
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 քաղաքացիական անձի և 1 զինվորականի աճյուն
Հունվարի 21-ին որոնողական աշխատանքներ են անցկացվել Հադրութի և Մեխակավանի (Ջաբրայիլ) ուղղություններով, հայտնաբերվել է 3 քաղաքացիական անձի և 1 զինվորականի աճյուն։ Քաղաքացիական անձանց ինքնությունը հաջողվել է պարզել, քանի որ վերջիններիս մարմինները եղել են իրենց տների բակերում, բացի այդ հարազատները ճանաչել են հագուստից։ Զինծառայողի ինքնությունը պարզել չի հաջողվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախնական տվյալներով՝ զինվորականը կամավորական ջոկատներից մեկից է։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի իրենց տան բակից գտել են Մարինե Հայրապետյանի մարմինը։ Ազոխ գյուղից Սեժիկ Ավագյանի և Յուրի Առուշանյանի մարմինները։ Հարազատները ճանաչել են նրանց։
Հունվարի 22-ին որոնողական աշխատանքներ իրականացվելու են հետևյալ ուղղություններով՝ 1 ջոկատ՝ Վարանդայի, 2 ջոկատ՝ Բերձորից հարավ՝ Իշխանաձոր-Այգեհովիտ և 1 ջոկատ՝ Որոտանի։
Պատերազմի ավարտից մինչ օրս կատարված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1251 աճյուն:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել