HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանին 2 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց

Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին այսօր իր գործով դատական նիստի ընդմիջման ժամանակ լրագրողի հարցին ի պատասխան ասաց Լոռեցյանը: Նա այլ հարցերի չցանկացավ  պատասխանել:

Այս գործով մի քանի նիստ է նշանակվել, սակայն սա առաջին նիստն էր, որին դատավոր Արտուշ Գաբրիելյանը թույլատրեց լրագրողների մուտքը նիստերի դահլիճ։ Մինչ այս պահը կայացած նիստերից մեկով դատավորը փոխել է ամբաստանյալներից Էդուարդ Հովհաննիսյանի խափանման միջոց կալանավորումը, քննարկվել է նաև Գևորգ Լոռեցյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ նրա պաշտպան Լևոն Սահակյանի միջնորդությունը, որը մերժվել է։

Այսօր ամբաստանյալ Էդուարդ Հովհաննիսյանի շահերի պաշտպանության համար նոր պաշտպան էր ներգրավվել, որը միջնորդեց իրեն տրամադրել գործի նյութերն ու խնդրեց ժամանակ՝ դրանց ծանոթանալու համար: Դատարանը պատրաստվում էր հետաձգել գործի քննությունը, սակայն Լևոն Սահակյանը կրկին Գևորգ Լոռեցյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրեց։

Գևորգ Լոռեցյանն արդեն մեկ տարուց ավելի է՝ կալանքի տակ է, մեղադրվում է «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից 2 մլն դրամ կաշառք պահանջելու մեջ։ Էդուարդ Հովհաննիսյանն, որը  փոխնախարարին սպասարկող վարորդն է եղել, մեղադրվում է Լոռեցյանին օժանդակելու, իսկ մյուս ամբաստանյալը՝ Հրաչիկ Քանանյանը, կաշառք տալու մեջ։

ԱԱԾ-ն 2019 թվականի դեկտեմբերի 4-ին հայտնել էր, որ «ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով տնտեսվարողին՝ դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ գումար: Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բերման են ենթարկվել»։ Լոռեցյանին գործով որպես մեղադրյալ ներգրավվելուց որոշ ժամանակ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է նրան ազատել փոխնախարարի պաշտոնից։

Լոռեցյանի խափանման միջոցը վերանելու կամ նրա նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացնելիս՝ Լևոն Սահակյանը նշեց, որ Լոռեցյանի կալանավորման անհրաժեշտության հիմքում դրվում է նրա կողմից գործի քննությանը խոչընդոտելու և թաքնվելու ռիսկը։ Դրական գնահատելով գործով մյուս ամբաստանյալներին՝ Էդուարդ Հովհաննիսյանի և Հրաչիկ Քանանյանի նկատմամբ անազատության հետ չկապված խափանման միջոց ընտրված լինելու հանգամանքը՝ պաշտպանն այնուամենայնիվ մի քանի հանգամանք նշեց՝ ցույց տալու համար, որ Լոռեցյանի և մյուսների նկատմամբ տարբերակված մոտեցում է դրսևորվում:

Մասնավորապես՝ պաշտպանն ընդգծեց, որ Լոռեցյանն անազատության մեջ է, քանի որ, ըստ վարույթն իրականացնողի, նրա կողմից գործի քննությանը խոչընդոտելու ռիսկ է առկա։ Լոռեցյանն, ըստ պաշտպանի, գործով դատակոչված վկաներից 2-ին չի ճանաչում, նրան ճանաչում են Էդուարդ Հովհաննիսյանն ու Հրաչիկ Քանանյանը, սակայն նրանք  ազատության մեջ են, դատարանը նրանց կողմից գործի քննությանը խոչընդոտելու ռիսկ չի տեսնում։

Վկաներից մեկն, օրինակ, Հրաչիկ Քանանյանի աշխատակիցն է, մեկ այլ վկա՝ Էդուարդ Հովհաննիսյանի ընկերը։ Ըստ պաշտպանի՝ թեև նախաքննության ողջ ընթացքում վարույթն իրականանցող մարմինը շեշտել է Լոռեցյանի՝ փոխնախարար լինելու հանգամանքն ու նշել, որ նա կարող է ազատության մեջ անօրինական ազդեցություն ունենալ ՀԳՄՍ նախարարության աշխատակիցների նկատմամբ, այժմ դատակոչված վկաներից միայն մեկն է նախարարության աշխատակից։ Պաշտպանը նաև նշեց, որ Լոռեցյանն այժմ ազատված է փոխնախարարի պաշտոնից, և այս հանգամանքը նվազեցնում է նրա կողմից նախարարության աշխատակցի վրա անօրինական ազդեցություն գործելու ռիսկը։

Լևոն Սահակյանը նաև նշեց, որ Լոռեցյանին վերագրվող հանցանքի ծանրությունն ու դրա համար ակնկալվող պատժի խստությունը չեն կարող նրան ազատությունից զրկելու հիմք լինել․ դրանք պետք է գնահատել գործի այլ հանգամանքների համակցությամբ։

Պաշտպանը միջնորդեց վերացնել Լոռեցյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը կամ նրան 2 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել կամ սահմանել գումարի ավելի մեծ չափ, եթե դատարանն այդպես նպատակահարմար կհամարի։

Դատախազ Գևորգ Սարգսյանն առարկեց միջնորդության դեմ։ Վերջինս նշեց, որ պաշտպանի միջնորդությունը նախորդ դատական նիստերի ընթացքում Լոռեցյանի խափանման միջոցի վերաբերյալ ներկայացված միջնորդությունների բառացի կրկնությունն է։ Դատախազը նաև նշեց, որ պաշտպանը փոխնախարարի անձը, հնարավորությունները, նրան վերագրվող արարքի հանրային վտանգավորությունը համեմատում է նրա վարորդի, վերջինիս արարքի վտանգավորությունը բնութագրող հատկանիշների հետ։

«Չի կարող փոխնախարարի և վարորդի միջև հեղինակության, ազդեցության հնարավորությունների տեսանկյունից համեմատական անցկանցվել, դա անտրամաբանական է»,- ասաց Սարգսյանը՝ դատարանին խնդրելով մերժել միջնորդությունը։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ և վերադառնալով՝ միջնորդությունը մերժելու մասին որոշում հրապարակեց։

Այսպիսով՝ Գևորգ Լոռեցյանը կշարունակի գտնվել կալանքի տակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter