HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Միջգերատեսչական աշխատանքային խմբին չի հաջողվել ապահովել գերիների վերադարձը՝ առանց նախապայմանների 

Հայաստանում գերիների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող երեք հանձնաժողով գոյություն ունի ներկայում: Միջգերատեսչական հանձնաժողովներից մեկը ստեղծվել էր 2018-ի նոյեմբերի 19-ի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով: Միջգերատեսչական երկրորդ հանձնաժողովը վարչապետի որոշումով ստեղծվեց 2020 թ. դեկտեմբերի 9-ին: Գերեվարված, անհետ կորած զինծառայողների և այլ անձանց հարցերով զբաղվող եւս մեկ հանձնաժողով 2020թ. նոյեմբերի 9-ին ստեղծվել է Պաշտպանության նախարարի որոշումով:

Նույն նպատակը հետապնդող երեք հանձնաժողովների գոյության պայմաններում, ինչպես օրեր առաջ ներկայացրեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ասուլիսի ժամանակ, հայկական կողմը գերիների ամբողջական ցուցակ չի տրամադրել (ամբողջական ցուցակը գուցե և չի էլ ունեցել- Ս. Պ.): «Ցուցակները միանգամից և ամբողջությամբ չի տրամադրել, և արդյունքում այն անձանց փոխանակումն է կատարվել, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել մինչև նոյեմբերի 9-ը տեղի ունեցած իրադարձություններին»,- հայտնել է Ս. Լավրովը:

Պաշտպանության նախարարի որոշումով ստեղծված՝ «Մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների և այլ անձանց» հանձնաժողովը զբաղվում է մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և այլ անձանց տվյալների ճշտման և հավաքագրման հարցերով:

Ծնողներն այս հանձնաժողովին են փոխանցել մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց տվյալները: Ծնողների մեծ մասը իրենց որդիներին գտնելու ու վերադարձնելու պահանջով երկու ամսից ավելի է, ինչ բողոքի ակցիաներ է անցկացնում Պաշտպանության նախարարության, զորամասերի, Կառավարության շենքի դիմաց, հանդիպում՝ պաշտոնյաների, անգամ վարչապետի հետ:

Հանձնաժողովի նախագահ  գնդապետ Վիտալի Ոսկանյանը լրագրողներին հայտնել էր, որ ամեն զինվորի, քաղաքացիական անձի մասով ստեղծվում են անձնական գործեր: Բոլոր ծնողները նշում են, թե որտեղ է դեպքը տեղի ունեցել, այդ պահին որ հեռախոսն է զինվորի մոտ եղել, այն վերածում են քարտեզի, համեմատում են իրենց ունեցած տվյալների հետ և բազա են պատրաստում: Եթե գնդապետի ասածները ճիշտ են, ուրեմն գերեվարվածների տվյալներն ունի Կառավարությունը, թեկուզ ոչ 100% ճշգրտությամբ:

Փոխվարչապետի գրասենյակի աշխատակազմի ղեկավարը «Հետք»-ին տեղեկացրել է, որ վարչապետի որոշումով 2020 թ. դեկտեմբերի 9-ին ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նպատակը «2020 թ. սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների դիակների, գերիների և անհետ կորած անձանց հայտնաբերման և վերադարձի հետ կապված աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելն ու համակարգելն է»:

Նշենք, որ 2018թ.-ին ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առջև նույն խնդիրներն են դրված եղել՝ «իր իրավասությունների սահմաններում կազմակերպել գերի ընկած և անետ կորած, ինչպես նաև պատանդ վերցված և անհետ կորած անձանց որոնողական ու վերադարձնելու աշխատանքները»: Այստեղ միայն շեշտված չէ «առավել արդյունավետ կազմակերպումը», սակայն ենթադրվում է, որ հանձնաժողովը պետք է գործեր այդ սկզբունքով:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ գործող միջգերատեսչական աշխատանքային խմբում ընդգրկված են նախարարներ, ուժային կառույցների ղեկավարների տեղակալներ: Ի տարբերություն նույնանուն հանձնաժողովի՝ աշխատանքային խմբի կազմն ընդլայնվել է՝ պատգամավորներ, վարչապետի գլխավոր խորհրդականը, նախարարի տեղակալներ և մեկ հոգի ՄԻՊ-ի աշխատակազմից:

Միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին: «Ներկայում թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին: Այժմ ընթանում է ցուցակների ճշտման գործընթացը: Գերիների փոխանակման գործընթացում, ինչպես հայտարարել ենք, մենք առաջարկել ենք կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը, ինչպես նաև ստեղծել մեխանիզմ, ըստ որի՝ նոր գերիների հայտնաբերման պարագայում կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է առանց նախապայմանների վերադարձնել նրանց»,- հայտնել է փոխվարչապետ Տ. Ավինյանը:

Թե որքանով է «առավել արդյունավետ» գործել այս խումբը և որքանով է նրան հաջողվել կիրառելի դարձնել ռազմագերիներին ու պատանդներին փոխանակելու «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը, պարզ դարձավ Ադրբեջանի նախագահի հերթական հոխորտանքից հետո: Նա հայտարարեց, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո հանձնված տարածքներից գերեվարված զինվորները ահաբեկիչներ են, նրանք չեն կարող համարվել ռազմագերիներ։ Այդ զինվորներից բացի, հայտնի է, որ Ադրբեջանում են գտնվում նաև գերեվարված քաղաքացիական անձինք, այդ թվում՝ կանայք: Ընդ որում, նրանք գերեվարվել են Արցախ գնալու ճանապարհին:

Այդ ժամանակ արդեն Հադրութի Խծաբերդ գյուղի դիրքերից գերեվարվել էին 62 հոգի և ինչպես տեսնում ենք, աշխատանքային խմբին չի հաջողվել ստեղծել մեխանիզմ, ըստ որի նոր գերիների հայտնաբերման պարագայում կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է առանց նախապայմանների վերադարձնել նրանց: Ավելին, Հայաստանի վարչապետը հունվարի 11-ին Մոսկվա մեկնեց նաև այդ օրակարգով, ինչպես հայտարարել էր նախապես, սակայն այնտեղ ռազմագերիների, անհետ կորածների, զոհվածների աճյունների փոխանակման  հարցում ոչ մի արդյունքի չհասավ:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ասում է, որ այս պատերազմում հայ գերիների մեծ թիվը պայմանավորված է նրանով, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրում չի հստակեցվել, թե որքան ժամանակ է պահանջվում այդ տարածքներից մարտական ջոկատները դուրս բերելու համար, և համաձայնել են տարածքները հանձնել այդ մարդկանց հետ միասին: Այդ պատճառով են զինվորները հայտնվել թշնամու տարածքում, և Ադրբեջանը դրանից հետո գերեվարվածներին գերիներ չի դիտարկում:

«Տեղի է ունեցել գործողություն, որն իր հատկանիշներով պետական հանցագործություն է, անկախ նրանից՝ դիտավորությա՞մբ է արվել, թե՞ անփութորեն»,- շեշտեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ- ի գործադիր տնօրեն Լ. Ալավերդյանը:

Նշենք, որ Տ. Ավինյանի գլխավորությամբ 2020թ. նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել «Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի» նիստ՝ ընդլայնված կազմով: Այսինքն, խոսքը միջգերատեսչական աշխատանքային խմբի մասին չէ, քանի որ այն դրանից 14 օր հետո է ստեղծվել: Այս նիստում, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են գերիների փոխանակման բանակցությունների գործընթացին, անհետ կորած անձանց հայտնաբերման ուղղությամբ իրականացվող որոնողական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են 5 հասարակական կազմակերպություններ, որոնցից մեկը «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն է: ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ասում է, որ իրենք տեղեկացված չեն եղել հանձնաժողովի նիստի մասին: «Հայտարարվեց, որ գերիների ու անհետ կորած անձանց հարցերով զբաղվում է հատուկ այդ նպատակով ստեղծված, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովը։ Միաժամանակ չկա վարչապետի որոշում նախկին հանձնաժողովը լուծարելու մասին»,- Լ. Ալավերդյանը:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված ՀԿ-ներից «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» նախագահ Արթուր Սաքունցը հայտնեց, որ իրենք նույնպես հրավիրված չեն եղել հանձնաժողովի նիստին:

Չկա նաև որոշում, թե ինչպես է Տ. Ավինյանը գլխավորել այն հանձնաժողովի նիստը, որն, ըստ վարչապետի որոշման, գլխավորում է Պաշտպանության նախարարը:

Լ. Ալավերդյանը նշեց, որ Արցախյան առաջին պատերազմի ավարտից հետո, 11 տարի միայն իր ղեկավարած կազմակերպությունն էր այդ աշխատանքը կատարում, և դա եղել է գերիների փոխանակման և անհետ կորածներին որոնելու ամենածանր շրջանը: 2001թ.-ից, երբ ստեղծվեց Կառավարությանն առընթեր հանձնաժողովը, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ընդգրկվեց այդ հանձնաժողովում:

Լ. Ալավերդյանի կարծիքով՝ ներկայում պետական մակարդակով տապալված է այս գործընթացը: «Հարազատներիը մեզ դիմել են օգնության խնդրանքով, և ես նրանց ասել եմ՝ այն գործիքակազմը, որ մինչ օրս օգտագործել ենք, այսօր բացարձակապես չի աշխատում: Ես բոլորին խորհուրդ եմ տալիս դիմել ԿԽՄԿ և Պաշտպանության նախարարի ստեղծած հանձնաժողովին»,- հայտնեց նա:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրենը շեշտում է, որ ի տարբերություն Արցախյան առաջին պատերազմի, այսօր կա ինֆորմացիայի հզոր շտեմարան: Այս պատերազմում եզակի են եղել դեպքերը, երբ մարդիկ առանց գրանցվելու հայտնվել են ռազմաճակատում, մնացածները պետական զինկոմիսարիատներում գրանցվել և ուղարկվել են: Եթե դա արվել է պետականորեն, պարտավոր են ունենալ վերադարձածների ցուցակը, ճշտեն ռազմագերիներին, իսկ մնացածները պետք է համարվեն անհետ կորածներ: 

Լուսանկարը՝ դեկտեմբերի 10-ի նիստից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter