HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Լևոն Սարգսյանը հրաժարվել է Մարտի 1-ի գործով ցուցմունք տալ

«Ալրաղացի Լյովիկ» անունով հայտնի Լևոն Սարգսյանի դեմ ցուցմունք տված անձանցից մեկը Արա Կարապետյանն է։ Այս մասին այսօր դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սարգսյանի պաշտպաններից Աշոտ Սարգսյանը։

Նշենք, որ Լևոն Սարգսյանը մեղադրվում է Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա 12 տարի առաջ ավազակային հարձակում պատվիրելու և ղեկավարելու մեջ։ 2011 թվականին այս գործով 10 անձ, որոնց թվում՝ Արա Կարապետյանը, մեղավոր է ճանաչվել և դատապարտվել։

Վերը նշված դեպքերից շուրջ տասը տարի անց՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Կարապետյանը Սարգսյանի դեմ ցուցմունքներ է տվել, ըստ որում՝ ոչ միայն Արմեն Ավետիսյանի տան վրա հարձակման, այլ նաև Մարտի 1-ի գործով։

Աշոտ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Լևոն Սարգսյանին Հայաստանին արտահանձնելու հենց առաջին օրը վերջինս ԱԱԾ-ում ցուցմունք է տվել Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման գործով, իսկ երկրորդ օրը նրան տարել են Հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործով հարցաքննության։

Նշենք, որ Արա Կարապետյանը Մարտի 1-ի գործով ցուցմունք է տվել այն մասին, որ Լևոն Սարգսյանը զենք, ինչպես նաև զինվորական համազգեստ է բաժանել։ Այս հանգամանքի մասին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստերից մեկից հետո՝ լրագրողների հետ զրույցում խոսել է նաև դատախազ Արթուր Դավթյանը՝ միաժամանակ հայտնելով, որ Սարգսյանին այս դրվագով մեղադրանք առաջադրված չէ։

Աշոտ Սարգսյանը նշեց, որ Լևոն Սարգսյանը Մարտի 1-ի գործով ցուցմունք չի տվել, քանի որ Կոնվենցիան, որի հիման վրա նա Ռուսաստանի Դաշնությունից արտահանձնվել է Հայաստանին, նախատեսում է, որ Սարգսյանին իրավունք ունեին միայն այն գործով մեղադրանք առաջադրել, որով արտահանձնվել է, իսկ Լևոն Սարգսյանին տրված հարցերը, պաշտպանի գնահատմամբ, ակնհայտորեն կասկածյալին վերաբերող հարցեր են եղել։

Նշենք, որ այսօր դատարանում նշանակված էր Լևոն Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, վերահաստատելու կամ անփոփոխ թողնելու հարցով դատական նիստ։ Գործով դատախազը դիրքորոշում է հայտնել, որ Սարգսյանը պետք է շարունակի գտնվել կալանքի տակ, իսկ նրա պաշտպաններ Աշոտ Սարգսյանն ու Դավիթ Կարապետյանը դիրքորոշում են հայտնել, որ առկա չէ հիմնավոր կասկած այն մասին, որ Սարգսյանը կատարել է իրեն վերագրվող արարքը։ Պաշտպանները նաև միջնորդել են գրավ կիրառել Սարգսյանի նկատմամբ, եթե դատարանն, այնուամենայնիվ կհամարի, որ հիմնավոր կասկած առկա է:

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Հիշեցնենք, որ Սարգսյանը Արմեն Ավետիսյանի տան վրա հարձակման գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 2018 թվականին։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, 2019-ի նոյեմբերին նա Մոսկվայում ձերբակալվել, կալանավորվել, ապա տեղափոխվել է Հայաստան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter