էր։ Նախկին հանրակացարանային շենքում բազմանդամ ընտանիքներ են ապրում, և բակում երեխաների համար խաղալու վայր, կանաչ տարածքներ չկան և երկրորդը՝ կառուցվելիք շենքի հիմքում ստորգետնյա ջրեր կան, որոնք կարող են աղետալի հետևանքներ առաջացնել նորակառույցի համար։

«Այն ջուրը, որ հիմա կա շինհրապարակում, դա նաև նախկին շենքի տակն էր, որն ապամոնտաժվեց վթարային լինելու պատճառով, շենքը գնաց քանդման։ Եվ ճիշտ էր, որ քանդվեց, որովհետև ջրի մեջ էր, հերիք է ժողովրդին խաբեն, սա շենքի տե՞ղ է, որ բերեցին շենք սարքեցին»,– ասում է Նուշիկ Մուշեղյանը՝ հարց բարձրացնելով՝ ինչո՞ւ են ռիսկի տակ դնում ապագա բնակիչների կյանքը։

Սաթենիկ Խաչատրյանն էլ հիշեցնում է բնակիչների և Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների հետ տեղի ուենցած հանդիպումը, որի ժամանակ բարձրացրել են շենքի ռիսկայնության հարցը։ Ոչ մի ազդեցություն չի ունեցել այդ հանդիպումը կառուցապատման ծրագրի վրա, ավելին, ըստ բնակիչների, պատերազմի օրերին մեծ թափով մեկնարկել է շինարարությունը, որի աղմուկը մեկ այլ խնդիր է։

Վթարային դարձած և ապամոնտաժված շենքի նախկին բնակիչ Ագնեսա Հախնազարյանն էլ հիշում է վթարային դարձած շենքի ապամոնտաժման ժամանակ շինարարների հետ ունեցած իր զրույցը։ «Մեզ մեղադրում էին, ասում էին այսքան ամուր շենք կլինի։ Բայց քանի որ ոտքերը գտնվում էին ակտիվ ջրերի վրա, քայքայվում էր, ջուրը, ինչ հանդիպում էր դիմացը, քայքայում էր։ 5 տարի հետո այս կառուցվող շենքն ունենալու է մեր շենքի ճակատագիրը, որը շատ վտանգավոր էր»,- ասում է Ագնեսա Հախնազարյանը՝ հիշեցնելով, որ դեռևս 2008 թվականին տարածքում երկրաբանական ուսումնասիրություն է կատարվել և պարզվել, թե ինչու է շենքը դարձել վթարային։ Բնակիչներին այդ ժամանակ ասվել է, որ ստորգետնյա ակտիվ ջրեր կան, որոնք քայքայում են շենքի հիմքերը, ջրի հոսքը փակել չի լինի, իսկ փոխելու դեպքում հարակից շենքերն են վթարային դառնալու։ Նրանք մտահոգություններով շարադրված նամակներ են հղել Կառավարություն, Երևանի քաղաքապետարան, սակայն շինարարությունը չի կասեցվել, նոր երկրաբանական ուսումնասիրություն չի իրականացվել։ Բնակիչները մեզ են տրամադրել շինարարության ընթացքում շինհրապարակում իրենց արած լուսանկարները, որտեղ երևում են ջրով լցված հիմքերը։ Մեր այցելության ժամանակ էլ երևում էին ջրով լցված հիմքերը։

Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու և Տիտոգրադյան փողոցների խաչմերուկում գտնվող նախկին հանրակացարանային երեք շենքերից մեկը, վթարային լինելու պատճառով, ապամոնտաժվել է 2016 թվականին։ Դրանից մեկ տարի առաջ հանրակացարանային շենքերում բնակվող շուրջ 100 ընտանիք բնակարան է ստացել Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան 45 հասցեի նորակառույց շենքում։ 2019 թ.-ին «Ինժ գարանտ» ՍՊԸ-ն աճուրդով գնել է ապամոնտաժված շենքի հողամասը։ 1497 քմ մակերեսով հողամասը ընկերությունը գնել է 13.4 միլիոն դրամով և որոշել է տեղում 9 հարկանի բազմաբնակարան շենք կառուցել։

2008 թվականին «Երկրաբան–Ուտիք» ՍՊԸ-ն տարածքում ինժեներա–երկրաբանական հետազոտություն է կատարել և տվել է վթարային շենքի տեղամասի ինժեներա-երկրաբանական, հիդրոերկրաբանական պայմանների և շենքի տեխնիկական վիճակի մասին եզրակացություն։ Ընկերությունը տարածքում հորատել է 3 հորատանցք, գրունտներից նմուշներ է վերցրել լաբորատոր փորձարկման համար, ուսումնասիրել և վերլուծել է նախագծահետազոտական այլ կազմակերպությունների կողմից մինչ տարածքի կառուցապատումը (վթարային շենքի) կատարված հետազոտությունները։

Պարզվել է, որ հիդրոերկրաբանական տեսակետից տեղամասում առկա են հունատակի ստորգետնյա ջրեր, որոնք հիմնականում սնուցվում են ի հաշիվ տարածքը հյուսիս–արևելքից շրջափակող տաշտակաձև լանջերից մուտք գործող ջրերի։ «Ստորգետնյա ջրերը մեր կողմից հորատված հորատանցքերով բացահայտվել են 2.2 մետրից 3 մետր խորության վրա, ըստ «Հայինժնախագիծ» ՓԲԸ-ի տվյալների՝ 2.6 մետրից 4.6 մետր խորության վրա նկատվում է ջրի հորիզոնի բարձրացում շուրջ 0.4 մետրից 1.6 մետր»,- ասված է եզրակացության մեջ։

Հիմնականում առկա ջրերի քիմիական կազմի վերլուծությունը ցույց է տվել, որ տեղամասի ջրերը հանքայնացած են, աղայնացված և նորմալ թափանցելիության բետոնի նկատմամբ ցուցաբերում են միջին ագրեսիվություն, տեղամասի ջրերին խառնվել են նաև կոյուղագծերի և այլ տեխնոգեն հաղորդակցուղիների հուսակորուսների ջրերը, որի մասին վկայել են յուրահատուկ հոտն ու պղտորությունը։ Հետազոտված շենքի հիմքի համար որպես հիմնական գրունտներ ծառայել են տարբեր տեսակի կավային գրունտներ՝ ավազակավեր և կավեր փափուկ և հասուն պլաստիկ թանձրության, ջրհագեցած, այսինքն՝ հիմնատակը խիստ անհամասեռ է։

Հետազոտության ժամանակ պարզվել է, որ հիմնատակի գրունտները գտնվել են ջրհագեցած վիճակում, դրանց բնական պլաստիկությունը վեր է ածվել փափուկ և հասուն պլաստիկ թանձրության, և թուլացել է դրանց կրողունակությունը։ Ըստ սեյսմիկ հատկանիշների՝ հիմնատակի գրունտները պատկանում են 3-րդ և 4-րդ սեյսմիկ կարգին, իսկ կառույցի տարածքի սեյսմիկ իրավիճակը գնահատվել է ավելի քան 10 բալ։

Կառուցապատողը վստահեցնում է՝ «ամուր շենք են կառուցում»

Շինարարական «Ինժ գարանտ» ՍՊԸ-ի տնօրեն Էդվարդ Վարդանյանը «Հետք»-ի հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց կառուցապատման ծրագրին դեմ արտահայտվողների հանդեպ։ Վարդանյանը միանգամից հիշեց Սիսակյան փողոցում իր կառուցած շենքի պատմությունը, երբ տարածքի սեփական տներից երկուսի բնակիչների բողոքների պատճառով 12 հարկանի շենքի փոխարեն կառուցվեց 8 հարկանի շենք։ Այդ շենքը և այլ շենքեր ընկերությունը կառուցել է վթարային դարձած շենքերի բնակիչներին բնակարանով ապահովելու ծրագրի շրջանակում՝ Երևան համայնքի և Կառավարության միջոցների հաշվին։

Էդվարդ Վարդանյանը նշում է, որ գրունտների համար նախապես հրավիրել են երկրաբանի, որը մինչև 30 մետր խորությամբ հորատումներ է կատարել։ Պարզվել է, որ գրունտները կավային են, և եղել են «թափառող ջրեր»։ «Բայց դրանք վտանգավոր չեն, մենք շատ հզոր ֆունդամենտներ ենք կատարել, ջրամեկուսացման բոլոր միջոցառումներով և կառուցում ենք 9 հարկանի, 1 մուտքանի շենք»,- ասաց Էդվարդ Վարդանյանը՝ մանրամասնելով, թե ինչ ջրամեկուսացման միջոցառումներ են կատարել։ Շինհրապարակի հարևանությամբ գտնվող ճանապարհներից անձրևաջրերը գալիս և լցվում էին հիմքի համար փորված փոսը, ինչը, կառուցապատողը վստահեցնում է, որ կանխել է՝ արգելք ստեղծելով ջրերի հոսքի համար։ Հանրակացարանային երկու շենքերի կոյուղատարների անմխիթար լինելու պատճառով կոյուղաջրերը նույնպես լցվում էին շինհրապարակ, որը վերացնելու համար աշխատանք են կատարել «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները։

Էդվարդ Վարդանյանը վստահեցնում է, որ ստորգետնյա ջրեր չկան, պարզապես առկա են «թափառող ջրեր»։ Դիտարկմանը, որ նախկինում տարածքում երկրաբանական հետազոտություններ են կատարվել, և խնդիրները թվարկվել են, կառուցապատողը հավաստիացնում է, որ բոլոր միջոցառումներն արել են այդ խնդիրները չեզոքացնելու համար՝ նախ խճային նախապատրաստական շերտ են ստեղծել, նախագծից ավել խամքարաբետոնի շերտ են ավելացրել ֆունդամենտի տակ, իսկ ֆունդամենտը 16 և ավել հարկեր ունեցող շենքի համար կարող է ծառայել։

«Բացարձակ վտանգ չկա շենքին, ես ինքս գիտությունների թեկնածու եմ և դա ասում եմ, բոլոր հետազոտություններն արված են, միջոցառումներն արվում են։ Սրանք ամենասեյսմակայուն շենքերն են, ժողովրդի լեզվով ասած՝ «դեեսկայի» շենքերն են»,- ասաց Էդվարդ Վարդանյանը՝ շեշտելով, որ ինքն ու իր ընտանիքը միանշանակ կապրեին կառուցվող շենքում։

«Ինժգարանտ» ՍՊԸ-ի տնօրենը մեզ տրամադրեց իրենց պատվիրած երկրաբանական հետազոտության եզրակացությունը, որն իրականացրել է «Գեոլիթ» ՍՊԸ-ն։ Եզրակացության մեջ ասված է, որ տեղամասի երկրաբանական կտրվածքը հետազոտված խորությունների սահմաններում ներկայացված է գրունտների 4 տարբեր շերտերով։ Փորված հորատանցքերով գրունտային ջրերի հորիզոնը հատվել է 1․6-ից 3․7 մետր խորություններում: «Համաձայն գրունտային ջրի քիմիական անալիզի՝ ջրի լաբորատոր նմուշը ըստ ջրածնային ցուցիչի՝ Ph-ի պարունակության թույլ ագրեսիվ է միայն W4 տիպի բետոնների նկատմամբ և ոչ ագրեսիվ՝ W6-W12 բետոնների նկատմամբ: ....Անհրաժեշտ է ձեռնարկել ինժեներական միջոցառումներ՝ բացառելու գրունտային ջրերի թափանցումը նախագծվող կառույցի հիմնատակ»,- ասված է եզրակացության մեջ։

Դատախազությունն ուսումնասիրում է

«Լույս» համատիրության նախագահ Ալբերտ Գևորգյանը խնդրի վերաբերյալ բազմաթիվ նամականեր է հղել իրավասու կառույցների ղեկավարներին։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Աշոտ Շահբազյանն ի պատասխան այդ նամակներից մեկի հայտնել է, որ տարածքում կատարված երկրաբանական հետազոտությունների պատասխանները հակասական են։ Տեսչական մարմինն առաջարկել է Երևանի քաղաքապետարանին ժամանակավորապես կասեցնել շինարարության թույլտվությունը, իսկ կառուցապատողին պարտավորեցնել դադարեցնել շինարարությունը և իրականացնել նոր այլընտրանքային երկրաբանական հետազոտություն, որի արդյունքներից ելնելով միայն կարելի է շարունակել շինարարական աշխատանքները։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ ի պատասխան Տեսչական մարմնի ղեկավարի գրության հայտնել է, որ շինարարությունն իրականացվում է պետական համալիր փորձաքննության հիման վրա տրված դրական եզրակացության պայմաններում, և որ այդ պայմաններում շինարարությունը կասեցնելու լիազորություն իրենք չունեն։ Կառուցապատման վերաբերյալ համատիրությունից բողոք-նամակ է ուղարկվել նաև գլխավոր դատախազություն, որտեղից էլ հայտնել են, որ ներկայացված փաստերի հիման վրա ուսումնասիրություն է իրականացվում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter