HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Համայնքները խոշորացնելու իշխանության քաղաքական նպատակահարմարության մոդելը

Կառավարությունը քննարկման է ներկայացրել համայնքների խոշորացման նոր նախագիծը, ըստ որի՝ 186 համայնքների միավորումից ձևավորվելու է 11 համայնք: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) այս նախագծով որոշ համայնքներ երկրորդ անգամ են խոշորացվելու, այն դեպքում, երբ հանրապետությունում 2015թ.-ից սկսված համայնքները խոշորացնելու փուլային գործընթացն ավարտին չի հասցվել:

Փաստերի վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը համայնքների միավորման այս նախագիծը կազմել է՝ շրջանցելով համայնքների միավորման հայեցակարգային մոտեցումները և սահմանված բոլոր չափորոշիչները, իսկ միավորելու մոդելներից ընտրել է սեփականը՝ քաղաքական նպատակահարմարության մոդելը:

ՏԿԵ նախարարությունը խոշորացված համայնքը կրկնակի խոշորացնելու որևէ փաստարկ չի ներկայացրել: Չի հիմնավորել, թե ինչու է որոշվել 2015թ.-ին խոշորացված Լոռու մարզի Թումանյան համայնքի հետ նոր գյուղեր միավորել, 2017թ.-ին փնջային մոդելով խոշորացված Կոտայքի մարզի Ակունք, Եղվարդ, Մեղրաձոր և այլ համայնքները մեկ անգամ ևս միավորել նոր ձևավորվող համայնքների հետ: Նախորդ իշխանությունը խիստ քննադատվել էր համայնքները խառը մոդելներով կամ ըստ նպատակահարմարության միավորելու համար: Նախորդների կիրառած անընդունելի մոտեցումները և սխալների կրկնությունը թույլ չտալու համար, երկու տարի առաջ հարկ համարեցինք դրանք առանձին հրապարակումով ներկայացնել իշխանության եկած նոր քաղաքական ուժին: Սակայն, նրանց կազմած այս նախագիծը շատ ավելի վատ երևույթներ ի հայտ բերեց, քան համայնքների խոշորացման հայեցակարգային դրույթները խախտելու նախկինում մեզ հայտնի բոլոր դեպքերը:

Ասվածը դիտարկենք Կոտայքի մարզում երեք նոր ձևավորվելիք համայնքների օրինակով՝ Ծաղկաձոր, Նաիրի և Աբովյան: Ձևավորվելու են տարածքային առումով և բնակչության թվաքանակով խիստ անհամաչափ համայնքներ, որի նպատակն, անշուշտ, տեղական ինքնակառավարումը բարեփոխելը չէ: Ընդհակառակը, անհամաչափությունը խոչընդոտելու է տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ապակենտրոնացմանը՝ կրթական, սոցիալական, առողջապահական ծառայությունները համայնքային կառավարմանը հանձնելուն, որի համար առաջ մղվեց խոշորացման գաղափարը:

Այսպես. Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Մեղրաձոր համայնքները միավորվելու են մեկ համայնքում, ինչպես նախագծում է ներկայացվում՝ միավորվում է 2 համայնք: Այնինչ, Մեղրաձոր համայնքը խոշորացվել է 2017-ին՝ Մեղրաձոր, Աղավնաձոր, Մարմարիկ, Արտավազ, Փյունիկ, Հանքավան գյուղերի միավորումով, որի արդյունքում ձևավորված համայնքն ունի 5704 բնակիչ: Այժմ Ծաղկաձոր զբոսաշրջային կենտրոնը իր 1489 բնակիչներով միավորվելու է Մեղրաձորի հետ և դառնա համայնքային կենտրոն: Այս միավորման արդյունքում ձևավորվող նոր համայնքը կունենա 7193 բնակիչ, իսկ մակերեսը կկազմի 384 քառ.կմ:

Կոտայքի մարզի Նաիրի համայնքը ձևավորվելու է 12 համայնքների միավորումից՝ Եղվարդ, Արգել, Գետամեջ, Թեղենիք, Մրգաշեն, Նոր Արտամետ, Նոր Գեղի, Նոր Հաճն, Պռոշյան, Քանաքեռավան, Քասախ և Քարաշամբ: Այնինչ, Եղվարդը մեկ անգամ արդեն խոշորացվել է 2017թ.-ին, Եղվարդ քաղաքային համայնքի հետ միավորվել են շրջակա 5 գյուղերը՝ Արագյուղ, Բուժական, Զորական, Զորավան, Սարալանջ:

Փնջային մոդելով ձևավորված Եղվարդ համայնքի հետ այս անգամ միավորվելու է ևս 11 գյուղ, որոնց մեծամասնությունը բնակչության թվակազմով մեծ համայնքներ են: Նոր Երզնկա համայնքը, որը 2017թ.-ին, տրամաբանորեն պետք է միավորվեր Եղվարդի հետ, սակայն ինչ-ինչ հաշվարկների արդյունքում դուրս թողնվեց, որպեսզի միավորում կազմեր Պռոշյան և Քասախ գյուղերի հետ, դարձյալ չկա միավորվող գյուղերի ցանկում: Ընդ որում, Պռոշյանն ու Քասախը այս նախագծով միավորվում են Նաիրի անվանված համայնքում, ամբողջացնելով նախկին Նաիրիի շրջանը: Նաիրի համայնքն այս նախագծով կունենա 67 846 բնակիչ, իսկ մակերեսը կկազմի մոտ 99.48 քառ. կմ:

Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքը նախատեսվում է հանձնել Արագածոտնի մարզին՝ միավորելով Աշտարակ համայնքի հետ: Խոշորացման ընթացքում սա առաջին դեպքն է, երբ համայնքը միավորում է կազմելու մեկ այլ մարզի իրեն սահմանակից համայնքի հետ:

Կոտայքի մարզի Աբովյան համայնքը Աբովյան համայնքային կենտրոնով ձևավորվելու է 12 համայնքների միավորումից՝ Աբովյան, Ակունք, Առինջ, Արամուս, Բալահովիտ, Գեղաշեն, Գետարգել, Կաթնաղբյուր, Կամարիս, Մայակովսկի, Պտղնի, Վերին Պտղնի: Համայնքի կազմում ներառված Ակունքը, խոշորացվել է 2017թ.-ին՝ Ակունք, Զովաշեն, Զառ, Կապուտան, Հատիս, Կոտայք, Նոր Գյուղ, Սևաբերդ գյուղերի միավորումով: Բնակչությունը կազմում է՝ 9284 մարդ, մակերեսը՝ 296 քառ. կմ:

Մեկ անգամ արդեն խոշորացված համայնքն այս նախագծով միավորվելու է  մոտ 45 000 բնակիչ ունեցող Աբովյան քաղաքի հետ: Աբովյանի հետ միավորվելու են նաև Առինջ, Արամուս, Բալահովիտ, Գեղաշեն, Գետարգել, Կաթնաղբյուր, Կամարիս, Մայակովսկի, Պտղնի, Վերին Պտղնի համայնքները: Թվարկված 10 գյուղերի բնակչությունը միասին կազմում է՝ 26 470 մարդ: Այսինքն, միավորելուց հետո այս համայնքի բնակչության ընդհանուր թիվը կկազմի 80 685 մարդ, իսկ մակերեսը՝ մոտ 438.36 քառ. կմ:

Համեմատության համար նշենք, որ նախկին Աբովյանի շրջանի բնակավայրերից 2017թ.-ին խոշորացվել է Բյուրեղավանը՝ միավորում կազմելով Նուռնուս և Ջրաբեր գյուղերի հետ: Նոր ձևավորված Բյուրեղավան համայնքն ունի 11 907 բնակիչ:

Նույն թվականին Ջրվեժ, Զովք և Ձորաղբյուր գյուղերի միավորումով ձևավորվել է Ջրվեժ համայնքը՝ 10 346 բնակչով:

Հնարավո՞ր էր այլ մոտեցումով ձևավորել Աբովյան համայնքը, որպեսզի գոնե նախկին Աբովյանի շրջանում ձևավորվող 5 համայնքները տարածքի և բնակչության առումով խիստ անհամաչափություն չունենային, կառավարման նույն մոդելը հնարավոր լիներ հավասարապես կիրառելի դարձնել բոլորի համար: Իհարկե, հնարավոր էր, եթե համայնքը ձևավորելու հիմքում սահմանված չափորոշիչները դրվեին և ոչ թե քաղաքական նպատակը, որին ձգտում է այսօրվա իշխանությունը:

Այս համայնքային միավորումը կազմելով՝ քաղաքական իշխանության համար հավանական է դառնում ընտրությունների միջոցով Աբովյանի ներկայիս համայնքապետից ազատվելը, որին հեռացնելու բոլոր ջանքերը մինչ օրս ձախողվել են, բայց մոռացության չեն տրվել: Ակունք համայնքի 9284 բնակիչներին միավորելով Աբովյան համայնքի նախագծի մեջ մտցված 10 գյուղերի՝ Առինջ, Արամուս, Բալահովիտ, Գեղաշեն, Գետարգել, Կաթնաղբյուր, Կամարիս, Մայակովսկի, Պտղնի, Վերին Պտղնի համայնքների 26 470 բնակիչների հետ, բնակչության թիվը կկազմի 35 754 մարդ: Ընտրությունների ժամանակ դրանով հնարավոր է հակակշիռ ստեղծել Աբովյան քաղաքի 44 931 բնակիչների հետ:

Ի դեպ, եթե նպատակն այդ չլիներ, համայնքների միջև ստեղծված անհամաչափությունն էլ այսքան ակնառու չէր լինի: Աբովյանին միացվող Առինջ, Մայակովսկի, Արամուս, Կամարիս գյուղերը կարելի էր միավորել Ջրվեժ համայնքի հետ, քանի որ դրանք վարչական սահմաններ ունեն:

Եթե ճիշտ չենք մեկնաբանում օրվա իշխանությունների նախագծածի տրամաբանությունը և նրանց նպատակն, իսկապես շատ ավելի խոշոր համայնքներ ձևավորելն է, ուրեմն Ծաղկաձորն ու Մեղրաձորը պետք է միավորել Կոտայքի մարզկենտրոն Հրազդան համայնքի հետ: Հրազդանի բնակչությունը կազմում է 40 011 մարդ, եթե դրան էլ հավելենք Ծաղկաձորի ու Մեղրաձորի ունեցած 7193 բնակիչներին, ընդհանուր կկազմեն 47 204 մարդ:  Ինչպես տեսնում ենք, այս թիվն անգամ կիսով պակաս է նոր ձևավորվելիք Աբովյան համայնքի բնակչության թվաքանակից: Բայց 47 204-ը ավելի ընկալելի է 80 685-ի համեմատությամբ, քան 7193-ը 80 685-ի համեմատությամբ:

Հանրաքվե իրականացրեք, եթե կարող եք

Կառավարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման ներկայացված նախագծին հիմնավորումներ չեն կցվել: Չկա որևէ հետազոտություն, համայնքներում իրականացված հանրային քննարկման արձանագրություն, բնակիչների համաձայնություն ցանկացած ֆորմատով, որի արդյունքները հիմք ընդունելով որոշվել է համայնքները հենց այդ կազմով միավորել: Չի ներկայացվել, թե համայնքները միավորելու մեզ հայտնի երկու մոդելներից՝ փնջային և շրջանային, որն են կիրառել այս միավորումները կազմելիս և որն է դրա նպատակը, կառավարման ինչպիսի արդյունավետություն են ակնկալում այդ միավորումից և այլն:

Ժամանակին, երբ մերժվում էր համայնքները խոշորացնելու շրջանային մոդելը, տեղական ինքնակառավարման փորձագետները մտահոգություն ունեին, որ շատ մեծ համայնքները կարող են խզում առաջացնել տեղական իշխանության և բնակչության միջև: Նախապատվությունը տրվում էր փնջային մոդելին, որովհետև այս մոդելի կիրառման դեպքում տեղական իշխանության հասանելիությունը բնակչությանն ավելի մեծ էր: Անհրաժեշտ էր, որ նոր ձևավորվող համայնքի կենտրոնը միավորվող համայնքի նկատմամբ ունենա կենտրոնական դիրք, առնվազն 3000 բնակիչ, անհրաժեշտ նվազագույն ծավալի ենթակառուցվածքներ և այլն: Այս նախագիծը կազմողները կարևորություն չեն տվել այդ հարցերին, բայց համայնքների բնակիչները նախագծի տակ թողած ընդարձակ մեկնաբանություններում հիշեցրել են գրեթե բոլոր շեղումները: Քննարկման մասնակիցների 97%-ը բացասական է գնահատել նախագիծը:

Համայնքները ձևավորելուն հանրային լսումներ չեն նախորդել, փոխարենը Թումանյանի համայնքապետարանը բնակչությանն իրազեկել է, որ նախագծի վերաբերյալ օրենքի շրջանակներում բնակիչները կարող են հանրաքվե նախաձեռնել:

«Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 7.1. հոդվածով սահմանված է, որ համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության դեպքում համայնքի բնակիչները կարող են տեղական հանրաքվե նախաձեռնել: Հանրաքվեն իրականություն կդառնա, եթե համայնքի ղեկավարը ֆինանսական միջոցներ հատկացնի նախաձեռնողներին կամ նրանց հնարավորություն տա օրինական ճանապարհով գումարներ հայթայթել հանրաքվե իրականացնելու համար: Անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության դեպքում նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը բնակչության շրջանում նախաձեռնությանը միանալու ստորագրահավաք է սկսում և առնվազն 20%-ի համաձայնությունն ապահովելու դեպքում դիմում է ընտրական հանձնաժողով` ստորագրությունների վավերականությունը հաստատելու համար:

Այդքանից հետո, երբ հնարավոր լինի հանրաքվեն իրականություն դարձնել և արդյունքները ներկայացնել Կառավարություն, այստեղ իրավունք ունեն անտեսել տեղական հանրաքվեի արդյունքները, քանի որ այն սույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն, Կառավարության համար ընդամենը խորհրդատվական բնույթ ունի:

Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը, Ծաղկաձոր համայնքի  ղեկավար Արթուր Հարությունյանը և Նոր Հաճն համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանը դիմել են Սահմանադրական դատարան՝  «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1.1, 6-րդ հոդվածի 2-րդ մասի և 8-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։ Սահմանադրական դատարանը հունվարի 22-ին դիմումը քննության է ընդունել:

Նշենք, որ համայնքների ղեկավարների կողմից «Տեղական հանրաքվեի մասին» օրենքի վիճարկվող հոդվածները ընդունվել են 2019թ.-ի դեկտեմբերի 19-ին:

 

 Լուսանկարում՝ Նոր Հաճն քաղաքն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter