HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավոր Գագիկ Հեբոյանն ազատ է արձակվել 2 մլն դրամ գրավի դիմաց

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանն ազատ է արձակվել 2 մլն դրամ գրավի դիմաց: Որոշումը կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանը, որտեղ այս պահին քննվում են Հեբոյանին և փաստաբան Վահագն Դանիելյանին մեղավոր ճանաչելու դատավճռի դեմ նրանց պաշտպանների բողոքները: Հեբոյանի պաշտպաններից Արմեն Նադիրյանն ասաց, որ նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը կայացվել է 2020-ի տարեվերջին:

Հիշեցնենք, որ 2019 թվականի նոյեմբերին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, դատավոր Գագիկ Հեբոյանին մեղավոր  է ճանաչվել կաշառք ստանալու մեջ և դատապարտվեց 7 տարի ժամկետով ազատազրկման: Նույն գործով մեղադրյալ, փաստաբան Վահագն Դանիելյանին վերագրվող կաշառք ստանալու օժանդակության արարքը վերաորակվել է կաշառքի միջնորդության, և Դանիելյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման: Դատավճռի հրապարակման պահին Դանիելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված եղել գրավը, որը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքները Վերաքննիչ դատարան են ներկայացվել 2019-ի դեկտեմբերին, այսինք՝ մեկ տարուց ավելի է՝ գործը գտնվում է Վերաքննիչ դատարանում:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրի դատավոր Գագիկ Հեբոյանը, զբաղեցնելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ՝ քաղաքացի Բենիկ Հարությունյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար 2019 թվականի մարտի 6-ին նրանից անձամբ պահանջել և 2019 թ. մարտի 27-ին Փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք:

Ըստ մեղադրանքի՝ դատավորը քաղաքացուն 3 580 000 դրամ պետական տուրքը վճարելուց ազատելու դիմաց պահանջել է 1 714 160 դրամին համարժեք 3500 դոլար կաշառք, սակայն սակարկելու արդյունքում Գագիկ Հեբոյանը քաղաքացու հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել հիշյալ գործողությունը կատարելու դիմաց 1 224 400 դրամին համարժեք 2500 դոլար կաշառք ստանալու վերաբերյալ, խուսափելով կաշառքի առարկան անձամբ վերցնելուց և բացահայտվելուց` դատավորը դիմել է իր ծանոթ փաստաբանի` Վահագն Դանիելյանի օգնությանը. 2019թ. մարտի 27-ին հիշյալ քաղաքացին ԱԱԾ-ի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում 2500 դոլար կաշառքի գումարը տվել է փաստաբանին, որը նույն օրը այն փոխանցել է դատավորին:

Գագիկ Հեբոյանը ձերբակալվել է մարտի 27-ին, որից հետո գլխավոր դատախազը նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ), որը բավարարվել է, ապա դատավորին մեղադրանք է առաջադրվել, և նա դատարանի որոշմամբ կալանավորվել է: Այս պահին Հեբոյանի լիազորությունները ԲԴԽ-ի որոշմամբ կասեցված են մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը: Փաստաբան Վահագն Դանիելյանը քննության սկզբնական շրջանում կալանքի տակ է եղել, ապա, ինչպես նշեցինք՝ գրավով ազատ արձակվել: Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter