HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Առողջապահական ծառայությունները կհարկվեն. ի՞նչ ռիսկեր ու հետևանքներ ունի ԱԱՀ-ով հարկումը

Կառավարության՝ 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 1455-Լ որոշման հավելվածի համաձայն՝ հարկային քաղաքականության ճեղքը կրճատելու և պետբյուջեի մուտքերը շատացնելու նպատակով չեղարկվելու են ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ)՝ մինչև հիմա գործող արտոնությունները։

Մասնավորապես, չեղարկվելու են առողջապահական ծառայություններին վերաբերող հարկային արտոնությունները։ Որոշման հավելվածում որպես հիմնավորում նշվում է, որ առողջապահական ծառայությունների ԱԱՀ-ով հարկումը հնարավորություն կտա ընդլայնել պետպատվերով բուժօգնություն ստացողների թիվը, սակայն որևէ թվային հաշվարկ կամ վերլուծություն ներկայացված չէ։

Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը, Հանրային առողջապահության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը և Առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանն այսօր քննարկել են, թե ինչ ռիսկեր ու բացթողումներ ունի այդ որոշումը, ինչպես նաև՝ ինչ հետևանքներ կարող է ունենալ ԱԱՀ արտոնության վերացումն առողջապահության ոլորտում։

 

«Առողջապահական ծառայություններն ԱԱՀ-ով հարկելու պարագայում կարող է ընդլայնվել պետական պատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնություն ստացող անձանց շրջանակը կամ պետական պատվերի շրջանակներում մատուցվող բժշկական ծառայությունների շրջանակը»,-այսպես է վարչապետի N 1455-Լ որոշման մեջ հիմնավորվում առողջապահական ծառայություններն ԱԱՀ-ով հարկումը, սակայն նույն փաստաթղթում բացակայում են որոշակի թվեր, վերլուծություններ, որով հնարավոր լինի հաշվարկել և ասել՝ արդյոք Կառավարությունը կարող է այդ որոշմամբ ինչ-որ հարցերի կոնկրետ լուծումներ տալ։

Առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանի խոսքով՝ պետք է ուսումնասիրել նաև մեդալի մյուս կողմը, որտեղ մարդկային կյանքներն ու առողջությունն են, որոնց անտեսումն ավելի աղետալի կարող է լինել և ոչ համադրելի ակնկալվող եկամուտների հետ։

«Վարչապետի այդ որոշումը ես դիտարկում եմ, այսպես ասած, որպես ցանկությունների ինչ-որ փաստաթուղթ, որովհետև կան շատ անորոշություններ։ Նախ, այստեղ չի նշվում, թե ԱԱՀ-ի ի՞նչ տոկոսաչափ պետք է կիրառվի, այսինքն, եթե պետք է կիրառվի ստանդարտ, մեզ ծանոթ 20%-ը, հետևաբար այստեղ մենք գործ կունենանք լրիվ այլ իրավիճակի հետ, այն է՝ բժշկական ծառայությունների գների թանկացման և այլնի հետ։ Եթե կիրառվի ԱԱՀ առավել նվազ տոկոսաչափ, ապա այս դեպքում այդ ծառայությունների ծախսերը և գները լրիվ այլ չափեր կունենան։ Գնահատման համար որոշակի թվային տվյալներն ու ակնկալիքները նշված չեն»,-ասում է Ս. Խարազյանը։

Որոշման մեջ բժշկական ծառայությունների նկատմամբ ԱԱՀ մտցնելու հիմնավորումներում, որպես դրական արդյունք, նշվում է, որ այդ ծառայություններից օգտվող սոցիալապես անապահով մարդկանց թիվն ու այդ ծառայությունների ծավալը կավելանան, սակայն Խարազյանի խոսքով, երբ 2000-2001թթ. դեղերի նկատմամբ կիրառվեց ԱԱՀ, «ոչ մի լումա» պետբյուջեից չհատկացվեց առողջապահական ծրագրերի իրականացմանը։

Որպես մեկ այլ հիմնավորում՝ նշվում է, որ առողջապահական ապրանքներից և ծառայություններից ավելի շատ օգտվում են հարուստները, որոնք, սակայն չեն վճարում այդ հարկերը, մինչդեռ այդ հարկային արտոնությունը սահմանված էր բնակչության սոցիալապես անահապահով խավի համար։

«Սա միանշանակ հակասում է մեր ընդհանուր առողջապահության համակարգում իրականացված հետազոտթույունների արդյունքներին, որովհետև առողջապահական ծառայություններից հիմանականում բնակչության մեծ մասը չի օգտվում, քանի որ դրանք թանկ են, ֆինասապես մատչելի չեն»,-ասում է Սամվել Խարազյանը՝ հավելելով, որ Հայաստանում իրականացված հետազոտությունների արդյունքները վկայում են, որ հարցվածների 17-18%-ը ֆինանսապես ի վիճակի չէ օգտվել այդ ծառայություններից, իսկ մոտավորապես 50%-ը զբաղվում է ինքնաբուժությամբ։ Ըստ այդմ, ճիշտ չէ հղում անել սոցիալապես անապահով խմբերին, քանի որ այդ խմբերից միայն 40%-ն է օգտվում բժշկական «թանկարժեք» համարվող ծառայություններից։

Բացի այդ, Ս. Խարազյանի խոսքով, այս փաստաթղթում Ֆինանսների նախարարությունը որևէ վերլուծություն չունի որոշման ռիսկերի, ֆինասնական ցուցանիշների և մարդկանց եկամուտների և ծախսերի վրա դրա ազդեցության մասին։

Հանրային առողջապահության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը ևս վկայում է, որ Հայաստանի բնակչության 71%-ը չի կարող իրեն թույլ տալ 45 հազար և ավելի ՀՀ դրամի անսպասելի ծախս։ Մեծ է նաև այն մարդկանց թիվը, որոնք չեն կարողնաում դիմել բուժհաստատություն, որովհետև գումար չունեն, ու Դ. Մելիք-Նուբարյանի կարծիքով՝ նման չուսումնասիրած որոշման ընդունումն անուղղակիորեն ազդելու է մարդկանց կյանքի և առողջության վրա։

«Մենք այսօր ունենք մատչելիության խնդիր, 20%-ով գնի բարձրացումը, ակնհայտ է, որ բերելու է մարդկանց մոտ խնդիրների ավելացմանը, որն էլ ուղղակիորեն անդրադառնալու է մահացության, հաշմանդամության, հիվանդացության ցուցանիշների վրա»։

Ըստ նրա՝ պետք է հաշվի առնել նաև, թե դա ինչպես կանդրադառնա տնտեսության վրա, քանի որ հանրային առողջապահության մեջ տնտեսական աճն ու առողջությունն իրար հետ փոխակապակցված են։ Սրա բացատրությունն այն է, որ հիվանդ մարդը չի կարող ստեղծել տնտեսական աճ կամ, ասենք, չի կարող այն արդյունավետությամբ աշխատել, ինչ առողջը, և այդ հավելյալ եկամուտն ստանալը երկրի վրա կարող է անդրադառնալ երկարատև բացասական հետևանքներով։

Բուժծառայությունների հարկման ընտրովի մոտեցումը, ըստ Դավիթ Մելիք-Նուբարյանի, ևս չի կարող համարվել արդյունավետ, ասենք օրինակ, ազատել սրտային վիրահատություններն ԱԱՀ-ից, բայց քթի, շուրթերի վիրահատության ժամանակ՝ հարկել։

«Եթե մենք դիտարկենք ամբողջ առողջապահության համակարգը, ապա քթի պլաստիկ վիրահատությունները ընդհանուր ծառայությունների ծավալի մեջ 5 % են կազմում. բժշկական ծառայությունների մեծ մասը մարդու առողջությունը վերականգնող ծառայություններ են»,-ասում է Դ. Մելիք-Նուբարյանը՝ նշելով, որ տարբերակված հարկումը նաև տեխնիկապես դժվար իրականացվող գործառույթ է։

Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանն ընդգծում է՝ որոշման մեջ ձևակերպված խնդիրն ու առաջկվող լուծումներն իրար չեն համապատասխանում.

«Երկրի համար մեկ պաշտոնյան փաստաթուղթ է հաստատել, որտեղ նշել է հարկային քաղաքականության ճեղքի մասին, ապա ես ենթադրում եմ, որ այդ ճեղքը բավական մեծ է և լուրջ լուծումներ է պահանջում»,-ասում է Ա. Քյուրումյանը, սակայն դարձյալ ընդգծում, որ թվային  ու հիմնավոր տվյալներ չեն ներկայացվում։

Փորձագետը չի ընդունում որոշման այն հիմնավորումը, թե առողջապահական ծառայությունների հարկումն էականերոն կավելացնի պետպատվերի ֆիզիկական ծավալը.

«Սրանով ավելի մեծ հարված է հասցվելու համեմատաբար ցածր եկամուտ ունեցող և աղքատ խավերին, հիմա առանց այն էլ չեն օգտվում ծառայությունների զգալի մասից, հետագայում ավելի քիչ են օգտվելու, ինչն իհարկե, վտանգելու է նրանց առողջությունը»։

 

Ո՞րն է համակարգային լուծումը

2019թ նոյեմբերի Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն առաջարկել էր առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգ, որով սահմանվելու էր առողջապահության հարկ՝ աշխատավարձի 4-6%-ի չափով։ Սակայն այն մինչ օրս չի ընդունվել։

Սամվել Խարազյանը նշեց, որ դա «առավել խոհեմ, համակարգային լուծում էր» և կարող էր  առողջպահական ծախսերի աճի պայմաններում որոշակիորեն չեզոքացնել վտանգները. 

«Ամբողջ աշխարհում առողջապահական ծախսերն աճում են, տարեկան միջինը մոտ 3,6%-ի չափով ավելանում են, և բնականաբար, դա իր ազդեցությունն է թողնում նաև երկների տնտեսությունների վրա։ Իմ կարծիքով՝ այսպիսի համակարգային լուծումները [առոջության ապահովագրության ներդրում] պետք է կիրառվեն նաև Հայաստանում»։

Սա, ըստ Խարազյանի, կօգնի որոշակի ժամանակով մոռանալ առողջապահության ոլորտին լրացուցիչ միջոցներ տրամադրելու անհրաժեշտության մասին։ Բայց, միևնույն ժամանակ, ԱԱՀ հարկումից հետո, Հայաստանը կկորցնի այն առավելությունները, որոնք ձեռք է բերել այս տարիների ընթացքում նախորդ հարկային քաղաքականությունը կիրառելու միջոցով, իսկ որոշման մեջ բերված հիմնավորումները «վախեցնող են»;

Դավիթ Մելիք-Նուբարյանը ևս, անդրադառնալով 2019թ առողջապահական ծրագրին և ապահովագրական համակարգի ներդրամանը, ասաց, որ Հայաստանի այսօրվա գործող առողջապահական համակարգն իրեն սպառել է, հետադեմ է, քանի որ, օրինակ, մեր առողջապահության համակարգի 84,8%-ը կազմում են մարդկանց՝ սեփական գրպանից վճարումները։

«Անկյունաքարային, ծրագրային փոփոխություններից, ցավոք սրտի, որևէ մեկը Կառավարությունը չի սարքել որոշում, իր սեփական ծրագիրը չի կատարել առողջապահության մասով, նույնը չի կատարել և 2020թ.ին, բայց ֆրագմենտալ փոփոխությամբ ՝ միայն ապահովագրության ներդրմամբ էլ չի ստացվի, պետք է Կառավարությունը վերանայի իր միջոցառումների ծրագիրը հիմա, դնի հանրային քննարկամն և նոր ծրագիր քննարկի»,-ասում է Մելիք-Նուբարյանը՝ հավելելով, որ Ազգային Ժաղավում պետք է լսումներ կազմակերպել թեմայի վերաբերյալ, քանի որ այս հարցը չի կարելի մի օրում քննարկել ու ստորագրել։

Արտակ Քյուրումյանը, խոսելով համակարգային լուծումների մասին, նշեց, որ քանի որ չկա թվային տվյալ հարկային ճեղքի մեծության մասին, ապա հարցը հնարավոր չէ բովանդակային քննարկել.

«Առողջապահությունը, շատ կարևոր ոլորտ լինելով, հարկաբյուջետային քաղաքականության մեջ եկամտային մասով չի կարող ունենալ այն տեսկարար կշիռը, որ լուծի հարկային քաղաքականության ճեղքի հարցը»,-ընդգծում է Ա. Քյուրումյանը, ով դեռևս 2018-ին առաջարկել էր ԱԱՀ-ն փոխարինել սպառողական հարկերով, սակայն Ֆինանսների նախարարությունից իրեն ասել էին, որ այդ հարցը բազմակողմանի քննարկաան կարիք ունի, քանի որ համկարգային փոփոխություններ է նախատեսում.

«Ցավոք, հետագայում պարզվեց, որ [Կառավարությունը] պատրաստ չէ համակարգային փոփոխությունների ոչ միայն հարկաբյուջեային քաղաքականության, այլ նաև՝ մնացած բոլոր ոլորտներում՝ դատաիրավական, առողջապահական և մնացած բոլոր ոլորտներում»,-եզրափակեց Ա. Քյուրումյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter