HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կորոնավիրուսի տարածումը կանխելու հարցում Կառավարության գործունեությունը գնահատող ԱԺ քննիչ հանձնաժողովը գումարեց առաջին նիստը

Խորհրդարանն այսօր՝ հունվարի 25-ին, տրվեց նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համավարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը գնահատող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքների մեկնարկը: Հանձնաժողովը ձևավորվել է ընդդիմադիր երկու խմբակցությունների ստորագրահավաքի շնորհիվ:

Հանձնաժողովի նախագահն է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը, նախագահի տեղակալ ընտրվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը: Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ հանձնաժողովը բավականին ներկայացուցչական կազմ ունի, կան տարբեր մասնագետներ՝ իրավաբաններ, տնտեսագետներ, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձինք:

«2020 թվականը բավական ծանր տարի էր առողջապահական համակարգի համար, տարեսկզբից մեր ժողովուրդը ստիպված անցկացրեց արտակարգ դրության, հետո  ռազմական դրության, կարանտինի պայմաններում: Ես ուզում եմ հանձնաժողովի անունից մեր երախտիքի խոսքերը հայտնել բժիշկներին իրենց հերոսական աշխատանքի համար: Իրականում պատերազմ է եղել վիրուսի դեմ, և առաջամարտիկները բժիշկներն էին»,-ասաց Արկադի Խաչատրյանը:

Հանձնաժողովի նախագահի համոզմամբ՝ ակնհայտ է, որ վերջնանպատակը պետք է լինի երկրի ինստիտուցիոնալ կարողություների մեծացումը՝ նման համավարակներին դիմակայելու համար, որոնցից ապահովագրված չէ որևէ երկիր:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը նշեց, որ նման հանձնաժողով ձևավորելով՝ ներքաշվում են մի գործընթացի մեջ, որի արդյունավետության գնահատականը դեռ աշխարհում չկա: Պատգամավորն օրինակ բերեց թռչնագրիպը՝ հետաքրքրվելով, թե կա՞ արդյոք մի երկիր, որը վիրուսի դեմ պայքարի հարցում արդյունավետ քայլերի հաջորդականությունը գտել է: Մանուկյանը հարցրեց, թե ինչպե՞ս են գնահատելու հանձնաժողովի առաքելությունն արդյունավետության տեսանկյունից:

Արկադի Խաչատրյանն արձագանքեց՝ համատեղ կքննարկեն արդյունավետ չափորոշիչներն ու մեթոդաբանությունը, կհիմնվեն փորձագետների կարծիքների վրա, ինչպես նաև պահանջելու են տեղեկատվություն պատկան մարմիններից:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ընդգծեց՝ մինչ այս պահը կորոնավիրուսի հետ կապված չեն ստացել բազմաթիվ հարցերի պատասխաններ, օրինակ՝ հիմնադրամում առկա գումարները ինչի վրա են ծախսվել, կամ ինչի էին մարդիկ մահանում տներում:

Հանձնաժողովը հերթական նիստեր կգումարի քառօրյա նիստերի հաջորդող երկուշաբթի օրը, այսինքն նիստ կգումարվի երեք շաբաթը մեկ անգամ, սակայն կլինեն նաև արտահերթ նիստեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter