HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Թռչնամսի հայկական շուկայում գերիշխում է ներմուծվածը. ինչպես կազդի մաքսատուրքի բարձրացումը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այս տարվա հունվարի 4-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ուղիղ մեկ տարի հետո Հայաստան ներմուծվող թռչնամսի մաքսատուրքը կտրուկ կաճի և կդառնա 80%։ Ըստ նախարարի՝ դա Հայաստանում թռչնամսի արտադրությունը կդարձնի շատ գրավիչ։ «Դա լավ շանս է, որպեսզի այսօրվա արտադրողները, ներմուծողները և ցանկացած այլ բիզնեսմեն ներդնի այս ոլորտի մեջ այսօր, որպեսզի ուղիղ մեկ տարի հետո կարողանա ամբողջ ծավալով արտադրել»,- գրել է Վահան Քերոբյանը։

Ըստ նրա՝ տարեկան Հայաստանում արտադրվում է մոտ 15 հազար տոննա թռչնամիս, ներմուծվում է մոտ 44 հազար տոննա: Եվ միայն դեֆիցիտը լրացնելու համար պետք է մոտ 120 մլն եվրոյի ներդրում կատարել թռչնաֆաբրիկաներում։

Թեև կարող է տպավորություն ստեղծվել, որ թռչնամսի ներմուծման մաքսատուրքի բարձրացումը նախարարություն նոր ծրագրերի մի մասն է և նպատակ ունի խթանել տեղական արտադրությունը՝ իրականում սա ոչ Կառավարության, ոչ էլ, առավել ևս, նոր նախարարի գաղափարը չէ։ Սա Հայաստանի համար ԵԱՏՄ-ի շրջանակներում պարտադրված որոշում է։

Ավելին՝ 2021 թվականից տարբեր չափերով բարձրանում են ոչ միայն թռչնամսի, այլև մոտ 650 ապրանքատեսակի ներմուծման մաքսատուրքերը։ Մեղմացման մեխանիզմներ կգործեն թռչնամսի, խոշոր եղջերավոր անասունների և խոզի մսի ներմուծման համար:

Շեշտենք, որ ներմուծման մաքսատուրքերի բարձրացումը վերաբերում է ոչ ԵԱՏՄ, այսինքն՝ երրորդ երկրներից ներմուծվող ապրանքներին: Իսկ ԵԱՏՄ-ի ներսում ապրանքաշրջանառությունն ազատված է ներմուծման  մաքսատուրքերից:

Պահանջը՝ հավասարվել ԵԱՏՄ միասնական դրույքաչափերին

Հայաստանը, 2014 թվականի մայիսին անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, միացավ նաև միասնական մաքսային սակագներին: Որպեսզի մաքսատուրքերի բարձրացումը չլինի կտրուկ ու չունենա մեծ բացասական ազդեցություն, Հայաստանին 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված տրամադրվեց՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների համար: 5 տարում Հայաստանի ներմուծման մաքսատուրքերը պետք է հավասարվեին ԵԱՏՄ միասնական դրույքաչափերին:

Ի սկզբանե, նախատեսված էր, որ այդ ապրանքային խմբերի մի ստվար հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում է 2020 թվականին: Սակայն, ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը համաձայնության հասավ, ըստ որի՝ 2020-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվեց մեկ տարով, բացառությամբ՝ ավտոմեքենաների: Խոսքը 647 անուն ապրանքների մասին է:

2021 թվականից արդեն այդ ապրանքների համար նախատեսված մաքսատուրքերը տարբեր չափերով բարձրանում են:

Էկոնոմիկայի նախարարության՝ Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչության պետ Նաիրիա Կարապետյանը «Հետքի» հետ զրույցում տեղեկացրեց, որ երեք ապրանքների մասով՝ թռչնամսի (հավի մսի), խոշոր եղջերավոր անասունների մսի և խոզի մսի համար գործում է քվոտավորման համակարգ:

Այսինքն՝ սահմանվել են այս ապրանքատեսակների ներմուծման որոշակի քանակներ, որոնց շրջանակներում ներմուծման ժամանակ գանձվում է ավելի ցածր մաքսատուրք, քան ԵԱՏՄ դրույքաչափերն են: Եվ միայն այդ սահմանաչափերը գերազանցելու պարագայում կգործեն ԵԱՏՄ դրույքաչափերը:

Օրինակ՝ ըստ մաքսատուրքերի փոփոխման գրաֆիկի, որը ներկայացված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում, 2021 թվականից ընտանի թռչնի մսի և մսամթերքի ներմուծման մաքսատուրքը 22%-ից դառնում է 50%: Սակայն, քվոտայի շրջանակներում այն բարձրանում է միայն 3 տոկոսային կետով՝ կազմելով 25%: Քվոտայի շրջանակն, ի դեպ, որոշվում է ըստ նախորդ տարիներին կատարված ներմուծման քանակների: Հաշվի է առնվում, թե որքան ներմուծման պահանջ կա երկրում: Թռչնամսի դեպքում, օրինակ, քվոտավորման շրջանակներում Հայաստանի համար 2021 թվականին սահմանված է 44 հազար տոննա։

Երբ ոչ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներմուծվող թռչնամսի քանակը գերազանցի նշված 44 տոննան, ներմուծողներն արդեն ստիպված կլինեն վճարել ոչ թե 25% ներմուծման մաքսատուրք, այլ՝ 50%: Այս պահին, ըստ Նաիրա Կարապետյանի, տնտեսվարողներն արդեն հայտեր են ներկայացրել, որպեսզի ստանան քվոտային ծավալներում ներառվող ներմուծում իրականացնելու իրավունք:

2022 թվականից ոչ ԵԱՏՄ՝ երրորդ երկրներից հավի մսի ներմուծման մաքսատուրքը դառնալու է 80%: Թե որքան կլինի քվոտայի շեմը և ինչ մաքսատուրքեր կսահմանվեն դրա շրջանակներում, առայժմ հայտնի չէ: Ըստ Նաիրա Կարապետյանի՝ դա կորոշվի այս տարվա մայիսին: «Մայիս ամսին  կներկայացվեն պահանջարկի տվյալները։ Պետք է ջանքեր կիրառենք, որ մեր ներքին արտադրությունն էլ զարգանա: Քվոտա ստանալով՝ մենք պարտավորվում ենք արտադրությունը զարգացնել ու դառնալ ինքնաբավ երկիր»,- ասում է նախարարության ներկայացուցիչը:

Ստորև ներկայացված է թռչնամսի ներմուծման մաքսատուրքերի գրաֆիկը՝ քվոտայից դուրս: 0207 ծածկագրով սկսվող բոլոր ապրանքները վերաբերում են ընտանի թռչնի մսին ու մսամթերքին: Ապրանքները ներկայացված են 10 նիշ դասակարգմամբ: Ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ:

Խոզի մսի համար, ըստ գրաֆիկի, 2021 թվականից ներմուծման մաքսատուրքը 10%-ից դառնում է 15%: Քվոտայի շրջանակներում՝ 0%, որը կգործի 10 հազար տոննայի համար։

Իսկ խոշոր եղջերավոր անասունի սառեցրած մսի ներմուծման մաքսատուրքը 12.5%-ից դառնում է 25%: Քվոտայի շրջանակներում՝ 15%-ը կգործի 6 հազար տոննայի համար։

Մնացած ապրանքների մասով մաքսատուրքերի բարձրացումը 2021 թվականին կամ այնքան կտրուկ չէ, որքան նշված երեք ապրանքախմբերի, կամ մաքսատուրքերը մնում են նույն մակարդակում: Օրինակ՝ արևածաղկի ձեթի, կարագի ու կաթնամթերքի (կաթ, սերուցք, կաթի փոշի) ներմուծման մաքսատուրքը 2021 թվականին մնում է 13%: Սակայն, արդեն 2022 թվականից, ըստ Նաիրա Կարապետյանի, այդ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը կդառնան 15%:

«Արդեն 2022 թվականին, բացառությամբ մի քանի ապրանքների՝ շաքար, օդային տրանսպորտ, մյուս ապրանքները կհավասարվեն ԵԱՏՄ մաքսատուրքերին: Իսկ 2025 թվականից արդեն բոլոր ապրանքները կհավասարվեն»,- տեղեկացրեց Նաիրիա Կարապետյանը:

Նա հավելեց, որ քվոտավորման համակարգ կգործի նաև Վիետնամից երկարահատիկ բրնձի ներմուծման համար՝ ըստ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև հաստատված համաձայնագրի:

Հարցին՝ նախարարությունն ունի՞ հաշվարկներ, թե մաքսատուրքերի բարձրացումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ սպառողներին վաճառվող ապրանքների գների վրա, նախարարության ներկայացուցիչը պատասխանեց, որ գնաճի հաշվարկները կատարում է Կենտրոնական բանկը, որը եկել է այն եզրակացության, որ գնաճը կմնա կառավարելի մակարդակում:

2020 թվականի սկզբում, երբ դեռևս մաքսատուրքերի բարձրացումը չէր հետաձգվել, էկոնոմիկայի նախարարությունը գնահատել էր մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացման արդյունքում փոփոխության ազդեցության առավելագույն չափը գնաճի վրա։ Եվ եկել էր եզրահանգման, որ փոփոխության ազդեցությունն ընդհանուր գնաճի վրա կկազմի 0.5 տոկոսային կետ։

Նշված 0.5 տոկոսային կետն ու գնաճի մյուս գնահատականներն ընդհանուր գնաճի մասին են: Սակայն, հաշվի առնելով, որ ոչ բոլոր ապրանքների մաքսատուրքերն են բարձրանում, չի բացառվում, որ ընդհանուր գնաճից զատ՝ առանձին վերցրած որոշ ապրանքների մասով թանկացումն ավելի զգալի է լինելու: Ավելի բարձր մաքսատուրքերը ներմուծողներին ստիպում են ավելի բարձր գնով իրենց ապրանքները հանձնել վաճառակետերին ու արտադրամասերին, որոնք էլ շղթայաբար իրենց հերթին են բարձրացնում գները:

Այստեղ ամենառիսկայիններից մեկը թռչնի միսն է, քանի որ թռչնամսի մասով Հայաստանի պարենային ինքնաբավությունը նախորդ հինգ տարիներին 20-30%-ի սահմաններում է եղել: Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ ներմուծվող թռչնամսի կեսը Ռուսաստանից ու Ուկրաինայից է, որտեղից ներմուծման մաքսատուրքը 0% է:

2019-ին առավել մեծ քանակի թռչնամիս ներմուծվել է Ուկրաինայից

Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջին հինգ տարիներին Հայաստանում թռչնամսի, իսկ ավելի կոնկրետ՝ հավի մսի պահանջարկը տատանվել է 30-50 հազար տոննայի շրջանակներում, որից միայն 20-30%-ն է ապահովել տեղական արտադրությունը, մնացածը ներմուծվածի հաշվին է:

Ըստ վիճակագրական ծառայության տվյալների՝ 2019 թվականի տարեկան տվյալներով (2020-ը դեռևս չի ամփոփվել) Հայաստանում արտադրվել է 14.1 հազար տոննա հավի միս: Միևնույն ժամանակ, ներմուծվել է 43.6 հազար տոննա: Այդ ընթացքում և առհասարակ Հայաստանից հավի միս կամ չի արտահանվել, կամ արտահանվել է չնչին քանակությամբ:

2020 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստանը ներմուծել է մոտ 16 հազար տոննա հավի միս (15.3 մլն դոլարի), որը 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 4.6 հազար տոննայով կամ 21%-ով: Ներմուծման նվազումը պայմանավորված է ինչպես կորոնավիրուսի տարածման ու սահմանների փակման հետևանքով ներմուծման ոլորտում առաջացած դժվարություններով, այնպես էլ՝ բնակչության եկամուտների ու պահանջարկի կրճատմամբ:

Մաքսային դասակարգմամբ հավի միսը ներառվում է ընտանի թռչնի միս ապրանքախմբի ներքո: Տվյալները ցույց են տալիս, որ այս ապրանքախմբի ծածկագրով հիմնականում հավի միս է ներմուծվում Հայաստան:

Ինչ վերաբերում է 2020 թվականի արտադրության ծավալներին, ապա առաջին կիսամյակում արտադրվել է 6.7 հազար տոննա՝ 2019-ի առաջին կիսամյակի 6 հազար տոննայի դիմաց: 

Արտադրության ծավալները ներառում են գյուղացիական տնտեսությամբ զբաղվող անհատական տնտեսությունների կողմից արտադրվածը (բացառությամբ ներքին սպառումը)՝ արտահայտված սպանդային քաշով:

2019 թվականին Հայաստանը թռչնամիս է ներմուծել հիմնականում Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Ռուսաստանից, Բելգիայից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից: 

Ինչպես երևում է, առավել մեծ քանակով ներմուծվել է Ուկրաինայից, որին բաժին է ընկնել ներմուծման 36%-ը:

Իսկ ԵԱՏՄ երկրներից միայն Ռուսաստանից է Հայաստանը տեսանելի քանակով թռչնամիս ներմուծում՝ 2019-ին ամբողջ ներմուծման մոտ 12%-ը:

Ծագման երկրի հավաստագրի առկայության պարագայում Ուկրաինայից ընտանի թռչնի մսի ներմուծման ժամանակ գանձվում է 0% մաքսատուրքի դրույքաչափ՝ ըստ ազատ առևտրի համաձայնագրի: 0% մաքսատուրքի դրույքաչափ է կիրառվում նաև ԵԱՏՄ երկրներից ներմուծման պարագայում:

Սա նշանակում է, որ թռչնամսի ներմուծման մաքսատուրքերի բարձրացումը չի ազդի ներմուծման մոտ 50%-ի վրա: Իսկ մնացած կեսի համար մաքսատուրքերը կբարձրանան, որը շթղայաբար կազդի վաճառքի գների վրա:

Ներմուծման մաքսատուրքերի բարձրացումը մեր պաշտոնյաները, ինչպես Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, համարում են լավ առիթ տեղական արտադրությունը զարգացնելու համար: Սակայն, թռչնամսի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների մի մասն այդպես չեն կարծում:

Թռչնաբույծների միության նախագահ. «Կարճ ժամանակում թռչնամսի 100% ինքնաբավության հասնելն անիրատեսական է»

Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն անիրատեսական է համարում կարճ ժամկետներում Հայաստանում թռչնամսի պահանջարկն ամբողջությամբ տեղականով բավարարելը: Նրա ներկայացրած  հաշվարկներով՝ յուրաքանչյուր լրացուցիչ 5 հազար տոննա թռչնամիս արտադրելու համար հարկավոր են 16 մլն եվրոյի ներդրումներ փակ ցիկլով արտադրություն կազմակերպելու դեպքում:

«Փակ ցիկլը ենթադրում է մայրական հոտի ապահովում, ճտերի բազմացում, կերի համալիր արտադրություն, սպանդային արտադրություն՝ բնապահպանական նորմերի պահպանմամբ և այլն: Այսինքն՝ արտադրության բոլոր օղակների կազմակերպում տեղում: Այսօր մայրական կազմ ունեն միայն երկու թռչնաֆաբրիկաներ, մնացածը լուրջ ներդրումների, վերազինման ու պետական աջակցության կարիք ունեն: Պետությունը կարող է վարկերը երաշխավորել, հողի ձեռքբերմանն օժանդակել և այլն»,- «Հետքի» հետ զրույցում նշեց Սերգեյ Ստեփանյանը:

Նա հույսի ունի, որ Էկոնոմիկայի նախարարը թռչնաբուծության ոլորտի տնտեսվարողների հետ կքննարկի այս հարցերը: Ավելի վաղ ոլորտը զարգացնելու տարբեր ծրագրերով թռչնաբույծները դիմել են Կառավարությանը, սակայն այդ ծրագրերին դեռևս ընթացք չի տրվել:

Սերգեյ Ստեփանյանը չի կարծում, որ ներմուծման մաքսատուրքերի բարձրացմամբ Հայաստանում վաճառվող ոչ տեղական թռչնամսի գները էական կբարձրանան՝ հաշվի առնելով, որ ներմուծման կեսը Ռուսաստանից է ու Ուկրաինայից:

Բոլոր դեպքերում, նույնիսկ էական բարձրացման պարագայում, գնային սեգմենտով տեղական թռչնամիսը չի կարողանա մրցակցել ներմուծվածի հետ, քանի որ վերջինս տեղականից անհամեմատ էժան է: Այսինքն՝ այն հայտարարությունները, որ ներմուծման մաքսատուրքերի բարձրացմամբ կարելի է հասնել տեղական արտադրությամբ պահանջարկի ամբողջական բավարարմամբ, հեռանկարային չեն, եթե չեն իրականացվում ոլորտը զարգացնելու հատուկ ծրագրեր և չեն օգտագործվում աջակցության այլ գործիքներ։

Թռչնաբույծների միության նախագահը ուշադրություն է հրավիրում այն  հանգամանքի վրա, որ վերջին տարիներին Ուկրաինայից ներմուծվող թռչնամսի քանակն աճել է: Եթե նախկինում Հայաստանը Ռուսաստանից, ԱՄՆ-ից և մյուս երկրներից էր ավելի շատ թռչնամիս ներմուծում, ապա վերջին 2-3 տարիներին գերիշխում է Ուկրաինայից ներմուծումը:

Սերգեյ Ստեփանյանը կասկածելի է համարում Ուկրաինայից ներմուծվող թռչնամսի ցածր գինն ու որակը: Շեշտում է, որ արդեն մի քանի անգամ միության անդամներով դիմել են Կառավարությանը՝ հորդորելով խստացնել Ուկրաինայից ներմուծվող թռչնամսի որակի վերահսկողությունը:

«Ուկրաինայից ներմուծվում է շատ էժան, կասկածելի ծագման ու որակի թռչնամիս: Եվ դա սպառվում է այստեղ, գնորդը հիմնականում ցածր եկամուտներ ունեցող քաղաքացիներն են: Նրանք նախընտրում են ցածր գին վճարել և գնել սառեցված, ներմուծված թռչնամիս, քան տեղականը, որն ավելի բարձր գին ունի: Այստեղ տեղականը գնով չի կարողանում մրցակցել ներմուծվածի հետ, բայց որակով, իհարկե, տեղականն անհամեմատ ավելի բարձր է»,- նշում է Սերգեյ Ստեփանյանը: 

Մեկնաբանություններ (1)

Arthur
Իսկ այդ 44000 հավի մսի քվոտան ինչպես է 5 օրվա մեջ բաշխվել? Հետաքննող լրագրողների համար պիտի հետաքրքիր լինի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter