HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ինչպես և ում դիմել բժշկասոցիալական փորձաքննություն անցնելու համար

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծած պատերազմի ընթացքում վնասվածք ստացած անձինք, ովքեր ունեն հաշմանդամության համար հիմք հանդիսացող ակնհայտ խնդիրներ, հիմնականում՝ վերին և ստորին վերջույթների ամպուտացիաներ կամ օրգանիզմի կառուցվածքային անդառնալի այլ խախտումներ, ֆունկցիոնալ արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներ, արդեն իսկ ենթարկվում են բժշկասոցիալական փորձաքննության։ 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Հետք»-ին տեղեկացնում են, որ 2020թ. նոյեմբերի 27-ից մինչև 2021 թ. հունվարի 20-ը բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) գրասենյակի տարածքային բաժինների կողմից իրականացվել է  վիրավորում ստացած 171 անձի բժշկասոցիալական  փորձաքննություն, որից 41 անձի սահմանվել է հաշմանդամության առաջին խումբ, 50 անձի՝ երկրորդ խումբ, 63 անձի հաշմանդամության 3-րդ խումբ, 9 անձի  հաշմանդամություն չի սահմանվել, ևս 8 անձի անաշխատունակության  թերթիկի ժամկետը երկարացվել է:

44-օրյա պատերազմի ընթացքում վնասվածք ստացած զինապարտների և զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց, պահեստազորում հաշվառված քաղաքացիների, կամավորականների, քաղաքացիական անձանց թվի վերաբերյալ հստակ տվյալներ դեռևս չկան:

«Նրանց ստացած վնասվածքները տարբեր ծանրության աստիճանի են, ուստի հնարավոր չէ կանխատեսել հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ ունեցողների քանակը»,-նշում են նախարարության լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ օրար առաջ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ ծանր վիրավորում ստացած զինծառայողների թիվը, որոնք անդամահատվել են, չի գերազանցում 150-ը: Ավինյանի խոսքով` վերջիններիս պետական միջոցների հաշվին  լավագույն ստանդարտներով պրոթեզավորում է տրամադրվելու, ապահովվելու է նաև սպասարակումը: 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից էլ հայտնում են, որ դիմելուց անմիջապես հետո կազմակերպվում է պրոթեզավորման համար անհրաժեշտ գործընթացը: Պրոթեզներ տրամադրվում են՝ ելնելով ամպուտացիայի մակարդակից և պրոթեզի տեսակից: Ստորին և վերին վերջույթների պրոթեզներ տրամադրվում են նախարարության կողմից հավաստագրերի հիման վրա որակավորված կազմակերպությունների կողմից:

Կառավարության որոշման համաձայն՝ կազմակերպությունների հետ կնքվում է պայմանագիր: Համապատասխան պայմանագիրը կնքելուց հետո որակավորված կազմակերպությունները նախարարության կողմից տրամադրված հավաստագրի հիման վրա իրականացնում են անձի պրոթեզավորումը:

Նախարարությունից հավաստիացնում են, որ պրոթեզի տրամադրումն այսուհետ իրականացվելու է՝ հաշվի առնելով շահառուի անհատական կարիքները վերջինիս գտնվելու վայրում՝ դիտարկելով նաև միջավայրը, նրա գործունեության ակտիվությունը։

Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ ԲՍՓ գրասենյակի բաժինների գերծանրաբեռնված աշխատանքը թեթևացնելու նպատակով 2020թ. դեկտեմբերին գրասենյակը համալրվել է նոր մասնագետներով և ԲՍՓ երկու նոր կազմավորված բաժիններով՝ Սյունիքի և Տավուշի մարզերում։ Առաջիկայում ևս մեկ բաժնով համալրում կլինի, որը կթեթևացնի Երևանը սպասարկող բաժինների աշխատանքը։

Նշենք, որ և՛ քաղաքացիական, և՛ զինվորական, այդ թվում՝ Արցախի քաղաքացիների դեպքում, անձանց հաշմանդամության սահմանման նպատակով բժշկասոցիալական փորձաքննություններն (վերափորձաքննությունները) իրականացվում են Կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն որոշմամբ հաստատված կարգով։

Կարգի 9-րդ կետի համաձայն՝ անձը բժշկասոցիալական փորձաքննության է ուղեգրվում հիվանդության, վնասվածքի հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարման առկայության դեպքում համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացրած բժշկական կազմակերպության կողմից անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո: Իսկ տևական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ` նաև բուժման ընթացքում, սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո: Բացառություն է կազմում Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների հաստատած` վերականգնման հեռանկարի բացակայություն ունեցող հիվանդությունների, այդ թվում նաև անդամահատումների:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ ուղեգրի առկայության դեպքում, բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու նպատակով, անձն առձեռն, փոստային, էլեկտրոնային եղանակով, ինչպես նաև՝ հեռախոսազանգով դիմում է իր բնակության կամ փաստացի վայրը սպասարկող ԲՍՓ բաժին: Դիմումի հետ ներկայացնում է առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը:

Բժշկասոցիալական փորձաքննություններն իրականացվում են ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած և հենաշարժողական արտահայտված կամ խիստ արտահայտված խնդիրներ ունեցող անձանց գտնվելու վայրում՝ տանը, հիվանդանոցում կամ բժշկական կենտրոնում։

Նախարարությունից հավաստիացնում են, որ բժշկասոցիալական փորձաքննության գործընթացն իրականացվում է եռօրյա ժամկետում, և վիրավորում ստացած անձինք հերթերում չեն սպասում։

Նշենք, որ Կառավարության 2020թ. դեկտեմբերի 17-ի թիվ 2082-Լ որոշման համաձայն՝ սոցիալական աջակցություն է տրամադրվում Արցախի պաշտպանության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին։ Ծրագրի շահառու  են հանդիսանում և՛ Հայաստանի, և՛ Արցախի քաղաքացիները։ Աջակցությունը միանվագ դրամական օգնության ձևով է՝

1-ին խմբի հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին տրվում է  3 մլն դրամ,

2-րդ խմբի դեպքում՝ 2,000,000 դրամ,

3-րդ խմբի դեպքում՝ 1,000,000 դրամ,

Հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում՝ 3,000,000 դրամ։

«Աջակցություն վիրավոր զինվորներին և զոհվածների ընտանիքներին» նախաձեռնության անդամ, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ԲՍՓ մասնագետները շրջում են հիվանդանոցներով և գնահատում վիրավորում ստացած անձանց կարիքները, տրամադրում հաշմանդամության խմբեր: Նրա խոսքերով՝ բավականին կրճատվել են բյուրոկրատական քաշքշուկները նաև հեշտացել է աջակցող միջոցների տրամադրումը:

«Միշտ խոսում եմ զինհաշմանդամների շահերից, բայց եզակի դեպքերից է, որ արվում է ավելին, քան ակնկալվում էր: Օրինակ, աջակցող միջոց է տրվում մարդուն ում հաշմանդամությունը դեռ չի ճանաչվել: Հնարավոր է նրան սայլակ տրամադրեն, բայց 2 ամիս հետո այդ սայլակը պետք չգա, սակայն, բառիս լավ իմաստով, պետությունը շռայլ է գտնվում այս հարցերում»,-նշում է Հայկուհի Մինասյանը:

Վերականգնողական կենտրոնի տնօրենը սակայն, փաստում է, որ ամեն ինչ չէ, որ հարթ է:  Դեռ համացանցում կարելի է հանդիպել գրառումների, որ զինվորը չունի սայլակ և այլն: Հ. Մինասյանի կարծիքով՝ այս ամենի պատճառը տեղեկատվության պակասն է, մարդիկ տեղեկացված չեն, թե երբ, ում, ինչպես դիմեն, որ աջակցող միջոցը տրամադրվի:

«Այստեղ խնդիրը համակարգային է: Տարիներ շարունակ համակարգը կարելի է ասել գոյություն չի ունեցել և ռեֆորմները միշտ չէ, որ հասնում են տեղ: «Հին» հաշմանդամները իդեալական տիրապետում են փորձաքննության կարգին, տրամադրվող օժանդակող միջոցներին: Իսկ այն մարդիկ, ովքեր նոր են վիրավորվել, նույնիսկ հաշմանդամության պարագաների անունները նորմալ չգիտեն: Չգիտեն, որ նախարարություն ինչի համար դիմեն»,-ավելացնում է Հ. Մինասյանը:

Մինասյանը նշում է՝ կան դեպքեր, որ թեթև վնասվածքներ ունեն, սակայն ակնկալում են ստանալ հաշմանդամության խումբ: Մի մասը դրանով ցանկանում է գումար ստանալ, մի մասը՝ արտոնություններից օգտվել, և դժգոհություն կարող է առաջանալ, որ հաշմանդամ չեն ճանաչվել:

Հայկուհի Մինասյանը նշում է, որ պետք չէ անտեսել նաև նման անձանց: Նրա խոսքերով՝ կան մարդիկ, ովքեր պատերազմի դաշտում վիրավորվել են, սակայն հաշմանդամություն չեն ստացել, և ունեն առողջապահական ծառայություններից օգտվելու կարիք:

«Ենթադրենք մարդը պատերազմի ժամանակ ստացել է ականջի ծանրալսություն: Սա հաշմանդամության չի հանգեցնում, սակայն ականջն ունի բուժման կարիք: Արդա՞ր է, որ պետությունը այդ մարդկանց չօգնի: Նրանք չունեն կարգավիճակ և չեն կարողանում երկրորդ անգամ անվճար հետազոտվել: Առաջին բուժօգնությունը ստանում են անվճար, գնում են տուն, մեկ ամիս անց գալիս են նորից ստուգվելու, ասում են՝ դու կարգավիճակ չունես, պետք է վճարես»,-հավելում է Հայկուհի Մինասյանը:

Վերականգնողական կենտրոնի տնօրենն ասում է, որ մարտի դաշտում վիրավորում ստացած անձինք պետք է ունենան կարգավիճակ, որը հաշմանդամություն չէ և թոշակ չի հատկացվում: Նման անձանց բուժումն ու դեղորայքի տրամադրումը պետք է իրականացվի 1-ին խմբի հաշմանդամի համար սահմանված կարգով՝ պետպատվերի շրջանակներում, վնասվածքի մասով: 

Լուսանկարները՝ Հայրենիքի պաշտպանի Վերականգնողական կենտրոնի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter