HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանում բողոքի ցույցի են դուրս եկել Ալեքսեյ Նավալնու աջակիցները. բերման է ենթարկվել շուրջ 2 500 մարդ

Ռուսաստանի մի շարք քաղաքներում հունվարի 23-ին բողոքի ցույցի են դուրս եկել ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու աջակիցները։ Մոսկվայի Պուշկինի հրապարակում կեսօրից սկսել են հավաքվել ցուցարարները։ Նրանք պահանջում էին ազատ արձակել Ալեքսեյ Նավալնուն, որը Խիմկիի դատարանի կողմից հունվարի 18-ին կալանավորվել էր 30 օրով։ 

Տեղում աշխատող լրագրողները հայտնել են, որ բողոքի ցույցի հենց սկզբից ոստիկանությունը բերման է ենթարկել ցուցարարների մի մասին։ Կեսօրին բերման ենթարկվածների թվում է եղել բլոգեր Իլյա Վարլամովը, սակայն փաստաթղթերի ստուգումից հետո, նրան ազատ են արձակել։ Ոստիկանությունը Մոսկվայում բողոքի ցույցի ողջ ընթացքում փակել է Կարմիր հրապարակը։

Բացի մայրաքաղաք Մոսկվայից, բողոքի ցույցեր են կայացել նաև Ռուսաստանի մյուս քաղաքներում։ Առաջինը ցուցարարները բողոքի ցույցի են դուրս եկել Հեռավոր Արևելքում։ Բողոքի ցույցեր են տեղի ունեցել Վլադիվոստոկում, Խաբարովսկում, Յակուտսկում, Սանկտ Պետերբուրգում, Նովոսիբիրսկում, Կրասնոյարսկում, Եկատերինբուրգում, Կրասնոդարում և երկրի մյուս խոշոր քաղաքներում։

Իրավապաշտպանները հայտարարել են, որ ժամը 21:30-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը գերազանցել է 2500-ը։ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ բողոքի ցույցերին մասնակցել է մոտ 4000 մարդ։ Reuters գործակալության տվյալներով էլ բողոքի ցույցի մասնակիցների թիվը հասել է 40 000-ի։ 

Ցուցարարները բերման են ենթարկվել նաև «Մատրոսկայա տիշինա» մեկուսարանի մոտից, որտեղ հիմա գտնվում է Նավալնին։ Բերման է ենթարկվել նաև Նավալնու կինը՝ Յուլիա Նավալնայան, ինչպես նաև՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի աշխատակից Լյուբով Սոբոլը։

Լուսանկարը՝ Владислав Шатило / РБК

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter