HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նախագահ չունի. թեկնածուներից ոչ ոք բավարար ձայներ չի հավաքել

Այսօր Երեւանի պետական համալսարանում տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի նիստ, որի օրակարգում՝ երկրորդ հարցով խորհրդի նախագահի ընտրության հարցն էր։ Առաջադրված երկու թեկնածուներից ոչ մեկը բավարար ձայներ չհավաքեց։ 

Նիստը նախագահող Անահիտ Չուբարյանն առաջադրեց Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ. դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի թեկնածությունը, իսկ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը՝ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի թեկնածությունը։

Նախագահի թեկնածու Հայկազ Նավասարդյանը ներկայացրեց իր աշխատանքային բնութագիրը, գործունեությունը, ապա թվարկեց, թե ինչ փոփոխություններ է պետք կատարել, թե՛ ԵՊՀ-ին, թե՛ կրթության ու գիտության ոլորտում։ Ըստ Նավասարդյանի՝ ֆիզիկայի ֆակուլտետն ավարտող ուսանողներն ընտրում են ծրագրավորման ոլորտը. «Ինժեներությունը մեզ մոտ շատ թույլ է, ինժեներություն ասելով՝ ես նկատի ունեմ ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, մաթեմատիկայի, ծրագրավորման համատեղ առաջացրած ամբողջություն։ Ցավոք սրտի, թույլ լինելուն ականատես եղանք նաեւ աշնանային դեպքերի ժամանակ»,- նշեց Նավասարդյանը՝ հավելելով, որ դպրոցի ու ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության միջեւ համագործակցությունը շարունակվում է։ Ըստ Նավասարդյանի՝ ԵՊՀ-ն պետք է լինի անվճար, որպես մայր բուհ, բայց ընդունելությունը լինի խիստ սահմանափակ։ Վերջինիս խոսքով՝ պետք է ամեն ինչ անել համալսարանի «կողքին կանգնելու» համար, եւ աջակցել համալսարանին՝ հանդես գալով առաջարկներով, բարձրացնել հարցեր։

Այնուհետեւ իր կեսնագրությունը ներկայացրեց խորհրդի նախագահի մյուս թեկնածու Կառլեն Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ խորհուրդը պետք է ուշադրության կենտրոնում պահի համալսարանի կառավարման արդյունավետության բարձրացումը, եւ պետք է փորձել հասկանալ, արդյոք այն կառուցվածքը, որը կա համալսարանում, օպտիմալ է, եւ կարող է լուծել առաջացած խնդիրները։ Անդրադարձավ նաեւ վարչական օղակներում ղեկավարների ընտրության մրցութային կարգի ներդրմանը, որը ըստ նրա՝ կնպաստի կառավարման արդյունավետության բարձրացմանը։ Նշեց, որ առկա ֆինանսական ռեսուրսները պետք է արդյունավետ կառավարել, մյուսը կողմից՝ օգտագործել անձնական կապերը, եւ լրացուցիչ ռեսուրսներ հայայթել, որտեղ յուրաքանչյուր անդամ իր անելիքը կունենա։ Նա անդրադարձավ այն հարցին, որ 2020-ին ավարտվել է համալսարանի ռազմավարական ծրագրի գործողության ժամկետը, եւ այս պահին համալսարանը հեռանկար, տեսլական չունի։ Վերջինիս խոսքով՝ կարեւոր է այս փաստաթղթի ստեղծումը, որը կազմում է ռեկտորի, դասախոսների, ուսանողների ներգրավմամբ։ Ըստ նրա՝ հոգաբարձուների դերն այս գործում՝ նախանշել հիմնական ուղղությունները, որի հիման վրա փասաթուղթը կձեւավորվի։

Խաչատրյանը կարեւորեց համալսարանի շրջանավարտների ներուժի օգտագործմանը, ինչպես աշխատանքի մեջ նրանց հնարավորություն ստեղծելու, այնպես էլ պրակտիկ հմտություններ տալու հարցում։ «Վստահ եմ, որ առանց աշխատաշուկայի, առանց գործատուների հետ կապի ամրապնդման, մենք որակյալ կրթություն տալ չենք կարող ունենալ, մեր կրթությունն աշխատաշուկայի պահանջներին լիարժեքորեն չի համապատասխանելու։ Յուրաքանչյուրս այս գործում անելիք ունենք, որպեսզի բիզնեսը մտնի կրթական տարածք ու կադրեր պատվիրի», - նշեց Խաչատրյանը։

Իր տեսլականում նշեց նաեւ համալսարանի միջազգայնացման հարցը, եւ ԵՊՀ-ի դերի բարձացումը։

Խորհրդի 32 անդամներից ներկա էին 29-ը։ Քվեարկությունն անցակցվեց փակ։ Քվեարկության արդյունքների համաձայն՝ Հայկազ Նավասարդյանը հավաքեց 14, իսկ Կառլեն Խաչատրյանը՝ 15 ձայն, ինչը, ըստ կանոնակարգի, բավարար չէ նախագահ ընտրվելու համար։ Նախագահ կարող է ընտրվել այն անդամը, որը հավաքել է ընդհանուր անդամների ձայների մեծամասնությունը, այսինքն պետք է ունենար 17 ձայն։

Լուսանկարը՝ ԵՊՀ-ի կայքի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter