HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանական ընդդիմությունը պահանջում է առանց նախապայմանների արտահերթ ընտրություններ

Խորհրդարանական ճեպազրույցներին այսօր` հունվարի 21-ին, երեք խմբակցություններն ամփոփեցին քառօրյա նիստերի աշխատանքը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտնեց, որ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ նախորդ շաբաթ այցելել են Սյունիքի մարզ, եղել բոլոր համայնքներում, նաև սոցիալական աջակցություն տրամադրել: Մելքումյանի խոսքով` երեկ կայացած ԱԺ-Կառավարություն  հարցուպատասխանին այդ հարցերը հստակ ներկայացրել են, որ Սյունիքը վտանգված է, սակայն վարչապետն այդպես էլ որևէ հարցի հստակ պատասխան չի տվել:

ԲՀԿ անդամ Իվետա Տոնոյանն ընդգծեց` Փաշինյանը մանիպուլյացիաներ իրականացնելու հարցում հավասարը չունի, կոնկրետ հարցադրումներին որևէ պատասխան չի տրվել, փոխարենը վերջինս որդեգրել էր մեղադրանքներ հնչեցնելու գործելաոճը: Տոնոյանի խոսքով` Փաշինյանը խուսափեց պատասխանել այն հարցին, թե Արցախն իր համար Հայաստան է, թե՞ ոչ:

«Շուշին գնաց, Նիկոլը մնաց, էդպես չի լինում»,-հավելեց Մելքումյանը:

Նույն խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը վերահաստատեց, որ ԲՀԿ-ն շարունակում է 17 ուժերի մասը լինել, համաձայն է նրանց օրակարգին, սակայն զուգահեռաբար, որպես երկրորդ խորհրդարանական ուժ կիրառում են նաև խորհրդարանական գործիքակազմը:

Վարչապետ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն երեկվա՝ հունվարի 20-ի հարցուպատասխանին, դիմելով ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանին, մեղադրեց վերջիններիս, որ մերժում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ քննարկումները, ինչի հետևանքով «Իմ քայլը» խմբակցությունը միայնակ է կատարում Ընտրական օրենսգրքի փոփոխությունները և որոշել է բացառել ռեյտինգային ընտրակարգը: Փաշինյանն ընդգծեց` արտահերթ խորհրդարանական ընտրություններն ինքնանպատակ չեն լինելու, և խորհրդարանական ուժերի միջև ժամկետների վերաբերյալ հստակ պայմանավորվածություն պետք է լինի:

Այս առնչությամբ Միքայել Մելքումյանն ասաց, որ այս փուլում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը հղի է անկանխատեսելի հետևանքներով:

«Մենք ասում ենք՝ տուր հրաժարական առանց նախապայմանների, մենք մեր կարծիքը չենք փոխել, խորհրդարանը պետք է շանս ունենա ընտրել նոր վարչապետ, և այդ պարագայում նոր ընտրությունների գնալ: Վարչապետը պետք է պայման չդնի»,-ասաց Մելքումյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վարչապետի առաջարկին, հիշեցրեց, որ տարեվերջին վարչապետը եկել էր խորհրդարան և հանդիպել երեք խմբակցությունների ղեկավարների հետ: Մարուքյանի խոսքով` Փաշինյանն առաջարկել է կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ և հուշագիր կնքել, որ իր հրաժարականից հետո խորհրդարանական ընդդիմությունը թեկնածու չի առաջադրում, խորհրդարանը լուծարվում է, և հրավիրվում են նոր ընտրություններ:

«Ես ասել եմ` մեր օրակարգն է անցումային կառավարության ձևավորումը, ասել եմ, որ մեր վարչապետի թեկնածուն ես եմ, սակայն այս հարցով չի եղել կոնսենսուս, և հուշագրի թեման փակվել է»,-ասաց Մարուքյանը:

ԼՀԿ ղեկավարի խոսքով` խորհրդարանական ընդդիմությունն ու անկախ պատգամավորները միասին շուրջ 50-ն են, իսկ խորհրդարանական մեծամասնությունը՝ 82-ը: Մարուքյանը կասկած հայտնեց, որ իշխանությունը վստահ չէ, թե իր պատգամավորները ինչպես կվարվեն, միգուցե իրեն ընտրեն, դա է պատճառը, որ վախենում են այդ սցենարից:

«Ես կոնտր-հուշագիր եմ առաջարկել, որ ես ընտրվում եմ վարչապետ, պայմանավորվում ենք ինչ-որ ժամկետ, երբ ես հրաժարական եմ տալիս ու չեմ առաջադրվում, խորհրդարանը ցրվում է, ու գնում ենք ընտրությունների, սակայն համաձայնություն չի եղել»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, արձագանքելով ընդդիմության պնդումներին` առանց նախապայմանների գնալ արտահերթ ընտրությունների, ասաց, որ իշխանության խնդիրն այն չէ, թե իրենք կասկածներ ունեն, թե խորհրդարանում կարող է երկու անգամ վարչապետ չընտրվել, պարզապես իշխանությունը խնդրի վերաբերյալ իր տեսլականն է առաջարկում:

«Որպեսզի այդ տեսլականը լինի, պետք է ըմբռնում, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները լուծելու են այդ խնդիրը: Խորհրդարանական ընդդիմությունը ներկայացնում է մեր հանրության որոշ հատվածը, հետևաբար ընտրություններն ինքնապատակ չպետք է լինեն, պետք է ըմբռնում լինի արտահերթ ընտրությունների ժամկետների վերաբերյալ»,-ասաց Սուրեն Գրիգորյանը:

Ուստի, ըստ պատգամավորի, խորհրդարանական ընդդիմությունը պետք է հուշագիր ստորագրի և հայտնի արտահերթ ընտրությունների ժամկետների վերաբերյալ միասնական դիրքորոշում: Ըստ նրա` եթե ընդդիմությունը վարչապետի թեկնածու է առաջադրում, և ձևավորվում է անցումային կառավարություն, այդ կերպ խնդիրը չի լուծվում, քանի որ իրենց համոզմունքն է, որ խնդրի լուծումը հնարավոր է միայն ընտրությունների միջոցով: Նազելի Բաղդասարյանն էլ հավելեց, որ ընդդիմության օրակարգում է եղել իշխանափոխության հարցը, եթե նրանք այժմ պատրաստ չեն ընտրությունների, ուրեմն իշխանությունն ինքնանպատակ ընտրություններ չի անցկացնի: Նրա խոսքով` խորհրդարանական ուժերը պետք է միասնական մոտեցում ունենան իշխանության ձևավորման հարցում, դա է պատճառը, որ իրենք  առաջարկում են առկա խնդիրը լուծել ընտրությունների միջոցով:

«Մեզ համար իշխանության ձևավորումը հնարավոր է միայն ընտրությունների միջոցով»,-եզրափակեց Բաղդասարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter