
Փաշինյանը` Գորգիսյանին. «Դուք որպես ընդդիմություն ի վիճակի չեք սպասարկել Հայաստանի շահը»
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին պնդեց` գործող իշխանությունը չի կարողանում սպասարկել Հայաստանի պետական շահը:
«Ինչու՞ եք շարունակում պաշտոնավարել, ինչու՞ չեք հեռանում` հնարավորություն տալով կարող ուժերին գալ և շարունակել բանակցությունները հնարավորինս հայանպաստ ուղղությամբ»,-ասաց Գորգիսյանը` դիմելով Նիկոլ Փաշինյանին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց` բավական երկար տարիներ ՀՀ-ից միշտ գերիներ են եղել Ադրբեջանում, սակայն գերիների վերադարձի հարցը ընդդիմության օրակարգում չի եղել, չեն պահանջել իշխանություններից գերիներին Հայաստան վերադարձնել: Փաշինյանը կասկած հայտնեց, որ ընդդիմությունը ոչ թե գերիների վերադարձն է ուզում, այլ գերիների չվերադառնալու հարցով քաղաքական միավորներ վաստակել:
«Այո՛, շատ դժվար է հինգ ճակատով պայքարել գերիների վերադարձի հարցի շուրջ: Թվում է, թե հարց եք տալիս ճանապարհի անվտանգությունը բարձրացնելու համար, բայց իրականում հարց եք տալիս էժան քաղաքական միավոր շահելու համար, որի հետևանքով ճանապարհի գործունեության համար ձևավորվում է շատ կոնկրետ վտանգ: Եթե մեզ ասում եք, որ որպես իշխանություն ի վիճակի չենք սպասարկել Հայաստանի շահը, ես էլ ասում եմ` դուք որպես ընդդիմություն ի վիճակի չեք սպասարկել Հայաստանի շահը»,-ասաց Փաշինյանը:
Ըստ վարչապետի` ընդդիմությունն իր շեշտադրումներով վտանգի տակ է դնում գերիների կյանքը, և պարտադիր չէ, որ գերիների վերադարձի բանակցություննների ամբողջ բովանդակությունը ներկայացնեն:
Մեկնաբանել