
Առաջարկվում է պատգամավորական դրամական փոխհատուցումն ուղղել առաջին կարգի զինհաշմանդամներին
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է պատգամավորի գործունեության համար սահմանված ամսական 50 հազար դրամ փոխհատուցումն ուղղել պատերազմի հետևանքով առաջին կարգի հաշմանդամության կարգ ստացած զինծառայողներին:
Պատգամավորը փոփոխություններ է առաջարկում «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքներում:
Ըստ այդմ՝ առաջարկվում է վերոնշյալ օրենքները լրացնել նոր հոդվածով, ըստ որի պատգամավորական գործունեության հետ կապված փոխհատուցման ենթակա ծախսերը՝ յուրաքանչյուր պատգամավորի համար սահմանված ամսական 50000 դրամի չափով Ազգային ժողովի աշխատակազմը փոխանցում է Պաշտպանության նախարարությանը` 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողություններին մասնակցության հետևանքով 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրամադրելու նպատակով:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողություններին մասնակցել են մեծ թվով զինծառայողներ, աշխարհազորայիններ, կամավորականներ: Պատերազմական գործողություններին մասնակցելու ժամանակ ծանր վիրավորումների հետևանքով նրանցից շատերը ձեռք են բերել 1-ին կարգի հաշմանդամություն:
Նշենք նաև, որ այս փոխհատուցումը չի դասվում պատգամավորների աշխատավարձի (հավելավճար, պարգևավճար) շարքում: Այն նախատեսված է պատգամավորական գործունեության համար իրականացվող ծախսերի փոխհատուցման համար: Նման փոխհատուցում տրամադրվում է նաև ավագանու անդամներին` չնայած վերջիններիս աշխատանքը կամավորական սկզբունքով է:
«Հայտնի է, որ Հայաստանում առանց այն էլ անբավարար սոցիալ-տնտեսական վիճակը չափազանց ծանրացել է և՛ համավարակի և՛ պատերազմի հետևանքով: Ուստի հասկանալի է, որ անկախ ամեն ինչից 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքում առկա են աննկարագրելի դժվարություններ, որոնք սոցիալապես ծանր վիճակի դեպքում դառնում են անհաղթահարելի, իսկ որոշ դեպքերում նաև կյանքի հետ անհամատեղելի: Հաշվի առնելով դա՝ անհրաժեշտ եմ համարում փնտրել ու գտնել երկրում առկա բոլոր հնարավոր միջոցները հիշյալ մարդկանց նյութական աջակցություն ցուցաբերելու համար»,-նշված է նախագծում:
Նշվում է, որ հաշվի առնելով պատգամավորների թիվը՝ այն կազմելու է տարեկան 79 մլն 200,000 դրամ:
Հիշեցնենք, որ սա դեռևս նախագիծ է, և նախ պետք է ստանա ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, ապա նոր քննարկվի նիստում:
Մեկնաբանել