HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Երկաթուղին չի խանգարի Հյուսիս-հարավի կառուցմանը․ ծրագրում փոփոխություններ չեն նախատեսվում

Հայաստանի հյուսիսն ու հարավը կապող նոր մայրուղու կառուցապատման ծրագրում փոփոխություններ նախատեսված չեն։ Հայաստան-Նախիջևան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղային կապ ստեղծելու պայմանավորվածությունը բացասաբար չի անդրադառնում Հյուսիսի-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ծրագրի վրա։

Պատերազմն Արցախում դադարեցնելու մասին նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո օրակարգ մտավ Հայաստանը՝ ՌԴ-ին և Իրանին, իսկ Ադրբեջանը Նախիջևանին և Թուրքիային կապող երկաթուղային կապի հարցը։ Հունվարի 10-ին էլ ընդունված եռակողմ հայտարարությամբ էլ արձանագրվեց երկաթուղային կապի ստեղծման ճանապարհային քարտեզը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին գրավոր երկու հարց ենք ուղղել։ 

  • Տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման պայմաններում ի՞նչ ճակատագիր է ունենալու «Հյուսիս-հարավ» ծրագիրը։
  • Արդյո՞ք քննարկվել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի դեռևս չկառուցված հատվածների(Հատկապես Տրանշ 4-ի)կառուցման անհրաժեշտությունը։

Հարցերին մեկ նախադասությամբ պատասխանել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը․ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը գտնվում է իրականացման փուլում և ծրագրի իրականացման հետ կապված, այդ թվում՝ տրանշ 4-ի դեռևս չկառուցված հատվածների մասով, փոփոխություններ չեն նախատեսվում»։

«Հյուսիս-հարավ» ծրագիրը բաղկացած է 5 տրանշից։ Չորրոդ տրանշը Արտաշատից Սյունիքի մարզի Ագարակ քաղաք ընկած հատվածն է։ Դա էլ բաղկացած է 3 ենթահատվածից՝ Արտաշատ-Սիսիան, Սիսիան-Քաջարան, Քաջարան-Ագարակ։ Առաջին երկուսը հեռանկարային ծրագրեր են, որոնց ֆինասավորման աղբյուրները դեռ հայտնի չեն։ Քաջարան-Ագարակ հատվածի կառուցումը ֆինանսավորվում է կառավարության և Եվրասիական զարգացման բանկի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 184 մլն 700 հազար ԱՄՆ դոլար, այդ թվում՝ վարկային միջոցներ 150 000 000 ԱՄՆ դոլար և Հայաստանի Հանրապետության համաֆինանսավորում 34 700 000 ԱՄՆ դոլար: Նախատեսվում է կառուցել 100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատված (Ագարակ-Վարդանիձոր-Քաջարանի նախատեսվող թունելի մուտք): Քաջարան-Ագարակ հատվածի մանրամասն նախագծման համար 2018 թվականին հայտարարվել է միջազգային մրցույթ: 2019 թվականի փետրվարին մրցույթի արդյունքները ամփոփվել են: Ներկայում ընթանում են նախագծային աշխատանքները, որն իրականացվում է իտալական «Այ Առ Դի Ինջենիրինգ» և «Ջի Փի Ինջեներիա» ընկերությունների կողմից։

«IRD Engineering» ընկերությունն իր աշխատանքը նկարագրում է հետևյալ կերպ․ «IRD Engineering թիմը նախապատրաստում է նախնական և մանրամասն նախագծային փաստաթղթեր Տրանշ-4 «Քաջարան-Ագարակ» (45 կմ) հատվածի համար, ներառյալ 6 կմ երկարությամբ թունելի նախագծի պատրաստումը: Բացի այդ, մեր թիմը նաև կապահովի կառուցվելիք 32 կմ երկարությամբ ճանապարհի հեղինակային հսկողությունը»։

Տարածքային կառավարման նախախարարության պատրաստած՝ միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային ծրագրերի վերաբերյալ տեղեկանքում անդրադարձ կա նաև «Հյուսիս-հարավ» ծրագրի 4-րդ տրանշին։ Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման ծրագրի (Տրանշ 4) Ագարակ-Քաջարան ճանապարհահատվածի վերակառուցման նախագծման աշխատանքները մեկնարկել են 2019թ. սեպտեմբերին։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել 15 ամսվա ընթացքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter