HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բայդենը սկսել է չեղարկել Թրամփի խնդրահարույց որոշումները. ԱՄՆ-ն կվերադառնա Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը, պաշտոնավարման առաջին օրը, ստորագրել է 15 հրամանագիր և հանձնարարական, որոնք չեղարկում են Դոնալդ Թրամփի մի շարք խնդրահարույց որոշումներ։ Այդ մասին պարզ է դառնում Սպիտակ տան պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթերից։

Ջո Բայդենը չեղարկել է Թրամփի այն հրամանագիրը, որն արգելում էր մուսուլմանական մի քանի երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ։ Մուսուլմանական որոշ երկրներից ԱՄՆ մուտքի արգելքի վերացման հրամանագրում նշվում է, որ այդ որոշումը դարձել էր «մեր ազգային խղճի կեղտաբծերից մեկը և չէր համապատասխանում մարդկանց ընդունելու մեր վաղեմի պատմությանը՝ անկախ կրոնից»։ Բացի այդ, Բայդենի որոշմամբ, դադարեցվել է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը, որը, Թրամփի նախընտրական խոստումներից մեկն էր։

Դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ Բայդենը խոստացել էր վերականգնել երկրի մասնակցությունը Կլիմայի փոփոխության փարիզյան համաձայնագրին, որից ԱՄՆ-ը դուրս էր եկել 2017 թվականին։ Այդ ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ իրեն ընտրել են ներկայացնելու Փիթսբուրգի քաղաքացիներին, այլ ոչ՝ Փարիզի։

Մեկ այլ հրամանագրով Բայդենը դադարեցրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից Միացյալ Նահանգների դուրս գալը և պարտադիր դարձրել պետական ծառայողների համար դիմակների կրումն ու ֆիզիկական հեռավորության պահպանումը դաշնային բոլոր հաստատություններում։

«Երդմնակալության արարողությունից հետո այսօր ես միանգամից անցա աշխատանքի և ձեռնարկեցի գործողություններ՝

-համավարակի վերահսկողության,

-տնտեսական օգնության տրամադրման,

-կլիմայի փոփոխության զսպման,

-ռասայական արդարության նպաստման ուղղությամբ»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Ջո Բայդենը։

Ջո Բայդենի մամլո քարտուղար Ջեն Փսաքին նշել է, որ առաջիկա օրերին Բայդենը կշարունակի նույն տեմպով հրամաններ արձակել։ Մասնավորապես, սպասվում է, որ կչեղարկվի ԱՄՆ զինված ուժեր տրանսգենդերների զորակոչման արգելքի Թրամփի որոշումը և կարգելվի ֆինանսավորել այն արտասահմանյան կազմակերպություններին, որոնք նպաստում են աբորտին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը կայացել է 2021 թվականի հունվարի 20-ին, Վաշինգտոնում։ Երդմնակալության արարողությանը մասնակցել են նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը, Բարաք Օբաման, Ջորջ Ուոքեր Բուշը, նախկին առաջին տիկիններ Հիլարի Քլինթոնը, Լորա Բուշը, Միշել Օբաման, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։ Երդմնակալության արարողության ժամանակ հեռացող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ներկայացրել է փոխնախագահ Մայք Փենսը։ Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը հրաժարվել էր Սպիտակ տանը դիմավորել նորընտիր նախագահ Ջո Բայդենին՝ վաղաժամ լքելով ԱՄՆ նախագահի նստավայրը։ Երդմնակալության արարողության ժամանակ ԱՄՆ օրհներգը կատարել է փոփ երգչուհի Լեդի Գագան։

Առաջինը երկու ավետարանների վրա երդվել է փոխնախագահ Քամալա Հարիսը՝ դառնալով ԱՄՆ պատմության 49-րդ փոխնախագահը։ Հարիսը դարձել է ԱՄՆ պատմության առաջին կին փոխնախագահը, ինչպես նաև առաջին փոխնախագահը, որն ունի աֆրոամերիկյան և ասիական ծագում։

Լուսանկարը՝ Doug Mills/The New York Times

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter