HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Խիմկիի դատարանը Նավալնուն կալանավորել է 30 օրով

Խիմկիի քաղաքային դատարանի դատավոր Ելենա Մորոզովան ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնուն 30 օրով կալանավորելու որոշում է արձակել։ «Իվ Ռոշե»-ի գործով Նավալնին կալանավորված կմնա մինչև 2021 թվականի փետրվարի 15-ը։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Նավալնու փաստաբանական թիմի անդամ Վադիմ Կոբզևը։ 

Դատական նիստը կայացել է Խիմկիի ոստիկանության բաժանմունքում, ուր նա բերվել էր Մոսկվայի Շերեմետեւո օդանավակայանում ձերբակալվելուց հետո։ Մինչ դատական նիստը Նավալնուն չեն կարողացել այցելել իրավապաշտպանները, իսկ գլխավոր փաստաբան Օլգա Միխայլովան նիստի մասին տեղեկացվել է դրա մեկնարկից մի քանի րոպե առաջ։

Մոսկվայի հանրային դիտորդական հանձնաժողովի անդամ Եվա Մերկաչևան «Дождь»-ի եթերում հայտնել է, որ Նավալնին ուղարկվել է Զելենոգրադի ուղղիչ աշխատանքային գաղութ, իսկ Նավալնու մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը, հղում անելով փաստաբաններին, հայտնել է, որ Նավալնուն տեղափոխել են «Մատրոսկայա տիշինա» կալանավայր։ Ավելի ուշ, Նավալնին ևս հաստատել է «Մատրոսկայա տիշինա» կալանավայր ուղարկվելու փաստը։

Հիշեցնենք, որ դատարանը քննում է ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայությունից Նավալնու խուսափելու հարցը։ Եթե նա մեղավոր ճանաչվի, ապա պայմանական ազատազրկումը կփոխարինվի 3,5 տարվա իրական ազատազրկմամբ։ Դատական նիստը կկայանա 2021 թվականի հունվարի 29-ին։ 

Բացի այդ, 2020 թվականի դեկտեմբերի վերջին Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ խարդախության մեղադրանքով քրեական գործ է հարուցել Նավալնու նկատմամբ։ Քննչական կոմիտեի վարկածով՝ քաղաքական գործիչն իր հայեցողությամբ է ծախսել այն գումարները, որոնք քաղաքացիները նվիրաբերել են Նավալնու հետ կապ ունեցող հիմնադրամներին՝ կոնկրետ նպատակներով։ Վերջինս ժխտում է այդ փաստը։ Ընդ որում, այս գործով քննչական մարմինը դեռևս չի ընտրել խափանման միջոց։

Հիշեցնենք, որ 2020 թվականի օգոստոսի 20-ին Տոմսկ-Մոսկվա ինքնաթիռում վատացել էր ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսանդր Նավալնու առողջական վիճակը։

Օմսկում օդանավի արտակարգ վայրէջքից հետո Նավալնին հոսպիտալացվել էր։ Այնտեղ նա միացվել էր թոքերի արհեստական շնչառության ապարատին։ Օգոստոսի 22-ի առավոտյան Ալեքսեյ Նավալնին տեղափոխվել էր Բեռլին։ Ավելի ուշ, գերմանացի բժիշկները հայտարարել էին, որ Նավալնին թունավորվել է Նովիչոկ տիպի թույնով։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter