HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սերգեյ Լավրով. Ռուսաստանը շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության շուրջ խորացնել Իրանի հետ երկխոսությունը

Մոսկվան և Թեհրանը հետաքրքրված են տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ երկխոսության խորացման հարցում, ներառյալ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այդ մասին երեքշաբթի՝ հունվարի 26-ին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ։

«Հաշվի առնելով մեր երկրների դերը մեզ շրջապատող տարածաշրջանում՝ մենք շահագրգռված ենք նման հարցերի շուրջ երկխոսության խորացմամբ, ինչպիսիք են Պարսից ծոցում անվտանգությունը, աֆղանական հակամարտությունը և, իհարկե, կարելի է քննարկել այն իրավիճակը, որն առաջացել է Լեռնային Ղարաբաղի շուրջ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանն Իրանի հետ խորհրդակցություններ է անցկացնում սիրիական հակամարտության, Եմենում առկա իրավիճակի, Մերձավոր Արևելքում ստեղծված դրության մասով։ Լավրովը նաև նշել է, որ երկկողմ ֆորմատով ռուս-իրանական համագործակցության խորացումն արտահայտվում է ահաբեկչության, նարկոբիզնեսի և կազմակերպված հանցավորության այլ տեսակների դեմ պայքարում։

Ռուսաստանի և Իրանի արտաքին գերատեսչական մարմինների ղեկավարները քննարկել են նաև Իրանի միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը կարձագանքի ԱՄՆ-ի կառուցողական քայլերին, սակայն դրանք դեռևս հայտարարությունների մակարդակում են։ «Այն, ինչ մենք լսել ենք ԱՄՆ նոր վարչակազմից, միայն խոսքեր են։ Մենք կարձագանքենք գործողություններին»,- նշել է Զարիֆը։ Զարիֆը հավելել է, որ իրանական կողմի արձագանքը կլինի այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը չեղարկի «ոչ լեգիտիմ միակողմանի պատժամիջոցները, որոնք հակասում են 2231 բանաձևին»։

Զարիֆի խոսքերով՝ չնայած այն բոլոր ջանքերին, որոնք ներդրել է Իրանը, եվրոպական երկրները չեն կարողացել ամբողջությամբ իրականացնել իրենց  պարտականությունները։ Իրանի ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ եթե առաջիկայում չձեռնարկվեն կոնկրետ գործողություններ, Իրանը կսկսի քսան տոկոսանոց ուրանի արտադրություն։

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկեն հունվարի 19-ին հայտարարել էր, որ Բայդենը կհասնի Իրանի հետ նոր երկարատև համաձայնագրի ստորագրմանը՝ միջուկային գործարքի հիման վրա։ Նա ընդգծել էր, որ Վաշինգտոնն այդ նպատակով խորհրդակցություններ կանցկացնի ԱՄՆ Կոնգրեսի, Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների հետ։ 

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter