Սերժ Սարգսյանն ընդունել է Սերգեյ Լավրովին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:
Զրուցակիցները հանդիպման սկզբում շնորհավորել են միմյանց Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 20 տարի առաջ հենց այս օրը դիվանագիտական հարաբերությունների հաստատման կապակցությամբ:
Սերժ Սարգսյանը և Սերգեյ Լավրովը երկուստեք ընդգծել են, որ ՀՀ և Ռուսաստանի միջև քաղաքական երկխոսությունը առևտրատնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական, հումանիտար ոլորտներում ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում, նաև դինամիկ զարգացող համագործակցությունը վկայում են երկու ժողովուրդների և պետությունների միջև առկա ռազմավարական գործընկերության և ամուր դաշնակցային փոխհարաբերությունների մասին: Այդ հանդիպումները տարեցտարի ամրապնդվում են երկու երկրների նախագահների միջև պարբերաբար տեղի ունեցող բարձր մակարդակի հանդիպումներով:
Սերգեյ Լավրովը տարին հոբելյանական է համարել նաև ս.թ. օգոստոսին լրացող Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված պայմանագրի 15-ամյակի առիթով: Նա նշել է, որ հոբելյանական տարում այդ կապակցությամբ կազմակերպվող միջոցառումները համատեղվում են համագործակցության առավել զարգացմանն ուղղված որոշակի ծրագրերի իրագործմամբ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել