
Հայաստան կարող է ներմուծվել ղազախական նավթամթերք
Խորհրդարանը հերթական նիստում քննարկեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:
Այն ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, որի խոսքով՝ համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը պայմանավորված է եղել երկու երկրների միջև նավթամթերքների առաքման ոլորտում համագործակցության կարգավորման կողմերի հետաքրքրվածությամբ: Ըստ համաձայնագրի` ղազախական նավթամթերքը Հայաստան առաքվելու դեպքում ազատվելու է մաքսատուրքի գանձումից:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց՝ կա արդյոք որոշակի հաշվարկ, թե այս հնարավորությունը բենզինի կամ դիզելային վառելիքի գնի վրա ինչպիսի ազդեցություն կունենա, գնանկում կլինի՞, թե՞ ոչ: Փոխնախարարն արձագանքեց, որ այս պահի դրությամբ նման հաշվարկ չկա, սակայն մրցակցության ավելացումն ակնհայտ է: Տերտերյանը հիշեցրեց, որ Հայաստանը նման համաձայնագիր ունի ՌԴ-ի հետ, և Ղազախաստանի հետ այսպիսի համաձայնագրի առկայությունը նոր հնարավորություններ կստեղծի:
«Առնվազն երկրորդ շուկայի պարագայում տեսական դատողություն կարելի է անել, որ ինչքան ներկրման հավասար պայմաններ լինեն` մաքսատուրքից ազատված, այնքան մատակարարող սուբյեկտների դաշտը կմեծանա, ինչը դասական կանոնների համաձայն՝ գնանկման կհանգեցնի: Ղազախական շուկան արտադրության իմաստով բավական մեծ պոտենցիալ ունի, որպես այլընտրանքային ռուսական շուկային` մեր ներկրողներին որոշակի հնարավորություն կտա»,- ասաց փոխնախարարը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը հետաքրքրվեց, թե ինչ ծավալի բենզին կամ այլ նավթամթերք կարող է ներկրվել: Փոխնախարարը դժվարացավ թվեր հնչեցնել` ասելով, որ այն պայմանավորված կլինի նաև, թե ինչ գին կառաջարկեն ղազախական կողմից:
Նախագծի հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ընդգծեց` սրանով Հայաստանում սպառվող նավթամթերքի ձեռքբերման ևս մեկ լրացուցիչ աղբյուրի հնարավորություն է լինելու: Թե ինչ ծավալով կառաքվի և ինչ չափով կազդի Հայաստանի նավթամթերքի ներքին սպառման շուկայի վրա, ըստ Թունյանի, ժամանակը ցույց կտա: Եկող տարվանից համաձայնագիրը փաստացի կարող է գործել:
Լուսանկարը՝ Pixabay-ից
Մեկնաբանել