HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատախազը 1․5 տարի ազատազրկում է պահանջել Արտյոմ Հարությունովի համար

«Արտյոմ Կանևսկոյ» անունով հայտնի Արտյոմ Հարությունովի համար դատախազը 1 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկում է պահանջել։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ ասաց գործով դատախազ Հայկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Հարությունովը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ Արտյոմ Հարությունովն իր կողմից օգտագործվող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի մեջ ապօրինի պահել է մեկ այլ անձի` Մյասնիկ Մատինյանի անվամբ հաշվառված, կրակոցներ կատարելու համար պիտանի, ակոսափող հրազեն հանդիսացող որսորդական ինքնալից կարաբին՝ պահեստատուփով լիցքավորված, ինչպես նաև կրակելու համար պիտանի, որսորդական ակոսափող զենքերի համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող թվով 30 հատ գործարանային արտադրության փամփուշտներ ու մեկ հատ պահեստատուփ՝ լիցքավորված՝ կրակելու համար պիտանի, որսորդական ակոսափող զենքերի համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող թվով 20 հատ գործարանային արտադրության փամփուշտներով, որոնք էլ 2019 հունվարի 12-ին հայտնաբերվել են Արտյոմ Հարությունովի՝ նշված ավտոմեքենայի զննությամբ։

Հարությունովն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, իսկ Մյասնիկ Մատինյանն, ով նրա ընկերն է, դատարանում ցուցմունք է տվել և հայտնել, որ մեքենայում հայտնաբերված զենք-զինամթերքն ինքն է թողել Հարությունովի վարած մեքենայի մեջ՝ առանց նրան զգուշացնելու։ Մատինյանը զինծառայող է, դատարանում ցուցմունք տալիս նշել է՝ Հարությունովի հետ ցանկացել են որսի գնալ, զենք-զինամթերքը նրա վարած մեքենայում հայտնաբերելուց մեկ օր առաջ՝ 2019 թվականի հունվարի 11-ին, գնացել է մարզասրահ, որտեղ պարապելիս է եղել Հարությունովը, զենք- զինամթերքն առանց վերջինիս գիտության դրել է նրա մեքենայի բեռնախցիկում, բայց հետո իրեն զանգել և շտապ կանչել են ծառայության, ու ինքը արագ մեկնել է՝ առանց Հարությունովին տեղյակ պահելու, որ բեռնախցիկում իրեր է թողել։

Արտյոմ Հարությունովին վերագրվող արարքը համարվում է միջին ծանրության, դրա համար նախատեսվող առավելագույն պատիժը 3 տարի ազատազրկումն է։ Դատախազ Հայկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հարությունովի համար 1 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկում պահանջելիս որպես մեղմացնող հանգամանք հաշվի է առել նրա խնամքին երեք անչափահաս երեխաների առկայության հանգամանքը, իսկ խստացնող հանգամանք առկա չէ։

Լուսանկարում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ զենքը զննելիս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter