HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Բնակիչների բողոքը մասամբ տեղ հասավ. Սիսակյան 3-ի շենքի հարկայնությունը կկրճատվի

Երևանի Սիսակյան 3 հասցեում սոցիալական ծրագրով կառուցվող շենքի հարկայնությունը կկրճատվի. նախատեսված 12 հարկի փոխարեն կկառուցվի 8-ը։ Այսպիսի որոշում է կայացրել Երևանի քաղաքապետարանը՝ մասամբ բավարարելով տարածքի բնակիչների պահանջը։

Հիշեցնենք, որ Սիսակյան 3-ի նորակառույցին հարող տարածքի՝ սեփական տների և այլ շենքերի բնակիչները ամիսներ շարունակ դիմումներ էին ուղարկում քաղաքապետարան՝ խնդրելով կրճատել շենքի հարկայնությունը։ Նրանք նաև փողոց փակեցին՝ շինարարությունն առժամանակ կանխելու նպատակով։ Բնակիչները պահանջում էին շենքի հարկայնությունը կիսել, կառուցել առավելագույնը 6 հարկ, քանի որ այդ տարածքում նախկինում եղել է հինգհարկանի հանրակացարան։ Իրենց դիմումներում բնակիչները նշում էին, որ շենքը 12 հարկ ունենալու դեպքում ստվերում է թողնելու իրենց տները՝ փակելով տեսադաշտն ու արևի մուտքը։

Քաղաքապետարանը ընթացք չէր տալիս բնակիչների բողոքին՝ նշելով, թե շենքի նախագիծը կազմվել է գործող չափանիշներին համապատասխան, հետևաբար խախտումներ չկան։ Այն, որ իրենց պահանջը մասամբ բավարարվելու է, և 12-ի փոխարեն կառուցվելու է 8 հարկ, բնակիչներն իմացել են մի քանի օր առաջ, երբ իրենց է ուղարկվել Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի ստորագրությամբ որոշումը։

Սիսակյան 3-ի շենքը կառուցվում է 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու սոցիալական ծրագրով։ Շենքի պատվիրատուն Երևանի քաղաքապետարանն է, կառուցապատումն իրականացնում է «Ինժգարանտ» ՍՊԸ-ն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter