HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Տարեցների համար նախատեսված 3 փոքր տները մնում են չվերանորոգված ու չբնակեցված

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից Արմավիրի մարզի Մրգաստան, Ակնաշեն և Գեղակերտ համայնքներում տարեցների խնամքի ծառայություններ մատուցելու նպատակով գնված փոքր տները շարունակում են մնալ չվերանորոգված և չբնակեցված: Սակայն Մրգաստան և Գեղակերտ համայնքների փոքր տների վերանորոգման վերաբերյալ կան նախագծեր, որոնք քննարկման փուլում են։ 

«Նախագծերի հաստատումից և վերակառուցման ու վերանորոգման աշխատանքներից հետո դրանք կտրամադրվեն շահագործման»,- տեղեկացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը:

Նշենք, որ 2021-2023թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի 2021թ. համար, որպես շուրջօրյա խնամքի հաստատություններին այլընտրանք, փորձնական ծրագրով նախատեսվում է ստեղծել խնամքի համայնքային 5 փոքր տուն՝ 50 տարեցի բնակության և համապատասխան ծառայություններ տրամադրելու համար: Երեք տունն արդեն գնվել է Արմավիրի մարզում: Նախարարության փոխանցմամբ, ծրագրի շրջանակներում, այլ տներ ձեռք չեն բերվել:

Հիշեցնենք, որ «Հետք»-ի՝ «Սոցապը 6 ամիս առաջ «հրատապ» կարգով տարեցների համար տներ է գնել, սակայն դրանք մինչ օրս բնակեցված չեն» հրապարակման հիման վրա հարուցվել է քրեական գործ:

Դատախազությունից փոխանցում են, որ աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ չափորոշիչներին չհամապատասխանող ապրանքեր ձեռք բերելու դիմաց անհիմն 53 մլն 680 հազար դրամ վճարելու դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է 2020թ. օգոստոսի 28-ին:

Նշված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան։ Հանցագործությամբ պատճառված նյութական վնասի չափը պարզելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ։ Նշենք, որ քրեական գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Նախաքննությունը շարունակվում է։

Գրել էինք, որ հայտարարված «հրատապ մեկ անձ» գնման ընթացակարգով փոքր տների մատակարարման համար հայտ ներկայացրած «Լեքսհաբ» ՍՊԸ-ն գնահատող հանձնաժողովի կողմից ճանաչվել էր հաղթող՝ Ակնաշեն և Մրգաստան համայնքներում գտնվող երկու տուն մատակարարելու համար՝ համապատասխանաբար 26 մլն 950 հազար և 26 միլիոն 730 հազար դրամ գնային առաջարկներով։

Նախարարության և ընկերության միջև 2019թ. կնքված՝ անշարժ գույքի մատակարարման պայմանագրով ընկերությունը պարտավորվել էր նախարարությանը մատակարարել փոքր տները, որոնք պետք է ունենային առնվազն երկու սանհանգույց և պիտանի լինեին բնակության համար։ Նախարարության ներկայացուցիչը տվել էր պայմանագրի կատարման արդյունքի վերաբերյալ առանց ամսաթվի թվագրման դրական եզրակացություն, անհամապատասխանությունների մասին գրառումներ չէին կատարվել, և պայմանագրով նախատեսված գումարն ամբողջությամբ վճարվել էր ընկերությանը։

Նախարարության ներկայացուցչի և ընկերության տնօրենի միջև կնքվել էր հանձնման-ընդունման ակտ, որով, ի թիվս այլնի, արձանագրվել էր, որ պայմանագրի շրջանակներում ընկերությունը նախարարությանն է հանձնել երկու առանձնատուն, որոնք պիտանի են բնակության համար և ունեն երկու սանհանգույց։ Մինչդեռ, պարզել էինք, որ ձեռք բերված տներից մեկի տանիքն ու բնակելի հատվածն ունեն վերանորոգման կարիք, իսկ մյուսն ունի խիստ վերանորոգման կարիք՝ պատուհանները հին են ու փայտից, տեղ-տեղ բացակայում են դրանց ապակիները, փոխարենը փակցված են պոլիէթիլենային տոպրակներ, տանիքը վնասված է, առաջին հարկը անխնամ տեսք ունի, խոնավությունից թափված է պատերի, առաստաղի ծեփը, վնասված է հատակը, պատշգամբը և առաջին հարկից բարձրացող աստիճանները չունեն նորմալ բազրիքներ, առաջին հարկում թեև կան սանհանգույցի համար նախատեսված տեղեր, սակայն միայն դատարկ պատեր են, ներսում վիճակը բարվոք չէ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter