HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Միհրան Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժվել է

Քննչական կոմիտեն մերժել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ նրա պաշտպան Միքայել Շխիմյանի ներկայացրած միջնորդությունը։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց Շխիմյանը։

Խոսքը Քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպել և անցկացնելու գործով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին է։

Ըստ Քննչական կոմիտեի՝ Հակոբյանը Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին որոշման հավելվածում սահմանված կարգն է խախտել, որով արգելվում էր ռազմական դրության պայմաններում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հավաքների, գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը։

2020 թվականի նոյեմբերի 23-ին «Հայ հեղափոխական դաշնակցության» անդամ Արծվիկ Մինասյանը, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը և «Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախմբի» քարտուղար Վահե Գրիգորյանն ընդդեմ Կառավարության դիմել են Վարչական դատարան՝ պահանջելով ռազմական դրություն հայտարարելու մասին որոշման հավելվածի մի քանի կետերն անվավեր ճանաչել ու նշված դրույթներն ընդունելու պահից ուժը կորցրած համարել։

Վիճարկվող դրություներից մեկը Հայաստանի ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելու արգելքի վերաբերյալ դրույթն է, և վարչական դատարանը դրա գործողությունը կասեցրել է մինչև գործի քննության ավարտը։ Որոշման մեջ դատարանը նշել է, որ անկախ գործի քննության արդյունքներից՝ սահմանված արգելքի կիրառումը ներկայում այլևս համարժեք չէ արգելվող իրավունքների և ազատությունների նշանակությանը, պիտանի և անհրաժեշտ չէ ռազմական դրություն հայտարարելու մասին որոշմամբ սահմանված նպատակներին հասնելու համար։

Այս որոշումից հետո կառավարությունը վերացրել է հավաքների, գործադուլների կազմակերպման և մասնակցելու, հրապարակումների և հաղորդումների սահմանափակումների արգելքը։

Պաշտպան Միքայել Շխիմյանը Միհրան Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության մեջ նշել է, որ անձի վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, և այս տրամաբանությամբ հավաքների ազատության հետ կապված դրույթի իրավաչափությունը ստուգելու արդյունքը պետք է ազդեցություն ունենա նաև Քրեական օրենսգրքի 225.1 հոդ­վածի 1-ին մասով նա­խա­տեսված հանցա­գոր­ծության դեպքի կամ հանցա­կազմի բացակա­յութ­յունը փաս­­­տե­լու հանգամանքի վրա։

Պաշտպանը մեկնաբանում է, որ նման պայմաններում Քրեական օրենսգրքի 225.1 հոդվածն ապաքրեականացվել է, ու Հակոբյանի և մյուսների վերաբերյալ գործով վարույթը ենթակա է անհապաղ կարճման, իսկ Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ դադարեցման։

Լուսանկարը՝ Միհրան Հակոբյանի ֆեյսբուքի էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter