Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 2 աճյուն
Հունվարի 24-ին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատների որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 2 աճյուն, որոնցից մեկը, ըստ նախնական տվյալների, քաղաքացական անձ է։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
Աշխատանքներն իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ), Վարանդայի (Ֆիզուլի) և Հադրութի շրջաններում:
Մարմինները հայտնաբերվել են Վարանդայի շրջանից և Հադրութի շրջանի Տումի գյուղից։ Աճյունների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ 2021 թվականի հունավարի 23-ը կատարված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1283 աճյուն, որոնցից 15֊ը քաղաքացիական անձինք են, որոնք տարբեր պատճառներով չեն լքել, կամ հրաժարվել են լքել գյուղն ու սպանվել ադրբեջանցիների կողմից, կամ հրետակոծության հետևանքով մահացել։ 1268-ը զինվորականներ են, պահեստազորայիններ և կամավորականներ։
Այսօր՝ հունվարի 25-ին, որոնողական աշխատանքներ իրականացվելու են Ջրականի (Ջաբրայիլ), Վարանդայի (Ֆիզուլի), Մատաղիսի և Հադրութի ուղղություններում։
Մեկնաբանել