HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացուն պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու դեպքով հարուցվել է քրեական գործ

Քրեական գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այն է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:

Ֆելիքս Հայրապետյանը մի քանի օր շարունակ՝ սկսած 2020թ. հունիսի 16-ից, ջերմել է և վատացել է ինքնազգացողությունը: Սակայն ինչպես պնդում են հարազատները, ոչ պոլիկլինիկայից և ոչ էլ շտապ օգնության ծառայության կողմից բժշկական օգնություն չի ստացել։ Հարազատները բազմիցս զանգահարել են ինչպես պոլիկլինիկա և Ֆ․ Հայրապետյանին բուժող բժշկին, այնպես էլ շտապ օգնություն։ Վերջիններս, սակայն տեղեկացրել են,  որ շտապ օգնության մեքենա հնարավոր է ուղարկել միայն 3 օր ջերմելուց հետո, իսկ այդ ընթացքում անհրաժեշտ է Covid-19-ի թեստ հանձնել:  

«Այսինքն, ներպետական կարգավորումներն այնպիսին են եղել, որ անձը պետք է մի քանի օր ջերմի, ինչից հետո նոր հնարավոր կլիներ հոսպիտալացնել, իսկ այդ ընթացքում փաստացի հիվանդի օրգանիզմը հյուծվել է և առողջական վիճակը կտրուկ վատացել»,-«Հետք»-ի հետ զրույցում ասում է Ֆ Հայրապետյանի իրավահաջորդի՝ դստեր շահերը ներկայացնող «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Հասմիկ Հարությունյանը:

Չնայած 2020թ հոկտեմբերի 10-ին հարուցվել է քրեական գործ, սակայն մինչ օրս տուժողի կարգավիճակ դուստրը չի ստացել։

Հ. Հարությունյանի փոխանցմամբ՝ հիվանդության առաջին նշաններն ի հայտ գալուն պես, չնայած մասնավոր ու պետական առողջական հիմնարկներ զանգերին ու խնդրանքներին՝ որևէ բուժօգնություն չի ցուցաբերվել։

Հարությունյանը պատմեց, որ հունիսի 19-ին հիվանդին տեղափոխել են «Մեդլայն կլինիկայի» Դավթաշենի կենտրոն, որտեղ հանձնել է «Covid-19»-ի թեստ: Թեստի պատասխանը ստացվել է միայն հունիսի 23-ին: Նույն օրը հիվանդը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ ՝ բուժման։ Մինչև թեստի պատասխանի ստացումը, հիվանդը բուժում չի ստացել:  

«Չնայած, որ արդեն հաստատված թոքաբորբ է եղել, սակայն որևէ բուժում չի արվել։ Բուժման մասին հարազատին որևէ տեղեկություն այդ ընթացքում չեն տվել։ Հունիսի 20-ին արդեն հիվանդի մոտ սկսվել է դեսատուրացիա և շնչառության դժվարացում: Բուժման նպատակով աղջիկը փորձել է իր հորը տեղափոխել մեկ այլ հիվանդանոց, սակայն կրկին թույլ չեն տվել, պատճառաբանելով թեստի բացակայությունը»,-ասում է Հասմիկ Հարությունյանը:

Փաստացի բուժում իրականացվել է միայն կորոնավիրուսի առաջին նշաններից 8 օր հետո, երբ հիվանդի առողջական վիճակն արդեն խիստ վատացել է, և թոքերը վնասված են եղել։

81-ամյա Ֆ․ Հայրապետյանը մահացել է 2020թ. հուլիսի 4-ին։ Արձանագրվել է՝ «SARS CoV2 ասոցացված երկկողմանի պոլիսեգմենտար պնևմոնիա, ինտոքսիկացիա: ՍԻՀ; Սրտամկանի տարած ինֆարկտ: Կորոնար անգիոպլաստիկա /2010/: Հարաճուն շնչառական անբավարարություն»:

Հարազատները դիմումով առողջապահության նախարարությունից խնդրել են իրականացնել դիահերձում՝ Ֆ․ Հայրապետյանի մահվան պատճառի հստակեցման և լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով։

Հուլիսի 10-ին առողջապահության նախարարությունից պատասխանել են, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված ախտորոշմամբ անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չեն իրականացվում»:

Գործով զբաղվող իրավաբանն ասում է, որ հանցագործության մասին հաղորդումը ներկայացրել են՝ հիմք ընդունելով դեպքի հանգամանքներն ու համապատասխան ներպետական կարգավորումները, ինչպես նաև կյանքի իրավունքի ու բուժսպասարկման վերաբերյալ գործող միջազգային ստանդարտները և այն, որ մահվան պատճառը փարատված չէ։ 

«Ակնկալում ենք, որ հարուցված քրեական գործի ընթացքում պատասխան կտրվի այն հարցին, թե արդյոք 8 օրերի ընթացքում Ֆ Հայրապետյանը պատշաճ բուժօգնություն ստացե՞լ է, թե՞ ոչ։ Եթե այո, ապա արդյոք այն համահու՞նչ է եղել իր տարիքին ու առողջական վիճակին։ Հիվանդության ընթացքը, պետական մարմինների անգործությունն ու ձեռնարկված ուշացած քայլերը հիմք են տալիս ասելու, որ պետությունն՝ ի դեմս ներգարվված մարմինների, ի վիճակի չի եղել ապահովել Ֆ Հայրապետյանի կյանքի իրավունքի պաշտպանությունը, ինչի վերաբերյալ մանրամասները ակնկալում ենք ստանալ գործի արդյունավետ քննությունից»,-ասում է Հասմիկ Հարությունյանը:

Իրավաբանը նշում է, որ Հանապետությունում կորոնավիրուսի դեմ տարվող ամբողջ պայքարի ընթացքում բարձրացվել է կյանքի իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը, ինչի առնչությամբ այս դեպքով հարուցված քրեական գործը նախադեպային բնույթ է կրում:

Քրեական գործից բացի Ֆ. Հայրապետյանի դուստրը՝ Արուսյակ Հայրապետյանը, երկու հայցադիմումներ է ներկայացրել նաև վարչական դատարան: Մեկով տեղեկատվություն է պահանջում բժշկական կենտրոնից, մյուսով վիճարկում է առողջապահության նախարարի 21.05.2020թ. N-1606-Ա հրամանն ու դրանից բխող փոփոխությունների իրավաչափությունը:

Հասմիկ Հարությունյանի փոխանցմամբ՝ 2020թ. օգոստոսի 10-ին Ֆ Հայրապետյանի դստեր կողմից տեղեկատվության հարցում է ներկայացվել «Մեդլայն Կլինիկա» և «Էրեբունի» ԲԿ՝ փորձելով ստանալ Ֆ Հայրապետյանի հիվանդության պատմությունը, բուժման ընթացքի և իրականացված միջոցառումների ու բուժման վերաբերյալ տեղեկություններ։

Պատասխան գրությամբ «Մեդլայն Կլինիկայից» տեղեկացրել են, որ որևէ տեղեկություն չի տրամադրվի, քանի որ պահանջված տվյալները համարվում են բժշկական գաղտնիք։

Մերժման որոշումը ներկայումս վիճարկվում է վարչական դատարանում, որտեղ դատարանից պահանջվել է «Մեդլայն Կլինիկա» ԲԿ ՍՊԸ-ին և առողջապահության նախարարությանը պարտավորեցնել տրամադրել 2020թ. օգոստոսի 10-ին Ֆ Հայրապետյանի դստեր կողմից կատարված հարցմամբ պահանջված տեղեկություններն ամբողջ ծավալով:

Գործով պատասխանող ներգրավվել է նաև առողջապահության նախարարությունը, քանի որ նախարարի հրամանով՝ «Մեդլայն Կլինիկա» սահմանափակ ՍՊԸ-ն ներառվել է այն բժշկական հաստատությունների ցանկում, որոնք պետք է ապահովեն կորոնավիրուսային հիվանդությամբ կասկածելի դեպքերի ընդունումը և ունեն անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման կարիք:

«Հրամանով նախատեսվող կարգավորումը և առողջապահության նախարարության կողմից կլինիկային նման իրավասությամբ օժտելը թույլ է տալիս պնդել, որ տվյալ պարագայում՝ այդ հրամանից բխող իրավահարաբերություններում ու հարցերում նախարարությունը կլինիկայի համար հանդիսացել է վերադաս մարմին: Վերջինիս դելեգացրել է գործառույթներ ու իրավասություններ, որոնցով կլինիկան օժտված չէր լինի, եթե չլիներ համապատասխան նորմատիվային հիմքը՝ ընդունված նախարարության կողմից»,-ասում է Հասմիկ Հարությունյանը:

Մյուս գործով վարչական դատարանում վիճարկվում է վերոնշյալ հրամանների առանձին դրույթների և կարգավորումների իրավաչափության հարցը։

Արուսյակ Հայրապետյանի ներկայացուցիչները Վարչական դատարան ներկայացված հայցադիմումով պնդում են, որ համավարակի ընթացքում առողջապահության նախարարության կողմից որդեգրած քաղաքականությունն ունակ չի եղել պատշաճ արձագանքել բնակչության առողջական խնդիրներին և արդյունավետ լուծումներ առաջարկել՝ կոնկրետ անձանց կարիքներից ելնելով:

«Հետագա ընթացքը և բարձրացված հարցերի պտասխանները կստանանք գործի քննության ու ելքի արդյունքում»,- հավելում է Հ. Հարությունյանը:

Փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաև «Մեդլայն Կլինիկաից», սակայն մեզ չհաջողվեց կապ հաստատել պատասխանատուների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter