HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վահան Բադասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Ազատամարտիկ Վահան Բադասյանին երեկ ուշ երեկոյան մեղադրանք է առաջադրվել և նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Բադասյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։ Բադասյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ, այսինքն՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Հիշեցնենք, որ Բադասյանը երեկ բերման է ենթարկվել Ազգային անվանգության ծառայություն՝ «Եռաբլուրում» լրագրողներին տված հարցազրույցից հետո, որում ասել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել ոչ միայն որպես պարտության սիմվոլի, այլ նաև թշնամու: Լրագրողի հարցին, թե հեռացնելու ի՞նչ ճանապարհներ կան, Բադասյանը պատասխանել է, թե ճանապարհները տարբեր են՝ ընդհուպ ֆիզիկապես հեռացնելը։

«Այսինքն՝ դա ենթադրում է, որ թշնամուն մենք պետք է վերացնենք... այո, նաև զենքի միջոցով... այո՛, ես սպառնալիքի կոչեր եմ անում և գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»,- հայտարարել է Վահան Բադասյանը, նաև նշել, որ ինքը պատրաստ է դա անել։

«Բադասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, ընկճված չէ, ինքը կհիմնավորի, որ ոչ միայն հանցանք չի գործել, այլ նաև՝ իր հարցազրույցում ասվածը չի կարող որակվել որպես հանցանք, որը նախատեսված է Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով»,- ասաց Արայիկ Պապիկյանը։

Նշենք, որ այս պահին դեռևս հայտնի չէ, թե երբ և որ դատավորը պետք է քննի կալանավորման միջնորդությունը։

Բադասյանի լուսանկարը՝ Ֆոտոլուրից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter