HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Շուշիի թանգարանների ֆոնդերը չտարհանվեցին իրադրությունը սխալ գնահատելու պատճառով

Շուշիում գտնվող չորս թանգարաններից երեքի՝ կերպարվեստի, երկրաբանության և պատմության թանգարաններում գտնվող մշակութային արժեքները մնացին քաղաքում և գտնվում են ադրբեջանցիների ձեռքում: Ադրբեջանցիները Հադրութի շրջանից առգրավել են նաև Ազոխի քարանձավի պեղումների ժամանակ հայտնաբերված հնագիտական նյութերը՝ 90 արկղ:

Պատերազմի ընթացքում Արցախից տարհանվել են Ստեփանակերտում գտնվող Արցախի պատմաերկրագիտական թանգարանի ցուցանմուշները, Շուշիում Արցախի Կրթության, գիտության եւ մշակույթի (ԿԳՄ) ենթակայության պահադարանում գտնվող Արցախի մշակութային արժեքները և Շուշիի գորգերի թանգարանի արժեքավոր գորգերը, որը մասնավոր հավաքածու է: 

Արցախի ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանը խուսափել է տարհանված մշակութային արժեքների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելուց: Նա հայտնել է, որ տարհանված թանգարանային ֆոնդերի վերաբերյալ տեղեկատվությունն առայժմ հրապարակման ենթակա չէ, սակայն իր նախորդ հարցազրույցներում որոշակի մանրամասներ հայտնել էր այլ լրատվամիջոցների։

Շուշիի կերպարվեստի, երկրաբանության և պատմության թագարանները միավորված էին «Շուշի  քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի կազմում: ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանը պատմեց, որ հոկտեմբեր ամսին երկրաբանության, կերպարվեստի թանգարանների և Շուշիի պատկերասրահի ցուցանմուշները խնամքով փաթեթավորել են, տեղափոխել կերպարվեստի թանգարանի նկուղ, որը 5 մ խորությամբ ռմբապաստարան է: Թանգարաններից տարհանումն իրականացրել են քանդակագործ Արմեն Պետրոսյանի հետ: Լուսինեն ասում է, որ նա հռթիռակոծության տակ, կյանքը վտանգելով, տարհանել է թանգարանային ֆոնդը և մինչև նոյեմբերի 6-ը գտնվել է Կերպարվեստի պետական թանգարանում:

Լ. Գասպարյանը նշում է, որ տարհանելու ժամանակ մշակութային արժեքների պահպանության հարցը լուծված էին համարում, նկուղը միանգամայն ապահով էր, և հրետակոծությունից դրանք չէին կարող վնասվել: Սակայն, պատերազմական վիճակը օր օրի վրա տագնապալից էր դառնում և մտահոգված էին դրանց անվտանգության հարցով: Ասում է, որ երկու անգամ դիմել է Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանին՝ դրանք Շուշիից տարհանելու հարցով, սակայն իրեն հանգստացրել են, որ ֆոնդերն ապահով տեղում են, պետք չէ դուրս բերել:

Լուսինեն ասում է, որ ինչ էլ լիներ՝ Շուշին անառիկ էր համարվում, և երբեք չի մտածել, որ այն կարող է անցնել թշնամու ձեռքը: Սակայն, երբ հոկտեմբերի վերջին նախարարությունըպահանջեց վերադարձնել շուշեցի քանդակագործ Հակոբ Գյուրջյանի երեք քանդակները, հասկացավ, որ Շուշիում այլևս ապահով չէ: Այդ քանդակները պատկանում էին Հայաստանի ազգային պատկերասրահին և 2013թ.-ից իրենց մոտ էին գտնվում կերպարվեստի թանգարանում ժամանակավոր ցուցադրելու համար:

«Մշակույթի նախարարությունից ինձ ասացին, որ մշակութային արժեքների տարհանում են կազմակերպում և պահանջեցին Հակոբ Գյուրջյանի 3 քանդակները: Ես նրանց հարցրեցի՝ եթե այդ երեքը հանում եք, ինչո՞ւ չեք հանում մնացած գործերը, քանի որ մնացածը փաթեթավորված և պատրաստ են, կարող եք դրանք էլ հանել: Ասացին՝ եթե ռմբապաստարանում են, կարիք չկա հանելու: Բայց այդ քանդակներն էլ էին ռմբապաստարանում, այդ դեպքում ինչո՞ւ էին մտահոգված դրանց համար»,- հարցնում է Լ. Գասպարյանը:

Ինչո՞ւ Շուշիի թանգարանների ողջ ֆոնդը չի տարհանվել, այլ միայն առանձին ցուցանմուշներ են դուրս բերվել մեր հարցին Արցախի ԿԳՄ նախարար Լ. Ղարախանյանը պատասխանել է. «Պատերազմը եղավ անկանխատեսելի։ Հաշվի առնելով այն իրողությունը, որ հրետակոծվում էր Արցախի հանրապետության ողջ տարածքը և հատկապես ճանապարհները, հետևաբար ստիպված էինք մշակութային ժառանգությունը տեղավորել ռմբապաստարաններում, մանավանդ, որ որևէ մեկը չէր պատկերացնում, թե Շուշին կարող էր հայտնվել հակառակորդի վերահսկողության տակ»։

ԿԳՄ նախարար Լ. Ղարախանյանի ներկայացրած պատճառաբանության տրամաբանությամբ, մշակութային արժեքներից ոչինչ չպետք է տարհանվեր, բայց փաստ է, որ հոկտեմբերի 25-ին տարհանվել են Ստեփանակերտում գտնվող Արցախի պատմաերկրագիտական թանգարանի ցուցանմուշները, Շուշիի պահադարանում գտնվող Արցախի մշակութային արժեքներըև, մասնակիորեն, Շուշիի գորգերի թանգարանի գորգերը:

Հնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը Արցախի մշակութային արժեքները մասնակի տարհանելու փաստը բացատրեց նրանով, որ Շուշիի պահադարանի և Ստեփանակերտի թանգարանի շենքերն ապահով չէին: Ստեփանակերտի թանգարանի մի պատը փլված էր և նորն էր կառուցվում, իսկ Շուշիի պահադարանը հին շինություն էր, և հրետակոծությունից կարող էին ոչնչանալ այնտեղ գտնվող հնագիտական նյութերը:

Շատերն են կարծում, որ պատերազմի ընթացքում հանրությանը կեղծիքի մեջ պահելը հանգեցրեց մշակութային արժեքների կորստին: Շուշին անառիկ էր համարվում, ոչ ոք չէր մտածում, որ քաղաքը կարող են հանձնել, դրա համար էլ չեն մտածել այնտեղից օր առաջ մշակութային արժեքները տարհանելու մասին: Պատերազմի ավարտից հետո միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց. «Շուշիից առաջ պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի»: Մեկ ուրիշ դեպքում՝«Շուշին՝ որպես նախապայման պատերազմի դադարեցման, եղելէ օրակարգում, և սա անհերքելի փաստ է»: 

Շուշին հանձնելուց հետո ռմբապաստարանում մնաց երկրաբանության թանգարանի ողջ ֆոնդը՝ 480 անուն հանքաքար և օրգանական բրածո մնացորդներ: Հավաքածուի մեջ ներառված էին հանքաքարեր աշխարհի 47 երկրներից և ՌԴ 20 երկրամասերից։ Դրանց մեջ կա ավելի քան 1 մլրդ 200 մլն տարվա ցուցանմուշ, կան նմուշներ Արցախից, որոնցից ամենահինը 146 մլն տարեկան է:

Երկրաբանության թանգարանը հիմնադրվել էր 2014թ.-ին, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 1989-1991 թվականներին ԽՍՀՄ երկրաբանության նախարար, Արցախի նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցի անձնական հավաքածուի հիման վրա: «Ժամանակի ընթացքում պրոֆեսոր Գաբրիելյանցն անընդհատ թարմացնում էր հավաքածուն, նոր ցուցանմուշներ էր ձեռք բերում և շատ հետաքրքիր թանգարան էինք ստեղծել, որով կարող էինք մրցել աշխարհի յուրաքանչյուր նմանատիպ թանգարանի հետ»,- ասում է «Շուշի  քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրենը:

Երկրաբանական թանգարանը հիմնադրելուց մեկ տարի առաջ՝ 2013թ.-ին, դարձյալ Գրիգորի Գաբրիելյանցի նախաձեռնությամբ, Շուշիում հիմադրվել էր Կերպարվեստի պետական թանգարանը: «Գ. Գաբրիելյանցը 2010թ.-ին իր անձնական հավաքածուից առաջին 30 նկարները նվիրաբերեց թանգարանին, նրան միացան նաև տարբեր հավաքորդներ, նկարիչներ, մեկենասներ, բարերարներ և այդպիսով, 3 տարվա ընթացքում կազմվեց կերպարվեստի թանգարանի հավաքածուն: Մինչև 2020թ.-ը ֆոնդում ունեինք մոտ 800 աշխատանք՝ կտավներ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ: Համալրումը շարունակվում էր արվեստագետների և հավաքորդների նվիրատվությունների շնորհիվ»,- հայտնեց տնօրենը:

Կերպարավեստի  թանգարանում ներկայացված էին հայ մեծանուն նկարիչներ Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Գառզուի, էդգար Շահինի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Ժանսեմի, Հենրիկ Սիրավյանի, Հակոբ Հակոբյանի, Նիկողայոս Նիկողոսյանի, Գայանե Թբլիսիցու (Խաչատրյանի), Յուրի Գրիգորյանի, Արմինե Կալենցի, Կարեն Աղամյանի և այլոց աշխատանքները: Նկարչական տարբեր ուղղություններ ներկայացնող ռուս անվանի նկարիչներ Պավել Կուզնեցովի, Դիմիտրի Վիլինսկու, Դավիդ Բուրլյուկի, Դիմիտրի Ժիլինսկու, Անատոլի Սաֆոխինի, Տարաս Շևչենկոյի, Դիմիտրի Պլավինսկու, Անատոլի Սաֆոխինի և այլոց նկարները:

Լուսինե Գասպարյանն ասում է, որ Գրիգորի Գաբրիելյանցը և Արցախի մշակույթի նախարարությունը համատեղ աշխատանքով փորձում են ռուս խաղաղապահների միջոցով ադրբեջանցիներից ետ ստանալ թանգարանային նմուշները, բայց մինչ օրս ոչինչ չի ստացվում: Ռուսաստանի Դաշնությունը մշակութային հանձնաժողով է ստեղծել, նրանց ուղարկել են թանգարանային ֆոնդերի ցանկը: «Պրոֆեսոր Գաբրիելյանցի հետ միասին նամակ ենք գրել ՌԴ մշակույթի նախարարությանը, արտգործնախարարությանը, փորձում ենք ինչ-որ բան փրկել, բայց ապարդյուն»,- ցավով հայտնեց Լուսինեն:

Շուշիի պատմության թանգարանի ողջ ֆոնդը մնացել է թանգարանում, այնտեղից ոչ մի իր ռմբապաստարան էլ չէին տեղափոխել: 1992թ.-ին հիմնված պատմության թանգարանում ներկայացված էր Շուշիի հետ կապված ամեն ինչ՝ սկսած հնագույն շրջանից: Այստեղ Շուշիի պեղումների արդյունքում հայտնաբերված նմուշներն էին ցուցադրվում, Շուշիի կենցաղն էր ներկայացված, սրահներից մեկում մեծահարուստ բարերար Թադևոս Թամիրյանցի տան ինտերիերն էր տեղադրված, տարբեր գորգեր, արծաթյա զարդեր, կահկարասի, Շուշիիում ժամանակին տպված թերթերն ու գրականությունը և այլն:

Պատերազմի օրերին Երևան տեղափոխվեց Գանձասարի մատենադարանի հավաքածուն: «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնը», որը Գանձասար վանական համալիրումբացվեց 2015թ. նոյեմբերին, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի մասնաճյուղն է:

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն ասում է, որ Գանձասարի մատենադարանը համեմատաբար ապահով տեղում էր գտնվում (Մարտակերտի շրջան): Սակայն, այս պատերազմի ժամանակ Արցախում ոչ մի տեղ ապահով չէր կարող համարվել, ուստի տնօրինությունը որոշեց ձեռագրերը տեղափոխել Երևան: «Ավելի քան 100 ցուցանմուշ կար այնտեղ, մեր աշխատողների մի մասը դեռևս այնտեղ էր, նրանց օգնությամբ ձեռագրերն անվնաս հասցվեցին Երևան: Նույնիսկ մեր համակարգիչներն ենք տեղափոխել»,- հայտնեց պրն Տեր-Ղևոնդյանը:

Արտակարգ իրավիճակներում այսպես պետք է գործեր Արցախի ԿԳՄ նախարարությունը և պետական մտածողություն ունեցող յուրաքանաչյուր պաշտոնյա:

Լուսանկարները տրամադրել է  «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ը

Մեկնաբանություններ (1)

Chuck Hajinian
this is why you need to have private collectors. they are the ones who replenish museums when they are destroyed, burned, stolen. RESPECT private collectors. Museums are vulnerable. What happens is the Turks bomb the museums in Armenia? Nuture private collectors and the items they preserve.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter