HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կամավորականը, ում գեներալը նվիրեց իր ժամացույցը

Չարենցավանի զինկոմիսարիատում մոտ 200 կամավոր շարք էին կանգնել։ Գեներալը, դիմելով նրանց, հարցրել էր, թե ոնց են տրամադրված։ Շարքից դուրս գալով՝ նրանցից մեկը պատասխանել էր՝ մարտական։ Քիչ անց բարձրաստիճան սպան մոտեցել էր, ժամացույցը հանել ձեռքից ու նվիրել կամավորականին։ Այս պատմությունը զոհված Գեղամ Սարգսյանի ծնողներին փոխանցել են մարտական ընկերները։ Իսկ ժամացույցն այսօր դրված է Գեղամի լուսանկարների կողքին։

Միհարկանի տան դարպասներին եռագույն է ամրացված։ Դրոշը Գեղամի մարտական ընկերներն են տեղադրել։ Նրա մասին պատմությունը հանդարտորեն լցվում է հյուրասենյակ-նախասրահում։ Փոքր ու ցածր առաստաղով սենյակը, կարծես, վերածվում է մի բաց արկղի, որտեղ լցված են նրա մասին հիշեցնող նույնիսկ ամենափոքր դետալները։ Դրանցից ամեն մեկը շուտով դառնում է խորհրդանշական։

Սենյակի անկյունում Գեղամի մեծ ու փոքր լուսանկարներն են, շագանակագույն կազմով լուսանկարների ալբոմը, որի վրա Հայաստանի զինանշանն է պատկերված։ Մայրը՝ Լուսինե Սարգսյանը, վերցնում է ժամացույցը, որի գոտի-ժապավենը կտրված է։ «Սա գեներալի նվիրած ժամացույցն է»,- ձայնը հետզհետե նվաղելով՝ ասում է Լուսինեն։ Այդ մի նախադասությունից նրա աչքերն արագ կարմրում են։ Խոսելն ավելի է դժվարանում։ Լուսինեն չի թաքցնում լացը։ Որդու կորստից հետո այն չի էլ դադարել։ Մեր ամբողջ զրույցի ժամանակ նա անընդմեջ սրբում էր թաց աչքերը։ Բառերը, հարցերն էժանագին են թվում այդ պահին։ Ու այդ դեպքերում հաճախ լռում ենք։ Իսկ լռում ենք ցավից։

«Էդ ժամացույցն իր հետ է եղել։ Որ խրամատը փորելիս են եղել, տղերքն անընդհատ ժամ են հարցրել։ Շղթան փորելուց էր պոկվել։ Ժամացույցը գցում է տղերքին, թե՝ էս բռնեք, էլ ինձնից ժամ չհարցնեք»,- ասում է հայրը՝ Աշոտը։

Գեղամի նկարների մոտից Լուսինեն վերցնում է փամփուշտը ու պարզում մեզ։ Այն նույնպես պատմություն ունի։ «Մագազինը լցնելուց ա լինում, էդ մի հատն ավելանում ա, մի տղա կար՝ Արծրունը, ասում ա՝ Արծրուն, էս պահի, հետո կտաս։ Էդ պատրոնն ու ժամացույցը Արծրունը բերեց»,- պատմում է հայրը, ում դեմքին ցավը եկել ու քարացել է։ Պատմելիս մի կետի է նայում ու դժվար է հասկանալ, թե ինչ է զգում այդ պահին։

«Էնտեղ մի հատ էլ դանակ կա։ Դա էլ իր զինակից ընկերոջինն ա։ Ասել էր՝ Գեղամ, ես հավաքածու ունեմ, որ հեսա գնանք, ես քեզ դանակ կտամ։ Էդ տղան էլ է զոհվել։ Նրա եղբայրն էր բերել դանակը, ասեց՝ սա Գեղամինն ա։ Եղբայրը երեւի զգուշացրել էր տանը»,- նշում է Աշոտը։

Գեղամը երկու եղբայրներից ավագն է։ 28 տարին լրացել է հոկտեմբերի 27-ին։ Նույն օրը պաշտպանության նախարարությունը նրա անունը հրապարակել է զոհվածների թվում: Երկու եղբայրներն աշխատում էին առեւտրի ոլորտում։ Գեղամը պահեստապետ էր։

Սեպտեմբերի 29-ին զանգել էր մորը, ով աշխատանքի էր, խնդրել տաքսի նստել ու գնալ տուն։ Պատերազմին կամավորագրվելու մասին ոչինչ չէր ասել։ «Ասեցի՝ բալես, էդքան վռա՞զ ես։ Կանգառում իջել եմ, էդտեղ եմ տեսել։ Սովորություն ունենք՝ ամեն անգամ առավոտյան աշխատանքի գնալուց ես իր թուշը 5 անգամ պաչում եմ, էդ օրն ասեց՝ մամ, էս մեկն էլ, ասեցի՝ ինչի՞ համար»,- վերհիշում է Լուսինեն։ Դա վերջին հանդիպումն էր որդու հետ։ Մայրը հաջորդ օրն է իմացել, որ Գեղամը կամավորագրվել է։ Մինչեւ այդ, ասում է, ինչ-որ տրամադրվածություն զգում էր, բայց չէր ուզում հավատալ, որ որդին կգնա. «Ինքն իմ մասին մի ուրիշ ձեւով էր մտածում։ Եթե 5 րոպե ուշանար, պիտի գրեր՝ մերս, ուշանալու եմ»։

Դեռ ապրիլյան պատերազմից հետո Գեղամն անընդհատ խոսում էր, թե ինչու չմասնակցեց։ Իսկ երբ անցյալ տարվա հուլիսին տավուշյան դեպքերը տեղի ունեցան, մորն ասել էր, որ եթե ռազմական գործողությունները երկարեն, պիտի գնա։

Պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, Գեղամը ներկայացել էր Երեւանի զինկոմիսարիատ, որտեղից ուղղորդել էին Չարենցավան, քանի որ այդտեղի գրանցում ուներ: Ամսի 28-ին ներկայացել էր Չարենցավանի զինկոմիսարիատ, որտեղ էլ գեներալը նվիրել էր իր ժամացույցը։

Մի քանի օր Արմավիրում մարտական նախապատրաստություն անցնելուց հետո Գեղամին տարել էին Ջաբրայիլ։ Սակայն մայրը մինչեւ վերջին պահն էլ իմացել է, թե որդին Գորիսում է։ Ամեն օր հեռախոսով խոսում էին։ Լուսինեն ասում է՝ ամեն անգամ էլ հազիվ էր զսպում հուզմունքը։

Հոկտեմբերի 6-ի լույս գիշերն անձրեւ էր եկել, մառախլապատ էր։ Լուսադեմին թշնամին հարձակվել էր։ Գեղամենց ստորաբաժանումը մի քանի ժամ դեմառդեմ կռիվ էր տվել։ Հետո ամեն բան հանդարտվել էր: «Երբ հանգիստ ա եղել, ասել ա՝ տենամ էն կողքի դիրքի տղերքը ո՞նց են։ Ասել էին՝ արի, կոֆե կխմես, կգնաս։ Մի 100 մետր էն կողմ է եղել մյուս պոստը։ Գնաց, մեկ էլ մի 6-7 րոպե հետո կախեցին իրենց վրա (հարվածել է ԱԹՍ-ն- հեղ.)։ 4 հոգի զոհվեցին»,- պատմում է հայրը։ Ամսի 8-ին նրան կանչել էին Գորիս։ «Էդ ժամանակ ասեցի՝ վերջ, ամեն ինչ պարզ ա»,- ասում է նա։

Լուսինեն որդու մեկնելուց հետո ամեն օր եկեղեցի էր գնում։ Հոկտեմբերի 6-ին նա կրկին այնտեղ էր, երբ Գեղամը զանգել էր։ «Ասեց, մամ, էդ էլի եկեղեցո՞ւմ ես»,- Լուսինեի ձայնը դողում է։ Այդ օրը Գեղամը զանգել էր նաեւ հորն ու եղբորը։ «Զանգեց, ասեց՝ ի՞նչ կա, ասեցի՝ նորմալ ա։ Ասեց՝ պապ, մորս լավ կնայես»,- ասում է հայրն ու լռում։

Լուսինեն որդու զոհվելու մասին իմացել է հոկտեմբերի 9-ին։ «Ամսի 9-ին ինձ զանգեցին, ասեցին՝ վիրավոր ա։ Մի կողմից՝ չէի հավատում, մյուս կողմից՝ տեսնում էի, որ տունը լցվում է։ Փոքր տղես ասաց՝ վիրավոր ա, գնալու եմ հիվանդանոց, քեզ ճիշտը կասեմ»,- պատմում է մայրը։

Ոչ միայն լուսանկարներում, այլեւ, կարծես, Լուսինեի կյանքում ժամանակը կանգ է առել։ Ցերեկն ու գիշերն այլեւս սահմանազատված չեն նրա համար։ Գիշերները չի քնում։ Հիշողությունները լցվում են ներկա՝ խտացնելով մոր կարոտը։

Հարցնում եմ՝ եթե իմանար, որ վերջին անգամ է տեսնում որդուն, ի՞նչ կասեր։ Ասում է՝ հիմա չգիտի։ Որդու որոշումները միշտ հարգում էր, եւ նա անգամ կենցաղային մանր հարցերում ճիշտ էր լինում։ «Հարցրել էի, թե ինչի չէր ասել, որ գնում է, ասել էր՝ մամ, եթե ես քո լացուկոծը տեսնեի, չէի գնա։ Ամեն զանգելուց որ լացում էի, ասում էր՝ մամ, դեռ չեմ մեռել, հերիք ա լացես։ Որ էդպես էր ասում, աշխատում էի չլացել»,- ասում է Լուսինեն։

Գեղամը չափազանց մաքրասեր էր։ Դա նույնիսկ մարտի դաշտում էր երեւում։ Մարտական ընկերները ծնողներին պատմել էին, որ բոլոր զենքերի միջից Գեղամի զենքը ճանաչում էին՝ «էնքան էր փայլացնում»։ Ծնողները հիշում են, որ ժամկետային զինծառայությունից հետո Գեղամը հաճախ էր ասում, թե կարոտել է իր զենքի ձայնը։ «Ինքը տրամադրված էր։ Ծառայության ժամանակ իր ընկերոջը դիվերսիայի ժամանակ խփեցին Նոյեմբերյանում։ Ինքը պարտք ուներ, ուզում էր ստանալ»,- ասում է հայրը։

Հ.Գ. Հոդվածի հրապարակումից հետո արձագանքել է Գեղամ Սարգսյանի մարտական ընկերը՝ Դավիթ Սարգսյանը։ Վերջինս հայտնել է, որ Գեղամի ծնողները, հավանաբար, շփոթել են տեղանունը․ գեներալը ժամացույցը նվիրել էր ոչ թե Չարենցավանի զինկոմիսարիատում, այլ Իշխանաձորում։ Մարտական ընկերը պատմում է, որ Իշխանաձոր էին իջել զենք, փամփուշտ ստանալու համար։ Այդ օրն ուժեղ անձրեւ էր գալիս։ Մինչեւ «Ուրալ» մեքենաները կգային տղաներին դիրքեր բարձացնելու, գեներալը կանչել էր բոլորին՝ ստուգելու նրանց տրամադրությունը, ոգեշնչող կարճ խոսքեր ասելու։ Գեղամը կանգնել էր գեներալի դիմաց։ Երբ հարցրել էր, թե ոնց է տրամադրությունը, պատասխանել էր՝ մարտական։ Բարձրաստիճան սպան ՝ որպես արձագանք, ասել էր, թե քանի որ զինվորական բառ է օգտագործել, իր ժամացույցը կնվիրի իրեն։ Հետո բարձրացել էին դիրքեր։ Տղերքից Արծրունն անընդհատ ժամ էր հարցնում, Գեղամը ժամացույցը տվեց նրան՝ ասելով, որ պահի, հետո կվերադարձնի։ Ժամեր անց Գեղամը զոհվել էր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter